29/04/2025

ԱՄՆ ակտիվության «թեման» Իրանն է

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը մարտի կեսերին Մոսկվա է այցելել եւ Պուտինի հետ հանդիպելուց հետո մեկնել է Բաքու: Գրեթե նույն ժամանակահատվածում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը խոսել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վերջնականացնելու (finalize) եւ հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն իր զինտեխնիկան ժամանակավորապես, մինչեւ աշուն տեղակայելու է Հայաստանում: Չնայած այդ երկրի ՊՆ-ն չի մեկնաբանում այդ լուրը, բայց, հավանաբար, նախատեսվում են հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ:

Այդ ամենի մասին խոսակցությունները մեզանում երբեմն չափից դուրս լավատեսական են, մոտավորապես՝ «Թրամփն արգելել է Ալիեւին՝ հարձակվել Հայաստանի վրա»: Բայց, կարծում եմ, նշված բոլոր իրադարձությունների գլխավոր «թեման» ոչ թե Հայաստանն է, ոչ էլ նույնիսկ Ադրբեջանը:

Թեման Իրանն է, որի հետ ԱՄՆ նոր վարչակազմը ցանկանում է «նոր խաղ» սկսել: Հաշվի առնելով Թրամփի քաղաքական ոճը՝ դա կլինի կարծր ճնշման եւ որոշակի ձեռնտու/ոչ ձեռնտու առաջարկությունների զուգորդում: Այդպես է ԱՄՆ նախագահը գործում Ուկրաինայի հարցում՝ այդ երկրին ռազմական օգնություն չտրամադրելու եւ Ռուսաստանի դեմ նոր՝ առավել «ցավագին» պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներով:

Ընդհանուր առմամբ, նման մարտավարությունը հղի է վտանգներով, եւ չի կարելի վստահաբար ասել, որ այն միանշանակ օգուտներ է բերելու աշխարհին եւ նույնիսկ բուն ԱՄՆ-ին: Բայց մեզ համար ավելի կարեւոր է այն, թե ինչ դեր է նախատեսել ԱՄՆ-ը Հարավային Կովկասի համար՝ Իրանի հետ իր խաղերում:

Մեզ համար, կարծում եմ, առաջնային է, որ մենք որեւէ ձեւով ու որեւէ պարագայում հակաիրանական պլացդարմ չդառնանք. երկարաժամկետ առումով բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ ավելի կարեւոր են, քան հնարավոր այսրոպեական օգուտները: Պարզ է, որ ԱՄՆ-ը իր իրանական ծրագրերի համատեքստում չէր ցանկանա, որ որպես ֆոնային խնդիր, նորից սրվեր հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Բայց նախ՝ այնպես չէ, որ Ադրբեջանի հարձակումը կանխելը Թրամփի (ինչպես եւ Մակրոնի, Պուտինի կամ որեւէ այլ երկրի ղեկավարի) կյանքի նպատակն է: Երկրորդ՝ եթե նույնիսկ այդ մարդկանցից մեկը կեսբերան ասի Ալիեւին՝ «Մի՛ արա», դեռեւս փաստ չէ, որ Ալիեւը չի անի:

Ադրբեջանը (իրականում Թուրքիան), ինչպես տեսանք, ազատ, ինքնուրույն գործելու բավականին մեծ «լյուֆտ» ունի:

Այնպես որ, պետք չէ շատ ոգեւորվել արտաքին ազդակներից: Մեծ հաշվով, հայկական պետականությունը, մեզնից բացի, ոչ մեկին պետք չէ: Կասկածում եմ նաեւ, որ այդ հարցը շատ է հուզում ՀՀ քաղաքացիների զգալի մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ