29/04/2025

Բաքուն Իրանի դեմ գործիք է դառնում, ինչ սպասել ․․․

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի Երևան այցի հաջորդ օրը Բաքվի իշխանական լրատվամիջոցը ծավալուն հոդված է հրապարակել և հանրայնացրել տեղեկություններ, որ մինչ այդ մամուլ տեղ չէին գտել:

Ըստ այդմ՝ Ադրբեջանի համար «նոր սպառնալիք է ստեղծվել»: Վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայությանը՝ հեղինակը պնդում է, որ վերջինս ամիսներին արձանագրվել է մի քանի դեպք, երբ Իրանից Ադրբեջան թմրանյութեր տեղափոխելու փորձեր են կատարվել՝ օգտագործելով դրոններ:

Նման դեպք, մասնավորապես, արձանագրվել է «Լենքորան» սահմանային ուղեկալի տարածքում: Սահմանապահները զննել են սահմանային գոտում հայտնված ավտոմեքենա և հայտնաբերել ավելի քան վեց կիլոգրամ հերոին: Ձերբակալված անձինք ցուցմունք են տվել, որ թմրանյութը վերցրել են Իրանից արձակված դրոնի «գաղտնարանից»: Ինչպես հրապարակման հեղինակն է պնդում, ավելի վաղ Ջալիլաբադի շրջանում սահմանապահներն Իրանից արձակած դրոնից առգրավել են վեց հարյուր գրամ հերոյին:

Առաջին անգամ չէ, որ Իրանի շուրջ իրավիճակի բարդացմանը զուգահեռ պաշտոնական Բաքուն Իսլամական հանրապետության դեմ քարոզչություն է ծավալում: Որպես կանոն՝ դա ուղեկցվում է Բաքվում և Ապշերոնի շրջանի շիադավան համայնքներում «Իրանի հատուկ ծառայությունների գործակալների» ձերբակալություններով:

Նման տեղեկություններ առայժմ չեն հրապարակվում, բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները պարապուրդի են մատնված, իսկ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «նվիրատվություն անելու» մտադրություն չունի:

Բաքվում պարզապես դժվարանում են կողմնորոշվել, թե լարվածության ի՞նչ մակարդակի կարող է հասնել Վաշինգտոն-Թեհրան դիմակայությունը: Ըստ երևույթին՝ որևէ հստակ ազդակ չի ստացվում նաև Երուսաղեմից, որտեղ, ինչպես ռուսաստանյան մամուլն է փոխանցում, կգերադասեին, որ Միացյալ Նահանգներն իր վրա վերցներ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու պատասխանատվությունը, քանի որ միայն ԱՄՆ-ն կարող է ծանր և անդառնալի կորուստներ պատճառել:

Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին բացահայտել է, որ միջուկային ծրագրի հարցով Թեհրանը եվրոպական երեք երկրի հետ բանակցություններ է վարում: Հայտնի է դարձել նաև, որ Իսլամական հեղափոխության առաջնորդին ԱՄՆ նախագահի նամակը փոխանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով: Ակնկալվում է, որ Վաշինգտոնին Թեհրանի գրավոր պատասխանը նույնպես «կանցնի» Աբու-Դաբիով:

Ադրբեջանը վերջին երկու տարիներին բավական սերտ հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի հետ, բարձր մակարդակի փոխայցելություններ են կատարվել: Բացառված չէ, որ Բաքուն փորձի նաև այդ հնարավորությունն օգտագործել՝ կողմնորոշվելու համար, թե Միացյալ Նահանգները կգնա՞ Իրանի նկատմամբ ուժի կիրառման:

Իրանից դրոնների միջոցով Ադրբեջանի տարածք թմրանյութերի տեղափոխման մասին տեղեկատվությունը, բնականաբար, իրանա-ադրբեջանական չափազանց բարդ հարաբերությունների «այսբերգի երևացող մասն» է միայն: Բայց այդ բնույթի և տոնայնության հրապարակումն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, որ Բաքվում Իրան-Հայաստան շփումների նկատմամբ շարունակում են խիստ կասկածամիտ մնալ:

Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, անհանգստացնում է նաև այն, որ Թուրքիայի և Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները վերջերս Աշգաբադում թուրքմենական գազի արտահանման նոր պայմանավորվածությունների են հասել, և այդ հարցում առանցքային է Իրանի դերը, որ նախնական փուլում ապահովում է սվոփ եղանակով մատակարարումը, իսկ հեռանկարում կարող է թուրքմենական գազի Թուրքիա, այնուհետև Եվրոպա առաքման տրանզիտ ապահովել: Բավական հավակնոտ այդ ծրագիրն իրականություն դառնալու դեպքում Ադրբեջանը Եվրամիության համար դադարում է էներգետիկ անվտանգության միակ երաշխավոր լինել:

Բաքվի հակաիրանական քարոզչության նոր «սրացումը», այսպիսով, մի քանի մոտիվներ ունի: Ուշադրություն է գրավում, սակայն, որ Ադրբեջանի դեմ Իրանի «թմրանյութերի պատերազմի» մասին պաշտոնական քարոզչությունը մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարարի Երևան այցի հաջորդ օրը:

Մանավանդ որ նույն օրն էլ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի հեռախոսազրույցը, որից հետո նա ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Բաքուն դիվանագիտական այդ «կարուսելից» հավելյալ տեղեկացվածություն ունի՞: