Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Իմ հզոր համայնք»-ի ցուցակի առաջին համար Ռուբեն Մխիթարյանի խոսնակ, «aysor.am» կայքի լրագրող Լիլիթ Հարությունյանը, ինչպես երևում է, Մխիթարյանի լսարանին ու մասնավորապես գյումրեցի ընտրողներին առնվազն ապուշի տեղ է դրել։
Այլապես չէր փորձի բռնություն գործադրել նրանց բանականության հանդեպ՝ փորձելով «սվաղել» իր «շեֆի»՝ օրերս արած աղմկահարույց հայտարարությունը։ Խոսնակ Հարությունյանն, արդ, մի «հերքման» (թե՞ «պարզաբանման») տեքստ է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում ոչ կոռեկտ որակում է տվել նաև Сivic.am կայքին։
«Հուսահատ ավանտյուրիստներ Ստյոպա Սաֆարյանը, Civic-ը, «Հայկական ժամանակ»-ը հերթական անգամ ստոր մանիպուլյացիաների են դիմում: Հասկանում ենք՝ անհագուրդ ցանկություն ունեք Ռուբեն Մխիթարյանի հարցազրույցները տարածելու, տարածեք առանց աղճատումների: Ռուբեն Մխիթարյան՝ «Իրենց (փաշինյանականների) կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիները տվյալ երկու ազգությունների հետ կապ չունեն»,- գրել է խոսնակը։
Նախ՝ «խոսնակության» ոլորտում «չոչ անել» սովորող տիկին Հարությունյանին հորդորում ենք նման «պարզաբանիչ» տեքստեր տարածելիս սերտել հայերենի գրական ոճերի առանձնահատկությունները, տեքստն էլ գրել մասնավորապես վարչագործառական ոճում՝ զերծ մնալով ցածրակարգ պիտակումներից ու որակումներից։ Մեծ է գաղթակղությունը քաղհայց ներկայացնել ընդդեմ Հարությունյանի՝ Сivic.am-ի վերաբերյալ «հուսահատ ավանտյուրիստ» վիրավորական արտահայտությունը գործածելու համար։ Դրան դեռ կանդրադառնանք ըստ նպատակահարմարության։
Ինչ վերաբերում է Ռ. Մխիթարյանի՝ մեջբերված հայտարարությանը, ապա նրա խոսնակը լավ կլիներ, որ սերտեր նաև տեքստագիտության տարրական կանոնը՝ մեջբերում անելիս վերարտադրել համատեքստը։ «Ժողովուրդ» օրաթերթը, որի հետ հարցազրույցում էլ քաղաքապետի թեկնածու Մխիթարյանն արել է իր խնդրահարույց հայտարարությունը, հարցն այսպես է ձևակերպում. «…Փաշինյանականները հրճվում են, ասում են՝ գյումրեցին իրենց կողքին է, հիմա իրե՞նց կողքին է, թե՞ այն անձանց, ովքեր իրականությունը ցույց են գալիս մարդկանց, թե՞, Ձեր, օրինակ»։ Ի պատասխան՝ Մխիթարյանն ասում է այն, ինչը մեջբերել է վերջինիս խոսնակը. «Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիները տվյալ երկու ազգությունների հետ կապ չունեն…»։
Հիմա հարց «շեֆի» մտքի փայլատակումը то ли հերքած, то ли պարզաբանած, իսկ ավելի ճիշտ՝ վերահաստատած խոսնակին՝ եթե ՔՊ-ի և դրա ղեկավարի կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիներն էլ կապ չունեն այդ ազգությունների հետ, ապա ի՞նչ ազգություն են ունենալու կառավարող ուժին ձայն տալ պատրաստվող գյումրեցի ընտրողները՝ ղազա՞խ, կորեացի՞, ուզբե՞կ, թե՞, ասենք, հնդիկ կամ վրացի։
Ակնհայտ է, որ Մխիթարյանը, փորձելով էմոցիոնալ դաշտում ազդել գյումրեցի ընտրողների ինքնասիրության, իր սիրած բառով՝ «թասիբի» վրա, նրանց «ավանսով» (նախապես) «թուրք ու ադրբեջանցի» է անվանել՝ քաղաքական այս մերժելի հնարքի միջոցով փորձելով կաշկանդել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ազդել դրա վրա։ Մխիթարյանի մտքի սույն արգասիքը եթե փոխադրենք ավելի պարզ, կենցաղային լեզվի, կհնչի այսպես՝ ով ինձ ու մյուս թեկնածուներին ընտրեց՝ նա հայ է, ով ՔՊ-ին ընտրեց՝ նա թուրք է ու ադրբեջանցի։
Բայց, ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանի փեսայի հովանավորյալը, գյումրեցիներից իր ռասիստական հայտարարության համար ներողություն խնդրելու փոխարեն, այն գյումրեցիներից, որոնց մի մասի (ՔՊ-ին ընտրողների) ազգային պատկանելությունը՝ հայ լինելը, փաստորեն, կասկածի տակ է դրել, իր խոսնակի միջոցով վերահաստատել է սեփական խոսքերը։
Ի դեպ, այդ նույն հարցազրույցում Ռուբեն Մխիթարյանը մի քանի անգամ է անդրադառնում «թուրք» եզրույթին՝ թիրախավորելով ՔՊ վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մոտ 680 հազար ՀՀ քաղաքացիների ընտրած իշխանությանն էլ համարելով «թուրքերի իշխանություն»։ Ի պատասխան հարցի՝ «ինչո՞ւ եք ձեր հանրային բարձր հեղինակությունը քաղաքական պրոցեսում փորձարկում, կա հայտնի խոսք, որ քաղաքականության մեջ ավելի հեշտ է կորցնել, քան գտնել»՝ թեկնածուն պատասխանում է. «Ես առաջնորդվում եմ լրիվ այլ սկզբունքներով։ Ես չեմ ուզում լավ խոսացող հանրային գործիչ լինել, այդպիսիք շատ են ՀՀ-ում։ Բայց ես քաշել եմ գիծն ու անցել եմ գիծը, որպեսզի վաղը ես ինձ չմեղադրեմ մի բանի համար՝ փորձեիր, կարող է քո մոտ ստացվում էր։ Փորձեիր, կարող է և քո մոտ էր ստացվում, և քո ընկերների մոտ, և ընդհանուր գաղափարային նոր գիծ էր ստացվում ստեղծել, որի շուրջ հնարավոր կլիներ Գյումրիում ոչ միայն թույլ չտալ թուրքերի իշխանություն ունենալ, որովհետև տվյալ՝ իշխող ուժի գաղափարային հայրը օֆիցիալ հայտարարել է, չէ՞, որ ինքը չի ամաչում, երբ իրեն թուրք են ասում, վատ չի զգում դրանից։ Հիմա Գյումրին մենք թուրքին չենք հանձնելու։ Չի լինելու նման բան…»։ Հընթացս լուսավորենք «անհույս ավանտյուրիստ», «մանիպուլյատոր» Մխիթարյանին, թե ինչ համատեքստում է Նիկոլ Փաշինյանն արել վերոհիշյալ հայտարարությունը. «Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը, կարծում եմ, որ մենք ուղիղ, պաշտոնական մակարդակում ասենք, որ մենք, այդ թվում Հայաստանում, պետք է դադարեցնենք մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար ուրիշ ազգի անուն գործածել։ ՀՀ-ում կա այդ բանը՝ եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ «դու թուրք ես»։ Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել՝ դրանով նրանք ինձ նախ՝ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում։ Եվ մենք այս իրողությունների հետ պետք է առերեսվենք ու փորձենք փոխել այս իրողությունները։ Ադրբեջանում էլ կա այդ իրողությունը, մեկին վիրավորելու համար, նույնիսկ ամենավերջին վիրավորանքները, որոնք Կովկասում ունեն մահացու ազդեցություն, երբեմն էդքան էֆեկտիվ չեն գործում, երբ մեկին ասես «հայ», օրինակ…»։
Սերժ Սարգսյանի հովանավորյալ թեկնածուն, այն նույն Սերժ Սարգսյանի, որի օրոք մեկնարկել էր ՀՀ-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտությունն», ու ստորագրվել էին Հայոց ցեղասպանության հարցը կասկածի տակ դնող՝ հայ-թուրք պատմաբանների հանձնաժողովի մասին կետ պարունակող հայ-թուրքական արձանագրությունները, «թուրք» խոսույթին նորից է անդրադարձել, թե՝ «գյումրեցին պետք է ընտրի այն թեկնածուին կամ թեկնածուներին (այս բառը շեշտելով-խմբ.), որոնք բացառում են ցանկացած տեսակի համագործակցություն թրքահաճո կամ ազերահաճո ղեկավարության հետ»։
Մխիթարյան ազգանունով անձը, ինչպես տեսնում ենք, ընտրարշավի, ընտրողների հետ հաղորդակցվելու կուլտուրան ու լրջության մակարդակը իջեցրել է իր «խնդալու տաղիկների» մակարդակին, ու իրեն թվում է, թե (ինչպես իր հեղինակած երգերից մեկում է ասվում) «տաշի» գոռացող մորքուրի» էնտուզիազմով ու «կայֆի տակ ազապ բաշի»-ի անադեկվատությամբ կարող է վիրավորել գյումրեցիների արժանապատվությունն ու մնալ անպատիժ ու անպատասխան։ «Պատժին ու պատասխանին» քիչ է մնացել։ «Գիծը քաշած ու անցած», «վատ խոսացող հանրային գործիչ» Մխիթարյանն ու գյումրեցիները դրա ականատեսը կլինեն քվեարկության արդյունքների տեսքով։
Հ.Գ. Ի դեպ, հարգարժան խոսնակը չի բավարարվել Civic.am-ին թիրախավորող վերոհիշյալ գրառմամբ ու նորն է «ձոնել»։ «Շիրակի մարզպետը կարող է Սիվիկ-ի ու ՀԺ-ի թղթակից աշխատել Գյումրիում: Հայաստանի ամենահոգսաշատ մարզերից մեկը ղեկավարողը, իր պարտավորությունները թողած, ուղղակի դարձել է էժան քարոզչամիջոցի հումք: Դավիթ Առուշանյան, խնդրեք Ձեզ ղեկավարողներին գոնե մի փոքր խնայեն Ձեզ ու գոնե ստատուսով ցածր դեմքերի էդպես անորակ ձևով օգտագործեն»։ Խոսքի ցածր մշակույթ ունեցող խոսնակին բարեկամաբար հորդորում ենք հիշել, որ քարոզարշավը ժամանակավոր է, ինքն էլ դրա ավարտից հետո ամենայն հավանականությամբ նորից կվերադառնա իր նախկին մասնագիտական գործունեությանը՝ լրագրողի աշխատանքին։ Այնպես որ, լրագրողական համերաշխության մասին հիշելը հաստատ վնաս չէ Հարությունյանի առողջությանը։ Ի դեպ, Հարությունյանը նախկին պաշտոնյայի՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Գյուղատնտեսության նախարարի տեղակալ աշխատած Աշոտ Հարությունյանի դուստրն է։ Նախկին փոխնախարարը, հիշեցնենք, հեղափոխությունից հետո նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական, ապաև իր դիմումի համաձայն 2021-ին՝ 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց, ազատվեց պաշտոնից։
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր