29/04/2025

Ինչպե՞ս է ադրբեջանական դիվանագիտությունը պատասխանում Նիկոլ Փաշինյանին

«Եթե Երևանն իրոք պատրաստ է «հենց այժմ» , ինչպես հավաստիացնում է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիր ստորագրել, Հայաստանն ինչո՞ւ է խուսափում Բաքվի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի ֆորմալ լուծարման հարցով»,- գրում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը և «հիմնավորում», որ, ի տարբերություն սահմանադրության փոփոխությունների նախապատրաստման և դրանք հանրաքվեի դնելու, այդ քայլը ժամանակ չի պահանջում:

Ադրբեջանցի մեկնաբանի հայացքով՝ փոխարենը դա կարող էր Հայաստանի Հանրապետության անկեղծության նկատմամբ վստահության գոնե մի հատիկ ստեղծել: Այս դիտարկումն արված է «ինչպե՞ս է ադրբեջանական դիվանագիտությունը պատասխանում Նիկոլ Փաշինյանին» հարցադրման շրջանակներում: Հասկացվում է, որ պաշտոնական Բաքուն միջազգային ազդեցիկ դերակատարների կողմից «մշակման է ենթարկվում», նրան հասկացնում են, որ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման, վավերացման և պարտավորությունների կատարման գործնականացման ժամանակն է, իսկ Ադրբեջանը փաստարկում է, որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահությունը զրոյական է:

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների, դրանք հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ժամանակի մասին ադրբեջանական լրատվամիջոցի ասածից կարելի է ենթադրել, որ այդ հարցում Բաքուն արտաքին որևէ աջակցություն չունի, պայմանագրի ստորագրումը, վավերացումը, ուժի մեջ մտնելը հանում է տարածքային պահանջների հարցում կողմերի մտահոգությունը: Դա քաղաքական ցանկության կամ կամքի հարց չէ, այլ իրավական ստույգ պարտավորություն, որ միմյանց համար փոխադարձ երաշխիք է:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմալ լուծարմանը, ապա եթե Հայաստանն անգամ միանա Ադրբեջանի առաջարկությանը, ապա գործընթացը կարող է տևել ավելի երկար, քան Ադրբեջանը, ինչպես որոշ աղբյուրներ են ասում, կանցկացնի սեփական սահմանադրական հանրաքվեն: Միամտություն կլինի ասել, թե Ադրբեջանի նախագահը չի հասկանում, որ Մինսկի խումբը լուծարելու համար ԵԱՀԿ-ն կամ պետք է գագաթաժողով, կամ առնվազն անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով գումարի:

Միջազգային հարաբերությունների ներկայիս տուրբուլենտության պայմաններում նման բարձր մակարդակի միջոցառման կազմակերպման համար դիվանագիտական ահռելի ջանքեր են պահանջվում, որովհետև մեկ երկրի առաջնորդի կամ արտաքին գործերի նախարարի բացակայությունը կամ «վետոն» բավական է, որպեսզի որոշում չընդունվի:

Երկրորդ և, երևի, ավելի կարևոր հանգամանքն այն է, որ քառասունչորսօրյա պատերազմի «օրինականությունը հիմնավորելու» համար Ադրբեջանի նախագահը մշտապես վկայակոչում է ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը:

ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտ Իլհամ Ալիևը, կարծում ենք, այդ փաստաթղթերին գոնե «ստուգարքի պատրաստվելու» չափով ծանոթ է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև ընդունել է՝ հիմք ունենալով ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի նախագահի զեկույցները:

Ըստ այդմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ի դեմս նրա Անվտանգության խորհրդի, որի մշտական անդամներից երեքը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահ երկրներ են: Միջազգային այդ ինստիտուտը լուծարել-չլուծարելու հարցը դուրս է Ադրբեջանի և Հայաստանի իրավասությունից:

Իսկ եթե Ադրբեջանը Մինսկի խումբը լուծարելու իդեա-ֆիքս ունի, ապա այն իրացնելու փորձ ինքը պիտի անի և որպես առաջին քայլ՝ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջնորդի, որ վերջինս չեղյալ ճանաչի 1993 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին Մինսկի խորհրդաժողովի նախագահի գրավոր ընթացակարգով ներկայացված զեկույցների հիման վրա իր ընդունած չորս բանաձևերը:

Ադրբեջանում, ինչ խոսք, գերազանց գիտեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցի «վերջնական փակումը» Հայաստանի իրավազորության խնդիր չէ, Երևանի կամ Նիկոլ Փաշինյանի ցանկանալ-չցանկանալուց կախված չէ, հասկանում են, որ թեմայի միջազգայնացումը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ:

Եվ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման «գին» են դնում, կամ Հարավային Կովկասը մնում է «վառոդի տակառի վրա նստած», կամ քառասունչորսօրյա պատերազմը և նոր ստատուս քվոն «լեգիտիմացվում է»: Սա արդեն շանտաժ է միջազգային հանրությանը: