Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը մարտի 27-ին պաշտոնական այց է կատարել Ղազախստան, որտեղ, բացի իր գործընկեր Նուրթլեուի հետ հանդիպումից, հանդիպել է նաև Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ:
«Ղազախստանի նախագահը կարծում է, որ այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշան և Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը»,- հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը:
Արարատ Միրզոյանը, կարևոր համարելով այցը Ղազախստան ու երկկողմ գործակցությունը, նաև հարաբերությունը բազմակողմ ձևաչափերով, Ղազախստանի նախագահ Նուրթլեուին հրավիրել է Հայաստան: Միրզոյանը նաև հիշել է նախորդ տարի հայ-ղազախական շփումները:
Այստեղ հիշելու բան իսկապես կա: 2024 թվականին Հայաստան են այցելել թե՛ Ղազախստանի արտգործնախարարը, թե՛ նախագահ Տոկաևը: Սակայն հետաքրքրականը, իհարկե, պարզապես այդ այցերի հանգամանքը չէ, այլ որոշակի ժամանակագրական շղթան:
Մասնավորապես, Ղազախստանի ԱԳ նախարարն ու հետո նաև նախագահ Տոկաևը Հայաստան այցից առաջ եղել են նաև Բաքվում: Ոչ անմիջապես, իհարկե: Օրինակ, Ղազախստանի նախագահը մարտի կեսին այցելել էր Ադրբեջան, իսկ ապրիլի կեսին՝ Հայաստան:
Այստեղ հատկանշական է այն, որ Ադրբեջան և Հայաստան այդ այցերից հետո՝ մի քանի օր անց, Երևանն ու Բաքուն հայտարարեցին, օրինակ, Տավուշի հայտնի հատվածների վերաբերյալ համաձայնության մասին, երբ Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց այսպես կոչված ադրբեջանական գյուղերի տարածքները:
Արդյո՞ք այդ համաձայնության հարցում դեր ունեցել է Ղազախստանը, որն ակնհայտորեն ինչ-որ միջնորդական ջանք է գործադրել Երևանի ու Բաքվի միջև, ինչով էլ պայմանավորված են եղել հաջորդական այցերը:
Ապրիլի 15-ին Հայաստանում էր Կասիմջոմարդ Տոկաևը, իսկ ապրիլի 19-ին հայտարարվեց հայ-ադրբեջանական համաձայնության մասին, ընդ որում՝ ոչ միայն գյուղերի տարածքների առնչությամբ, այլ նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի կանոնադրությունը ստորագրելու:
Իհարկե, ստորագրումը տեղի ունեցավ հայտարարված ժամկետից մոտ երկու ամիս անց: Միևնույն ժամանակ, Ղազախստանի արտգործնախարարի և նախագահի այցերի արդյունքն էր, թերևս, այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա հանդիպում կազմակերպվեց Աստանայում՝ մայիսի 10-11-ին:
Մինչ այդ նրանց վերջին հանդիպումը եղել էր փետրվարին՝ Բեռլինում, Գերմանիայի միջնորդությամբ: Արդյո՞ք Աստանան ներկայումս էլ ինչ-որ միջնորդական դեր է ստանձնում Երևանի ու Բաքվի միջև: Սա հասկանալու համար պետք է հետևել թերևս ղազախ-ադրբեջանական շփումներին:
Բաց մի թողեք
Ինչ կորոշի Մարտուն Գրիգորյանը, ով կարող է ազդել նրա որոշման վրա
ՀՀ ընդդիմության և Ստեփանակերտի «ինքնաբուխ պահանջատիրության» նույնականացո՞ւմն է
Իրական եւ անիրական մարտահրավերներ