29/04/2025

Ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ չկա, գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ․ ՊՆ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հրադադարի դեպքերի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող ապատեղեկատվություններին։

Նախարարը նշեց, որ չի կարող գնահատական տալ, թե ինչու են տարածում նման տեղեկություններ, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց՝ Հայաստանը պատրաստ է փաստերի դեպքում ուսումնասիրել, հետաքննել դրանք. «Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակել-չկրակելու մասին, դրա համար պետք են տեսանյութեր, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք ասում են՝ եթե ունեք ապացույցներ, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել, մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ»։

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ չկա․ «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ, այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ: Մամուլում առկա տեղեկատվությունը, որ տեղի են ունենում կրակոցներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում»։

Պապիկյանը ընդգծեց, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյանները կրակոցների կամ սահմանի վերաբերյալ տարածեն միայն ճշգրիտ տեղեկատվություն, իսկ տեղեկատվությունը ճշգրիտ է, եթե այն ճշտված է Պաշտպանության նախարարության հետ:

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը վստահեցրել է, որ գյուղում իրավիճակը հանգիստ է. «Կրակոցների դեպքերի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն է հայտարարություն տարածում։ Իսկ մեզ մոտ մարդիկ իրենց գործերով են զբաղված, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Այսինքն՝ որևէ բան եթե եղած լիներ, անհանգստություն կլիներ մարդկանց շրջանում»։