«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:
– Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը նշում են, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ համաձայնության են եկել, Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել՝ ինքնիշխան Հայաստանում` Ադրբեջանի թելադրանքով, Սահմանադրություն փոխել, ընդդիմադիրները, կարծես, հաշտ են այս գաղափարի հետ, գարուն է, օրերը տաքացել են, սակայն չկա պայքար, չկա նախաձեռնություն: Այս ամենին գումարած՝ Նիկոլ Փաշինյանը վախ է ներշնչում հասարակությանը, որ եթե Ադրբեջանի պահանջները հայկական կողմը չկատարի, կրկին պատերազմ կլինի….
– Միանշանակ է մի բան. այս մարդուն չպետք է այլեւս թույլ տալ՝ զբաղվի նրանով, ինչով զբաղվում է: Այն, որ նրա վախ ներշնչող պրոպագանդան աշխատում է, դա մի շատ վատ բանի մասին է վկայում: Մենք նման օրինակներ ունեցել ենք 1915 թվականի` Հայոց ցեղասպանության ընթացքում: Ինչ էր տեղի ունենում ցեղասպանության ժամանակ. երբ թուրքերն ամեն անգամ ինչ-որ մի գյուղ էին մտնում ու մարդկանց ոչնչացնում, կողքի գյուղերը մտածում էին, որ եթե իրենք խելոք մնան, եթե չանեն այնպես, ինչպես արել է ոչնչացված գյուղը, կարող են փրկվել, իրենց ոչ ոք չի կպնի, եւ որ վախճանված գյուղն է մեղավոր կատարվածի համար` իրեն սխալ է պահել, դրա համար էլ կոտորվել է: Այս մտածողության արմատավորումը Նիկոլ Փաշինյանի պրոպագանդայի երաշխիքն է դառնում: Սա շատ վտանգավոր ու ցավալի երեւույթ է: Մարդկանց միջից այդ գիտակցությունը պետք է հանել, չպետք է մարդիկ փրկությունը հանձնվելու մեջ տեսնեն: Պայքարն այսօր չարիք են համարում, հանձնվելը` փրկություն, սա շատ ֆունդամենտալ պրոբլեմ է, խիստ վտանգավոր է այսօրվա աշխարհում նման մտքերով ապրելը: Աստված մի արասցե, եթե այդ մտքերով ապրեին մեզնից մի սերունդ մեծերը, երբ փլուզվում էր Սովետական Միությունը: Եթե այն ժամանակվա քաղաքական այրերն այդպես մտածեին, եթե ժողովուրդը համարեր դա ճիշտ, Հայաստանը կվերանար աշխարհի վրայից` 100 տոկոսով:
– Ինչո՞ւ են ամեն անգամ ձախողված պայքարի առաջնորդները դառնում «սպիտակ ագռավ»: Սկսում են մեղադրել նրանց, պիտակավորել: Ի վերջո` ընդդիմադիր առաջնորդները մեղավո՞ր են, որ մինչ այս պահը Փաշինյանը շարունակում է Հայաստանը ղեկավարել:
– Երեւույթների կրկնությունն անձերով պայմանավորելը կարճամտության հետեւանք է: Տարբեր կենսագրություն ունեցող մարդիկ փորձեցին պայքարել Նիկոլի դեմ` ֆիզիկոսից մինչեւ հոգեւորական: Զբաղվածության եւ աշխարհընկալումների ռադիկալ տարբերություն կարող ենք պատկերացնել, սակայն անձերին մեղադրել ձախողման մեջ՝ տեղին չէ: Քաղաքականությունն ունի տրամաբանություն, մարդը չի կարող լինել պրոբլեմ: Ինչպես հին սովետական ոտանավորն էր ասում. «Լենին պապիկը եղել է ժիր ու կայտառ մի մանուկ»: Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնց մեղադրում են ինչ-որ բան չհաջողելու մեջ, եղել են այն մարդիկ, որոնց ինչ-որ մի շրջանում կարելի էր վստահել ինչ-որ հարցում: Եթե չի ստացվում ինչ-որ բան, խնդիրը մեխանիզմի մեջ է, պետք է հասկանալ մեխանիզմը եւ աշխատել դրա դեմ: Այն, ինչ կատարվում է այսօր, այդ պրոբլեմի մի մասն է: Գիտե՞ք՝ ինչու այսօր չկա պայքար փողոցում:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ մարդիկ թաքուն ընտրությունների են պատրաստվում: Որոշները՝ թաքուն, որոշները` ոչ այնքան թաքուն:
– Դա վա՞տ է:
– Վատ չէ, բայց կա՛մ պետք է տռուսիկ հագնել, կա՛մ խաչը հանել…. այդպես չի լինում, որ ասում ես` ռեժիմը թշնամական է, վատն է եւ այլն ու միեւնույն ժամանակ ասում ես, որ ընտրություններով կարող ես ինչ-որ բան փոխել: Որտեղի՞ց այն վստահությունը, որ Հայաստանն ու հայ ժողովրդին ատող մարդն արդար ընտրություններ է կազմակերպելու, եւ դու էլ կրելու ես այդ ընտրություններում: Այստեղ նարատիվի հետ կապված պրոբլեմ կա, պետք է հասկանալ դա:
– Այսինքն՝ առավել ռադիկալ քայլեր են պետք` իշխանությանը հեռացնելու համար: Ընտրությունների միջոցով հաղթանակը բացառո՞ւմ եք:
– Ճաշակի ու ստրատեգիայի հարց է: Օրինակ` իմ պլանները կապ չունեն ընտրությունների հետ: Այն, ինչ ես մտածում եմ առաջիկա կարճ, միջին ու երկարատեւ ժամանակահատվածում, որեւէ աղերս չունի ընտրությունների հետ: Առնվազն մինչեւ 2031 թվականը ես ընտրությունների մասին չեմ կարող մտածել:
– Ինչո՞ւ մինչեւ 2031 թվականը:
– Տեսականորեն, 2026-ից հետո հաջորդ հերթական ընտրությունները 2031-ին են լինելու: Ես չեմ կարող որեւէ ընտրական պրոցեսի մասին մտածել, որովհետեւ խիստ ակնհայտ է, որ ամբողջ կազմակերպչական աշխատանքը կազմակերպելու է Նիկոլ Փաշինյանը: Այդ ընտրությունները լինելու են ոչ մի բանի մասին, ինչը չի կարող ինձ հետաքրքրել, սակայն չեմ էլ մեղադրում նրանց, ովքեր հետաքրքրված են ընտրություններով, ուղղակի եթե մարդն ընտրությունների է ցանկանում գնալ, ուրեմն չպետք է ընդդիմադիր դաշտը թունավորի եւ հետո փողոցային քամի-տատանումներով չպետք է զբաղվի` ընտրությունների համար ձայն հավաքելու նպատակով: Ընտրություններ են ուզում, լավ են անում, թող գնան զբաղվեն ընտրություններով՝ պայքարի դաշտը թողնելով նրանց, ովքեր հարցը ցանկանում են լուծել ոչ ընտրական, միեւնույն ժամանակ` ժողովրդավարական ճանապարհով:
– Իսկ եթե մինչ պայքարի հաջողելը Փաշինյանը հերթական հարվածը հասցնի երկրի՞ն:
– Քանի դեռ դե յուրե կա Հայաստանի Հանրապետությունը, միշտ լինելու է գոնե փոքրիկ տեսական շանս, որ Թուրքիայի կողմից դե ֆակտո ղեկավարվող Հայաստանում լինելու է ինքնիշխանությունը վերականգնելու հնարավորություն: Սարսափելի բան է այսօր տեղի ունենում, եթե ստորագրվի այդ ծանր փաստաթուղթը, ի՞նչ ենք անելու, պատրա՞ստ ենք կանխել այն: Կներեք, բայց ժամանակ չունենք` ասելով, մշտապես անում ենք ինչ-որ բաներ, որոնք չեն նպաստում ժամանակի ավելացմանը: Հինգ տարի առաջ, երբ դեռ նոր էինք ասում` ժամանակ չկա, եթե անեինք այն, ինչ պետք է, այսօր գուցե իրավիճակն այլ լիներ:
Բաց մի թողեք
Մի խումբ ագրեսիվ արցախցիներ՝ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ այսօր վիրավորել են լրագրողներին․ Տեսանյութ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին որոշում կունենա Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին. Ռուբիո
Ղարաբաղյան շարժումը տարածքային վեճի մասին չի եղել