30/04/2025

Հայ-թուրքմենական հարաբերության միլիարդավոր դոլարների ծրագրերի առարկայական պատկեր չի ուրվագծվել

Հայաստանը Թուրքմենիայի հետ բանակցում է գազի գնման մասին, որը կարող է իրականացվել Իրանի տարածքով՝ այսպես կոչված սվոփ եղանակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող, Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանը:

Նա ասել է, որ խոսքը տարեկան 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խմ գազի մասին է: Թումանյանը հայտարարել է, թե Իրանն ու Թուրքմենիան համաձայն են, բայց դեռևս համաձայնեցված չէ գնի հարցը: Այդ թեման Հայաստանի և Թուրքմենիայի օրակարգում նոր չէ: Դրա մասին հայտարարվեց նաև 2017 թվականին՝ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ընթացքում:

Խոսքը դարձյալ վերաբերում էր սվոփ տարբերակով Իրանի տարածքով ներկրմանը: Բայց այդ համաձայնությունը, կարծես թե, չստացվեց, ու հաղորդվում էր, որ խնդիրը Թուրքմենիայի ու Իրանի հարաբերության դաշտում էր, փոխադարձ պարտավորությունների առկայության և դրա հետ կապված անհամաձայնությունների դաշտում:

Թեհրանն ու Աշգաբադը գուցե լուծել են այդ հարցերը, եթե համաձայնություն են տվել Երևանի հետ գործարքին: Մյուս կողմից, սակայն, հարցերը գուցե արտահայտվում են գազի գնի համաձայնեցման գործընթացում և այդտեղ է ամենից բարդը, այլ ոչ զուտ համաձայնությունների մակարդակում:

Ի վերջո, Թուրքմենիան ինչո՞ւ պետք է դեմ լինի գազ վաճառելուն, և Իրանն ինչո՞ւ պետք է դեմ լինի տարանցիկ եկամուտին: Բայց բուն հարցը առաջանում է հենց գնագոյացման առնչությամբ, այդտեղ է ամենից բարդը: Ըստ էության, իրավիճակը հենց այդ կետում էր կանգ առել 2017-ին: Կա՞ր հավանականություն հասնել որևէ համաձայնության, եթե չլիներ 2018-ը, թե՞ ոչ, բարդ է ասել: 2018-ից հետո, իհարկե, հարցը օրակարգում չէր, օրակարգում այլ հարցեր էին:

Արտաշես Թումանյանը չի մանրամասնել, թե հատկապես ո՞ր փուլից է Հայաստանը վերսկսել Թուրքմենիայի հետ խոսակցությունը: Գրեթե կասկած չկա, որ դա տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմից հետո: Բայց արդյո՞ք մինչև Արցախի ամբողջական հայաթափումը, թե՞ մինչ այդ: Համենայն դեպս, պետք չէ բացառել և այն, որ Թուրքմենիայի ու Իրանի համաձայնության հարցում դեր է խաղացել նաև ռեգիոնում քաղաքական իրողությունների փոփոխությունը:

Այսինքն՝ 2017-ին խնդիրը եղել է ոչ թե տնտեսական անհամաձայնությունները, այլ գուցե քաղաքական իրողությունները, որոնք փոխվելուց հետո փոխվել է նաև հարցի վերաբերյալ Թուրքմենիայի ու Իրանի դիրքորոշումը:

Համենայն դեպս, թերևս ավելորդ չէ հիշել, որ 2017-ի օգոստոսին Հայաստան էր ժամանել Թուրքմենիայի նախագահ Բերդիմուհամեդովը: Ընդ որում՝ այդ այցը ուշագրավ էր նրանով, որ Բերդիմուհամեդովը ժամանել էր Հայաստան, երբ Սերժ Սարգսյանը դեռևս չէր վերադարձել Ռուսաստան կատարած աշխատանքային այցից:

Ի դեպ, հետաքրքիր է նաև, որ այդ այցն էլ համընկել էր Իսրայելի վարչապետ Նաթանյահուի այցին, և Պուտինը նույն օրը մի քանի ժամի տարբերությամբ ընդունել էր Սերժ Սարգսյանին և Նաթանյահուին:

Բացի ժամանակագրական կապից, որևէ այլ բովանդակային կապ ունեցե՞լ էին այդ հանդիպումները, դժվար է ասել, սակայն 2017-ի ամառը ուշադրության էր արժանի հայ-իսրայելական շփումների որոշակի աննախադեպությամբ:

Վերադառնալով Թուրքմենիայի նախագահի Հայաստան այցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա խոսել էր երկկողմ գործակցության մասին՝ ասելով, որ այդ գործակցության ծրագրերը կարող են չափվել միլիարդավոր դոլարներով: Ունեցե՞լ է դա պայման, թե ոչ, բարդ է ասել, բայց հայ-թուրքմենական հարաբերության միլիարդավոր դոլարների ծրագրերի առարկայական պատկեր, համենայն դեպս, չի ուրվագծվել:

Այժմ Երևանում անցկացվում է տնտեսական համաժողով, որի ընթացքում վարչապետի խորհրդականը հայտարարում է էներգետիկ ոլորտում գործակցության երեք ուղղությունների շուրջ Երևան-Աշգաբադ պայմանավորվածությունների մասին, թեև պարզ չէ՝ դրանք չափվում են միլիարդներո՞վ, և դրանք ա՞յն միլիարդներն են, որի մասին խոսել էր Երևանում Բերդիմուհամեդովը 2017-ին:

Հիշեցնենք նաև, որ 2022-ին Գուրմանգուլի Բերդիմուհամեդովը հրաժարվեց նախագահի պաշտոնից՝ այն, ըստ էության, փոխանցելով որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին: