08/07/2025

Ինչ ուղերձով էր Արաղչին եկել Երևան

Մինչեւ Սյունիքից ահազանգում էին սահմանամերձ գյուղերի ուղղությամբ վերջին օրերին հնչող կրակոցների մասին, իսկ Հայաստանի ՊՆ-ն հերքում էր այդ լուրերը, էսկալացիայի վտանգի մասին Երեւանում խոսեց Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարարը։

Հրապարակ թերթը գրել է․ «Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, հուսով ենք, որ այդ խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ, այդ վտանգները նվազագույնին կհասնեն, եւ տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը, որը բոլորի շահերից է բխում»,- ասուլիսում հայտարարել էր Աբբաս Արաղչին։

Նույն օրը ՀՀ ՊՆ-ն մի անհեթեթ հաղորդագրությամբ փաստացի հաստատեց կրակոցների մասին լուրերը, բայց եւ, ինչպես այս իշխանությունը սովոր է անել, արդարացրեց իրենց բարեկամ Ադրբեջանին՝ հայտարարելով․ «Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»։

Ավելի շատ հարցեր առաջացնող այս պարզաբանումը մեկ բան է փաստում՝ իշխանությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը՝ չնկատելու է տալիս Ադրբեջանի՝ խաղաղության չձգտող ու լկտի պահվածքը։

Այս ֆոնին Իրանի ԱԳ նախարարի այցն ու Թեհրանի՝ հերթական անգամ վերահաստատվող կարմիր գծերի մասին ուղերձներն են՝ ուղղված թե՛ պաշտոնական Երեւանին, թե՛ Բաքվին։ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Արաղչին շեշտել է՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, երկու երկրների միջեւ հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն, եւ տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարեւորությունը: Երեւանում իրանցի պաշտոնյան չի շրջանցել նաեւ Թեհրանի համար չափազանց զգայուն ու սկզբունքային՝ հաղորդակցությունների թեման, ընդգծելով, որ «տրանզիտային ուղիների ձեւավորումը տարածաշրջանում ընդունելի է, բայց դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության ներքո, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունն ու օրենքները»։ Այլ տարբերակ, ինչպես բազմիցս է նշվել, Թեհրանի համար ընդունելի չէ։

«Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան երկու երկրների երկկողմ հարաբերությունների շրջանակում է եւ պայմանավորված չէ որեւէ հատուկ կամ արտառոց հանգամանքով։ Հայաստանն Իրանի կարեւոր հարեւանն է, եւ հարեւան պետությունների հետ համագործակցության ընդլայնումն Իրանի նոր վարչակազմի առաջնային նպատակներից է։ Այս համատեքստի ըմբռնումը թույլ է տալիս մեզ ավելի ամբողջական տեսնել այս զարգացումը: Թեեւ Իրանի ԱԳ նախարարի` Հայաստան այցի հիմնական պատճառը չի կարելի վերագրել բացառապես խաղաղության համաձայնագրին, սակայն վստահ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը եղել է այս այցի առանցքային թեմաներից մեկը»,- անդրադառնալով իր երկրի ԱԳ նախարարի այցին՝ «Հրապարակ»-ին ասում է Իրանում ազդեցիկ ստրատեգ Ֆարշադ Ադելը։

Այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը համաձայնեցնելու մասին, ինչպես հայտնի է, Երեւանն ու Բաքուն օրեր առաջ հայտարարեցին՝ ի դեպ, ոչ միասնական հայտարարությամբ, ինչպես Երեւանն էր ակնկալում, բայց դրանից հետո սայլը տեղից կարծես թե չի շարժվում, ու Ադրբեջանը չի փոխում պահանջատիրական կեցվածը՝ շարունակում է Փաշինյանին ներկայացնել նորանոր պահանջներ, որոնց կատարմանը նա պատրաստ է, միայն թե ստանա Ալիեւի ստորագրությունը։

Իրանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ, մեր զրուցակցի խոսքով, հստակ է. Թեհրանը մշտապես ընդգծել է, որ տարածաշրջանային վեճերը պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտական ուղիներով: «Այս սկզբունքին համահունչ, Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունների դիվանագիտական լուծումներին, դիրքորոշում, որն ԱԳ նախարարը միանշանակ կրկնել է։ Սա Իրանի պաշտոնական դիվանագիտական դիրքորոշումն է։

Այնուամենայնիվ, ավելի խոր ռազմավարական մակարդակներում Հայաստանը պետք է խոհեմություն դրսեւորի իր գործողություններում եւ ուշադիր դիտարկի տարածաշրջանային զգայունությունը՝ խուսափելու այնպիսի պայմանների ստեղծումից, որոնք կարող են թույլ տալ Ադրբեջանին՝ ապագայում չափազանց մեծ պահանջներ ներկայացնել: Որպես հարեւան պետություն՝ Իրանը ողջունում է կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Այնուամենայնիվ, որոշիչ գործոնն այն է, որ նման կայունությունը պետք է պահպանի հավասարակշռությունը։ Հայաստանը նույնպես պետք է շեշտը դնի հավասարակշռված հարաբերությունների վրա եւ ձգտի համաձայնությունների հասնել պարիտետի եւ ուժի դիրքերից։

Այս հրամայականը բխում է նկատվող էքսպանսիոնիստական միտումներից, որոնք ներկայում դրսեւորվում են թուրք-ադրբեջանական առանցքում»,-ընդգծում է իրանցի վերլուծաբանը՝ շեշտելով, որ հատկապես Սիրիայում զարգացումներից հետո թուրքական այդ նկրտումներն ուժեղացել են։

«Շուտով Կովկասոււմ մենք կարող ենք ականատես լինել գործողությունների, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել Զանգեզուրի միջանցքի բացմանը, դրանով իսկ սպառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Հետեւաբար, պաշտոնական դիվանագիտական դիրքորոշումներից դուրս, կարեւոր է հիմնարար ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցերի եւ Իրանի ու Հայաստանի ընդհանուր ազգային շահերի նկատմամբ ուշադրությունը, եւ, անկասկած, այն առանցքային տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության ապարատի օրակարգում»,- ասում է Ֆարշադ Ադելը՝ վերլուծելով Արաղչիի երեւանյան այցելությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման ռիսկերին,  իրանցի վերլուծաբանն ընդգծում է՝ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով, եւ ամենաբարձր մակարդակով հասկացրել է, որ համաձայն չէ սահմանների որեւէ փոփոխության․ «Իրանը կտրականապես դեմ է ցանկացած ռազմական գործողության, եւ էսկալացիայի ավելացման դեպքում Իրանը Հայաստանի անվտանգությունն անբաժանելի կհամարի իր անվտանգությունից եւ թույլ չի տա սահմանների որեւէ փոփոխություն։

Այս դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով փոխանցվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությանը, եւ չպետք է կասկած լինի, որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների տանող ցանկացած ռազմական էսկալացիա կառաջացնի Իրանի վճռական պատասխանը։ Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ապա պետք է հաշվի առնել, որ առանց Իրանի համաձայնության, էական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ, եւ Թեհրանը լիովին պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ դիտարկել։ Այս իրողությունը պետք է խրախուսի Հայաստանի ղեկավարությանը՝ ավելի վստահ մոտենալ Իրանի հետ հարաբերություններին եւ աշխատել երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու ուղղությամբ»։

Ֆարշադ Ադելի խոսքով, Իրանի համար հայ-իրանական օրակարգի կարեւոր հարցերից է նաեւ առեւտրատնտեսական ոլորտում հարաբերությունների խորացումը։ «Քննարկվող առանցքային թեման վերաբերում է իրանական եւ հայկական տարածքներով Սեւ ծովի եւ Հնդկական օվկիանոսի միջեւ հաղորդակցության դյուրացմանը։ Սա առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով Իրանի ռազմավարական աշխարհագրությունը՝ Պարսից ծոցի հարավային նավահանգիստներով, Օմանի ծովում եւ հատկապես Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Չաբահար նավահանգստով, ինչը կարող է Հայաստանի համար մուտք ապահովել դեպի զարգացող համաշխարհային տերություններ, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը:

Այս նավահանգիստները նաեւ հնարավորություն են տալիս կապ հաստատել աֆրիկյան մայրցամաքի հետ, մի տարածաշրջան, որը լի է նոր հնարավորություններով, որոնք չպետք է անտեսվեն»,-տնտեսական հեռանկարներն այսպես է բնութագրում մեր զրուցակիցը, որի համոզմամբ՝ Հայաստանը պետք է օպտիմալ կերպով օգտագործի Իրանի հետ իր հարեւանությունը եւ օգտվի Իրանի աշխարհագրական դիրքի ռազմավարական նշանակությունից, ինչը կարող է Հայաստանին հնարավորություն տալ՝ հաղթահարելու դեպի ծով ելք չունեցող աշխարհագրական սահմանափակումները՝ Իրանի հարավային նավահանգիստներ մուտք գործելու միջոցով:
Նկարագրվածը, իհարկե, առայժմ միայն տեսական ակնկալիք է։ Հայաստանի իշխանությունը հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ գործնական քայլեր չի ձեռնարկում, փոխարենը շարունակում է ապրել Ադրբեջանի հետ կեղծ խաղաղության պատրանքով։

Արաղչիի՝ Հայաստան այցի մի դրվագ էլ, որ աննկատ չմնաց ուշադիր աչքերից։ Իրանի ԱԳ նախարարն իր Ինստագրամ էջում այցի մասին պատմող կարճ տեսանյութ էր հրապարակել, որտեղ օդանավից Արարատի գեղեցիկ պատկերն էր երեւում։ Արարատը մերժելու Փաշինյանի ջանքերի ֆոնին սա ուշագրավ է։ Մեր զրուցակիցը նուրբ ու խորհրդանշական ուղերձ համարեց այդ դրվագը՝ շեշտելով, որ հայերի համար Արարատ լեռան նշանակության մասին իր երկրում գիտեն ու ակնածանքով են վերաբերվում դրան։

«Սակայն այն փաստը, որ այս առասպելական լեռը գտնվում է Թուրքիայի ներկայիս սահմաններում, խոր վիշտ է հայ ժողովրդի համար եւ խորհրդանշում է նրա՝ Հայաստանի հնագույն հողերը վերադարձնելու հույսը։ Արարատը պատկերելը կարող է դիտվել որպես հարգանքի նշան Իրանի ժողովրդի եւ կառավարության կողմից՝ հայ ժողովրդի այս ձգտումներին։ Սա կարելի է մեկնաբանել որպես նուրբ հաղորդագրություն առ այն, որ Իրանը, գիտակցելով եւ ճանաչելով հայոց պատմությունը, ընդունում է նրա ավանդույթները եւ Արարատը համարում Հայաստանին պատկանող առասպելական ժառանգություն»,- ասաց իրանցի փորձագետը: