Անցած տարի պարզ դարձավ, որ մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն՝ համաձայն ԿԳՄՍՆ որոշման, քանի որ, ըստ վերջին ցուցանիշների, 1-ին տեղում Սյունիքն է, որտեղ դպրոցների 2/3-ը մինչեւ 100 աշակերտ ունի, իսկ, ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր սահմանային գյուղերը, որտեղ այսօր անվտանգային խնդիրներ են առաջացել, դպրոցներն ունեն փոքրաթիվ աշակերտներ եւ ենթակա են օպտիմալացման։
Հրապարակ թերթը գրել է․ Դեռ ամիսներ առաջ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ խոսքը ոչ թե միավորման, այլ նոր կրթահամալիրների, նոր ուսումնական հաստատությունների ստեղծման մասին է, որոնք կապահովեն այն ժամանակակից միջավայրը, որտեղ երեխաների կրթությունը շատ ավելի լավ կկազմակերպվի։
«Մենք նախագծերն արդեն ուսումնասիրել ենք, շատ լավն են, ունեն ենթակառուցվածքներ` մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, եւ դրանք միայն դպրոցի համար չպետք է օգտագործվեն, այլ նաեւ արտադպրոցական պարապմունքներ անելու համար, սպորտային, ժամանցային, երիտասարդական, մշակութային տարբեր միջոցառումներ էլ կարող են իրականացվել, որովհետեւ դրանք տվյալ համայնքի տարածքն են դառնալու` լավ ենթակառուցվածքներով, կահավորված, բոլոր պայմաններով, եւ, հետեւաբար, պետք է օգտագործվեն հնարավորինս շատ»,- մեզ հետ զրույցում նշել էր ԿԳՄՍ փոխնախարարն ու հավելել, որ ամբողջ հանրապետության մարզերի դպրոցներն արդեն քարտեզագրվել են:
Ոլորտի մասնագետները, սակայն, բարձրաձայնում են, որ կրթության որակի բարելավման անվան տակ հարված է հասցվում սահմանամերձ բնակավայրերի հատկապես փոքր գյուղական դպրոցներին, որոնք նախեւառաջ ազգային անվտանգության կարեւորություն ունեն:
Գնում ենք գյուղերը փակելու ճանապարհով
Լոռու մարզի Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցը մինչեւ 100 աշակերտ ունեցող այն կրթօջախներից է, որոնք 2026-ին ենթակա են օպտիմալացման։
Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցների օպտիմալացման շրջանակներում դպրոցների լավարկում, խոշորացում է տեղի ունենում՝ հօգուտ ժամանակակից պայմաններով դպրոցների։
«Ֆորմալ առումով դա լավ բան է, հատկապես եթե մտածում ես փիառի տեսանկյունից ու կարծում ես, որ ամեն ինչ մտածված է ու հեռանկարային, ուրեմն այդպես է, բայց, մյուս կողմից, մենք գնում ենք գյուղերը փակելու ճանապարհով, որովհետեւ որեւէ փոքրիշատե արդյունավետ աշխատող, հեռանկարային գյուղատնտեսական կամ բնապահպանական ծրագիր, որում գյուղը ներգրավված լինի ու զբաղվի, որը կապահովեր աշխատատեղեր, հեռանկար, գումար, գյուղի բարեկարգում, այսինքն՝ որպեսզի մարդիկ միջոց ունենային իրենց հայրենիքում մնալու՝ չկա, չի իրականացվել ու չի իրականացվում»,- ասում է Դ․ Մաթեւոսյանն ու արձանագրում, որ, մեծ հաշվով, չկան պետական ռազմավարություն ու մարտավարություն։ Ավելին՝ հընթացս նկատում է, որ այս կառավարության այդքան գովելի ասֆալտապատ ճանապարհները, դիցուք՝ դեպի Ահնիձոր տանող ճանապարհը մեկ տարի անց արդեն ճաքեր է տվել ու փլվում է, որովհետեւ խոնավությանը եւ զանազան այլ գործոնների չեն դիմանում եւ 1-2 տարուց լրիվ շարքից դուրս կգան։
Դ․ Մաթեւոսյանն ասում է․ իրենք՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը, շահագրգռված են Թումանյան համայնքի զարգացմամբ եւ Ահնիձորի փրկությամբ, հատկապես որ հենց կառավարության որոշմամբ 2005-ին դպրոցն անվանակոչվել է Հրանտ Մաթեւոսյանի անվամբ։ «Ես չեմ ասի, որ մեր դպրոցը հրաշալի դպրոց է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր դպրոցում կա ուսուցչական կոլեկտիվ, եւ գյուղը դեռ ունի երեխաներ։ Իսկ այն օպտիմալացումը, որ տեղի է ունենում, բոլոր փոքր գյուղերից վերջին ընտանիքները, որոնք քիչ թե շատ կայուն աշխատավարձ ունեին եւ գյուղում էին մնում՝ ապահովելով գյուղում երեխաների առկայությունը, գյուղի չփակվելը, չկործանվելը, այդ ընտանիքները, ամենայն հավանականությամբ, պետք է տեղափոխվեն, եթե դպրոցը փակվի, որովհետեւ մրցակցությունը մեծ է լինելու, կողքի գյուղի դպրոցում մի քանի ուսուցիչ կսկսի աշխատել, մի քանիսը չի աշխատի։ Լավ է, որ մրցակցությունը մեծ է լինելու, բայց հուսանք, որ լավագույն ուսուցիչներն են հաղթելու, չնայած նրան, որ գիտենք կրթության ոլորտի վիճակը»։
Դպրոցը գյուղի կենսական զարկերակն է
Ահնիձորի դպրոցի «Կերպարվեստ» ու «Երաժշտություն» առարկաների ուսուցիչ Սիրուշ Քառյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ նախարարությունն այնպես է ներկայացնում այս ծրագիրը, որ կարծես հրաշալի բան են անում եւ փորձում են կրթության որակը բարելավել, բայց «դա դեռ միայն խոսքեր են, ի վերջո՝ կրթությունը միայն շենքային պայմանները չեն, եւ գյուղը, որպես համակարգ, սկսում է խարխլվել․․․, չնայած արդեն խարխլված վիճակում է, սակայն նմանատիպ քայլերով խնդիրն ավելի է խորանում։ Այսինքն՝ խնդիրը լուծելու փոխարեն իրենք պարզապես ուզում են խնդրից ազատվել եւ գյուղը հասցնում են այն վիճակին, որ ասեն՝ տեսեք, աշակերտ չկա, կամ՝ շատ քիչ է դրանց թիվը, եւ մենք ստիպված ենք այդ քայլին գնում։ Մինչդեռ իրականում կարող են այնպես անել, որ գյուղի վիճակը սոցիալ-տնտեսական առումով բարելավվի, եւ դրան համապատասխան՝ մենք այլեւս չենք ունենա այն խնդիրը, որ գյուղում չկա աշակերտ կամ բնակիչ»։
Թե ինչ ճանապարհներով ու միջոցներով կարող է կառավարությունը, պետությունը նպաստել, որ գյուղը չդատարկվի ու նրա սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի, զրուցակիցս նկատում է․ «Ահնիձորի ու բոլոր փոքր գյուղական համայնքների դեպքում հիմնական աշխատատեղը մնացել են դպրոցը եւ համայնքապետարանները, եթե դպրոցը փակում են, ապա նրա 15-16 աշխատակիցներն այլեւս փորձելու են գտնել աշխատանքի այլ միջոց, ու ստացվում է, որ նրանց մի մասը, ելնելով իրավիճակից, թողնելու է գյուղը, որովհետեւ շատերն այդ պարագայում իրենց ընտանիքներով՝ իրենց երեխաների հետ կգնան ոչ թե կողքի գյուղի դպրոցը, ինչպես իրենք են ասում, այս դեպքում՝ Լորուտի դպրոցը, ինչն այդպես չի լինելու, եւ մարդիկ նման ընտրության դեպքում նախընտրելու են գնալ քաղաքներ։ Այսինքն, այսպես թե այնպես, գյուղերը դատարկվելու են»։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ գյուղերում դպրոցը, կրթամշակութային գործառույթից զատ, ունի նաեւ կենսական կարեւոր գործառույթ․ «Այն ուղղակի կենսական զարկերակ է՝ գյուղի գոյության տեսանկյունից, եւ այդ զարկերակը կտրելն ամենահեշտ տարբերակն է, որը ոչ մի լավ տեղ չի տանում»։ Տիկին Քառյանը նկատում է, որ այդ զարկերակը պետք է կենսունակ պահել ամենօրյա աշխատանքով ու գյուղում աշխատատեղեր ստեղծելով․ «Կարող ենք ասել, որ մեր դպրոցը գյուղի միակ աշխատատեղն է, ու գիտեմ նմանատիպ բազմաթիվ օրինակներ, որտեղ նման իրավիճակ է»։
Այլ կերպ ասած՝ տվյալ գյուղում դպրոցի առկայությունը ոչ միայն կրթական, այլ նաեւ սոցիալական խնդիր է լուծում․ «Ասում են՝ աշակերտներին տրանսպորտով կտանեն կողքի գյուղ՝ Լորուտ, բայց տարիքային տարբեր խմբերի երեխաներ ունենք, ու ես չեմ պատկերացնում, թե տարրական դպրոցի երեխան ինչքան պետք է սպասի, որովհետեւ ավագ դասարանների երեխաներից շատերն ունեն 5-7 ժամ․․․ Այդ խնդիրը ո՞նց են լուծելու, ու այդպես բազմաթիվ այլ խնդիրներ․․․ Կողքից որ նայում ես՝ հրաշալի ծրագիր է թվում, բայց իրականում պետք է հասկանալ, թե այդ մեխանիզմները ոնց են գործելու, ինչպես են իրականացնելու այդ ամենը, ինչը գլխավոր խնդիրն է․․․ այսպես ամեն ինչ քանդելով ու խոստանալով, որ նորն են կառուցելու՝ ավելի լավը, չգիտեմ ուր է տանում․․․․»։
Մանկավարժը մատնանշում է մեկ այլ կարեւոր հանգամանք՝ դպրոցը կրում է Հրանտ Մաթեւոսյանի անունը․ խորհրդանշական փաստ, որի հետ պետք է հաշվի նստել ու պահպանել դպրոցը որպես առանձին միավոր եւ ոչ թե օպտիմալացնել։
Գնացողը գնում է, մնացողը՝ մնում
Հ․ Մաթեւոսյանի անվան դպրոցի տնօրեն Արարատ Հակոբյանն այս հարցին 2 դիտանկյունից է մոտենում․ ասում է՝ դպրոցը միայն աշխատատեղ չէ, եւ, ի վերջո, «մենք աշակերտ պիտի կրթենք, չէ՞», ըստ այդմ՝ եթե աշակերտների թիվը քիչ է, դպրոցի պայմանները՝ ոչ բավարար, պետք է միավորեն ու տանեն ավելի մեծ դպրոց․ «Հետո՝ սա հենց այնպես ծրագիր չէ, ավտոբուս են տրամադրելու, երեխաներին տանելու են այդ մեծ դպրոցը, որը նախատեսված է Լորուտում»։
Հակոբյանն ասում է, որ ինքը՝ որպես դպրոցի տնօրեն, հասկանում է այդ մտահոգությունները եւ չի ցանկանա, որ գյուղում դպրոց չլինի, բայց մյուս կողմից ուզում է, որ աշակերտները գնան ավելի լավ դպրոց, որտեղ բոլոր հարմարությունները կլինեն՝ լողավազանից մինչեւ բուժկետ․ «Իսկ ինչ մնում է նրան, որ դրանով գյուղը փակվում է․․․ սենց թե նենց՝ փակվում է, ու հիմա էլ մարդիկ տանում են իրենց երեխաներին, ով Վանաձոր կամ Ալավերդի կարողանում է տուն առնել, հիմա էլ տանում է իր երեխաներին։ Մի տեսակ ռեբուսային, անլուծելի խնդիր է դառնում․ ուրիշ բան, որ պետությունը որոշում կայացնի՝ փոքր դպրոցները, անկախ հանգամանքից, պահպանել։ Կամ էլ դպրոցը պետք է լավ սարքվի՝ նոր չափանիշներին համապատասխան, բայց սպասարկի 14 աշակերտի, դե պատկերացրեք, որ 14 աշակերտի համար պետությունը միլիարդներ պետք է ծախսի, որ Ահնիձորում իմ ասած չափանիշներին համապատասխան դպրոց սարքի, բայց կանի՞ նման բան՝ դժվար թե»։
Տնօրենը դժվարանում է նաեւ ասել՝ ուսուցիչները, աշակերտները կո՞ղմ են, թե՞ դեմ այս օպտիմալացմանը։ «Եթե նայում ենք հարցին՝ զուտ աշխատատեղ որ դպրոցը մնա, ու երեխաները գան մեզ մոտ դասի․․․, բայց, այսպես թե այնպես, մնացողը մնալու է, գնացողը գնալու է, այսինքն՝ այնպես չէ, որ այդ դեպքում գյուղը կվերանա»,-ասում է տնօրենն ու հավելում, որ նոր դպրոց՝ Լորուտ հասնելու համար երեխաները շատ ճանապարհ չեն կտրելու՝ 7-8 կմ, իսկ գործընթացը մեկնարկելու է 2026-ին։ «Որպես ծնող՝ համամիտ եմ այդ որոշմանը, որպես դպրոցի տնօրեն՝ ոչ, քանի որ բոլորը կմնան անգործ, բայց դա էլ ճիշտ չէ, որ մի քանի հոգի որպեսզի գործ ունենա, երեխաներն իրենց կրթական իրավունքից զրկվեն, դա էլ ճիշտ չէ»,- եզրափակում է տնօրենը։
Բաց մի թողեք
Առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում
Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար