01/04/2025

Արդյո՞ք Թուրքիան է լինելու այն «խողովակը», որի միջոցով Հայաստանը միանալու է ․․․

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի գլխավոր հյուպատոսը: Այս մասին տեղեկությունը տարածել է Հալեպում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը:

Ըստ տեղեկության՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին: Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը»,- հայտնում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Թուրք դիվանագետը հայ գործընկերոջը հրավիրել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը: Այս իրադարձությունը, անկասկած, լոկ դիվանագիտական էթիկայի արտահայտություն չէ: Օրեր առաջ Երևանում հարցազրույց տալով Թուրքիայից հրավիրված լրագրողներին՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Սիրիայում Հայաստանն ու Թուրքիան կարող են գործակցել:

Դրան հաջորդեց տեղեկությունը մարդասիրական օգնության համար հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման մասին: Ըստ ամենայնի, սակայն, գործակցությունը չի սահմանափակվում դրանով և Թուրքիայի գլխավոր հյուպատոսի այցը Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, թերևս ավելի լայն գործընթացի մասին է:

Արդյո՞ք Թուրքիան է լինելու այն «խողովակը», որի միջոցով Հայաստանը միանալու է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի, որի մասին հայտարարեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2025 թվականի հունվարի 14-ին, երբ իր պաշտոնավարման ավարտին Հայաստանի հետ ստորագրվեց ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունը:

ԱՄՆ պետքարտուղարն այդ ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը միանում է ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային: Ի դեպ, հատկանշական է, որ Վաշինգտոնում մարտի 26-ին ընդունելով Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև գնահատել է ԻԼԻՊ դեմ Գլոբալ կոալիցիայում Թուրքիայի դերակատարումը:

Ի դեպ, Ֆիդանի հետ հանդիպումից առաջ Ռուբիոն հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե Թուրքիան է համակարգելու Հայաստանի մասնակցությունը ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային, ապա ի՞նչ ձևաչափով է արտահայտվելու այդ մասնակցությունը:

Այստեղ հարցն ունի ավելի լայն համատեքստ, այն իմաստով, որ դա կարող է նաև կանխորոշել Մերձավոր Արևելքում հայկական ներկայության նոր համատեքստ, մասնավորապես՝ Թուրքիայի «հովանու» համատեքստը: Համենայն դեպս, Սիրիայում դա նշմարվում է:

Այստեղ մի կողմից առկա է, իհարկե, այդ երկրում մնացած մեր հազարավոր հայրենակիցների անվտանգության ապահովման հարցում իրողությունները հաշվի առնելու և դրանց հետ աշխատելու հանգամանքը, մյուս կողմից այն, որ կարող են առաջանալ ռեգիոնի հայկական համայնքների և պետական քաղաքականության միջև որոշակի բաժանարար ընկալումների ռիսկեր, որոնք չխորանալու համար պահանջելու են զգոնություն և աչալրջություն երկուստեք:

Translate »