30/04/2025

Էրդողանը չափազանց բարձր նշաձող է սահմանել՝ ակնկալելով Ղրիմում կառավարման նոր՝ երկհամայնքային մոդելի ներդրում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Եվրամիության առաջնորդների հանդիպմանը, որ ծրագրված է անցկացնել Բրյուսելում՝ մարտի 20-ին:

Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, բայց մերձիշխանական «Հյուրիեթը» գրել է, որ նախագահ Էրդողանը գագաթաժողովին չի մասնակցի, քանի որ Եվրոպայի գլխում պարզություն չկա, նրանք դեռևս չգիտեն, թե ինչ պիտի անեն:

Եվրամիության առաջնորդների գագաթաժողովին Թուրքիայի նախագահի մասնակցության հնարավորությունը քննարկվել է մարտի 12-ին՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Անկարա այցի ընթացքում:

Այդ ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համար ռազմավարական է մնում Եվրամիության անդամակցության նպատակը: Հստակ պայմանավորվածություն, որ նա կմիանա Եվրամիության առաջնորդների գագաթաժողովին, իհարկե, չէր հրապարակվել:

Բայց ընդհանուր տպավորություն կար, որ Թուրքիան Եվրամիության տնտեսական, անվտանգային և Ուկրաինային աջակցության ծրագրերին ներգրվելու նպատակադրվածություն է դրսևորում՝ հաշվի առնելով բազմաթիվ, այդ թվում և ներքին կյանքում էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Եթե «Հյուրիեթի» տեղեկացվածությունը համապատասխանում է իրականությանը, ապա, թերևս, արժե նկատել, որ Էրդողանը Եվրամիությունից «երես է թեքում» ոչ թե նրա համար, որ այնտեղ դեռ չգիտեն, թե ինչ պիտի անեն, այլ ավելի հիմնավոր շարժառիթներով:

ԵՄ գագաթաժողովի նախօրեին Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալությունն, անկասկած, Թուրքիայի, այսպես ասած, քաղաքակրթական ընտրության ցուցադրում է:

Իմամօղլուն Թուրքիայի հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական, կուսակցության ազդեցիկ դեմքերից մեկն է: ԺՀԿ-ն ծրագրում էր արտահերթ համագումար անցկացնել և ներկուսակցական ընտրությամբ որոշել, թե գալիք ընտրություններում ում է նախագահի թեկնածու առաջադրելու:

Իմամօղլուի, նրա հարյուրավոր աջակիցների մեկուսացումը հստակ ազդակ է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի ժողովրդավարացման ոչ մի նպատակ չունի: Դրված է երրորդ ժամկետով Էրդողանի պաշտոնավարումն ամեն գնով ապահովելու նպատակ:

Միջազգային քաղաքական ներկայիս իրողությունների համատեքստում Էրդողանի այդ քայլը, ըստ էության, ուժի ցուցադրություն է: Երևում է՝ Թուրքիայի նախագահի հաշվարկը, որ Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան պայմանավորվածություններն իրեն շրջանցել չեն կարող, գործնականում չի արդարանում:

Ավելին, Իսրայելը Միացյալ Նահանգների բացահայտ հովանավորությամբ վերսկսել է Գազայի դեմ օդային և հրթիռային հարձակումները: Նաթանյահուի այդ քայլը նաև Թուրքիայի մերձավորարևելյան հեղինակության դեմ է, ինչին Եվրամիությունը փաստացի չի ընդդիմանում:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության դեմ կոշտ քայլերը, ըստ երևույթին, շարունակվելու են, բողոքի ակցիաները գնահատվելու են Թուրքիայի հզորության, թուրք ազգի միասնականության դեմ ուղղված ոտնձգություններ: Էրդողանը կենտրոնանալու է ազգայնական-իսլամամետ ընտրազանգվածի կոնսոլիդացիայի խնդրի լուծման վրա:

Այդ կերպ նա, երևի, փորձելու է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի գլոբալ պայմանավորվածությունների թղթապանակում ներդնել Թուրքիայի օրինական շահերի հարցը՝ երկրի ներքին իրավիճակը պահելով «ֆորս-մաժորի սահմանագծին»:

Ոչ ոք թույլ չի անտեսել ութսունհինգ միլիոն բնակչություն ունեցող երկրում «քաոսի սպառնալիքը», որ կարող է հաշված օրերի ընթացքում ճարակել Մերձավոր Արևելքը, շոշափել Հարավային Կովկասը և Իրանը:

Բրյուսելը, անշուշտ, իր ներկա հնարավորություններով նման խնդիրներ կարգավորելու ռեսուրս և անգամ քաղաքական միասնություն չունի: 21-րդ դարի Թուրքիայի տեսլականը դիտարկելի է միայն Թրամփ-Պուտին «գործարքի» շրջանակներում:

Հրաժարվելով Բրյուսելից՝ Էրդողանն, անկասկած, ազդակ է հղել թե՛ Վաշինգտոնին, թե՛ Մոսկվային: Գլոբալ կարգավորմանը Թուրքիայի ներգրավվածությունը, կարծես, ընդունելի է նաև Ուկրաինայի ներկայիս իշխանությունների համար:

Բայց Էրդողանը չափազանց բարձր նշաձող է սահմանել՝ ակնկալելով Ղրիմում կառավարման նոր՝ երկհամայնքային մոդելի ներդրում, որպեսզի հարգվի արմատական թաթար բնակչության քաղաքական ինքնությունը: Ռուսաստանը կհամաձայնի՞: