Իշխանության թիրախում հիմա էլ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն է հայտնվել։ Մասնավորապես, իշխանությունները մտադիր են կրճատել ԳԱԱ պատմության ինստիտուտի ֆինանսավորումը, ինչն արդարացիորեն անհանգստություն ու մտահոգություն է առաջացրել, քանի որ շուրջ 20 տոկոսով ֆինանսավորման կրճատումն անխուսափելիորեն հանգեցնելու է կրճատումների, ինչն էլ էական հարված կլինի ինստիտուտին։
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրճատում եղել է, բայց 70 մլն-ից գոնե 23 մլն-ն կարողացել են վերականգնել։ «Մեզ պետք է տրվեր 336 մլն դրամ, ու դա՝ աշխատավարձերի բարձրացման պարագայում, բայց տրվեց 268 մլն, արդյունքում` վերականգնվեց մոտ 23 մլն-ն, եւ գոնե Պատմության ինստիտուտի ներուժը կարողացանք պահպանել: Այսինքն՝ պայքարի արդյունքում հասանք նրան, որ ինստիտուտի ներուժը պահպանվեց, այլապես, եթե մենք տեղի տայինք այդ մոտեցմանը, բնականաբար, արդյունքը շատ տխուր կլիներ, եւ ինստիտուտի լինել-չլինելու հարցը կարող էր օրակարգի հարց դառնալ: Ի վերջո, կարողացանք որոշ կրճատումների արդյունքում ինստիտուտի ներուժը պահպանել եւ Արցախից եկած 6 մասնագետների ընդունեցինք աշխատանքի, պրոբլեմային խումբ ունենք, որը զբաղվում է արցախահայության պատմամշակութային ժառանգության խնդիրներով եւ նրանց իրավունքների վերաբերյալ աշխատությունների ստեղծման հարցերով»,- ասում Ա. Մելքոնյանը եւ չի թաքցնում` աշխատակիցների կրճատումներ եւս եղել են:
Մեր այն հարցին, թե շա՞տ են եղել նման մարդիկ, պատասխանում է. «Հիմնականում ըմբռնումով մոտեցան մեր այն աշխատակիցները, որոնք համատեղում էին աշխատանքը, քանի որ կես դրույքը 0.25 դարձրինք, եւ որոշ աշխատողներ էլ իրենք դուրս եկան, իրենց դիմումի համաձայն` ուրիշ տեղում աշխատանք ունենալով, բայց, բարեբախտաբար, չեղավ այնպիսի վիճակ, որ մարդն ընդհանրապես աշխատանքից զրկվեր»:
Ա. Մելքոնյանն ասում է, որ, որպես անհատ պատմաբան, միշտ փորձել է ինստիտուտը հարվածներից հեռու պահել եւ այդ հարվածներն իր վրա է վերցրել, բայցեւայնպես, այս անգամ կարծես չստացվեց հարվածներից հեռու պահել ինստիտուտը, եւ կառավարությունը որոշակի չափով կրճատեց Պատմության ինստիտուտի բյուջեն։
«Եթե ես խոսել եմ, որ 2000-ականների սկզբին սկսված, այսպես կոչված` հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը խայտառակություն է, ասել եմ` իմ անունից, որովհետեւ ոճրագործին ու զոհին դնում էինք նույն հարթության վրա, եւ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով էր աշխատում: Հետո եկան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ուղղակիորեն Հայաստանը տանում էին փակուղի, եւ ես նորից խոսում էի: Հիմա, երբ ասում են՝ Գիտությունների ակադեմիան, փաստորեն, վերացնում ենք ու թողնում ենք միայն նախագահությունը, իսկ գիտահետազոտական ինստիտուտները տանում միացնում ենք բուհերին եւ ստեղծում ենք ակադեմիական քաղաք, վերլուծությունը բերում է նրան, որ դա սխալ է, եւ ես արտահայտվել եմ դրա հետ կապված եւս: Եթե ասում են, որ պետք է լինի Հայաստանի պատմություն, ես ասում եմ` այո, Հայաստանի պատմություն է մեր պատմությունը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ` Հայաստանների պատմություն, որովհետեւ Հայոց պատմություն՝ գրաբարով նշանակում է Հայքերի պատմություն` Մեծ եւ Փոքր Հայքերի պատմություն: Եթե ասում են` Արագած եւ Արարատ, ես ասում եմ` ե՛ւ Արարատ, ե՛ւ Արագած, երկուսը միասին: Ես երբեք չեմ լռել եւ իմ մասնագիտական ունակությունների, իմ մասնագիտական խղճի թելադրանքով իմ ասելիքն ասել եմ եւ միշտ փորձել եմ ինստիտուտը հեռու պահել հարվածներից ու դրանք վերցնել ինձ վրա, բայց ես սխալ բան չեմ ուզեցել անել: Եվ գիտե՞ք, թե ինչի վրա եմ զարմանում․ երբ դու տեսնում ես՝ պաշտոնյան, իշխանավորը սխալ քայլ է անում, ու որպես մասնագետ քո կարծիքն ես հայտնում, սակայն դա համարվում է…. կամ էլ ընդհանրապես արհամարհվում է…., երբ դու ասում ես, ընդ որում` 100 պատմաբան ստորագրում է, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը չի կարող լինել շրջանառության մեջ, բայց քեզ լսող չկա, եւ դասագիրքը մնում է շրջանառության մեջ, մի՞թե դա օգտակար է այս երկրի համար: Եթե քո մտավորականությունը մասնագիտական կարծիք է հայտնում մի խնդրի վերաբերյալ, ու դու անտեսում ես դա, արդյո՞ք սա պետության օգտին է կատարվում` իհարկե, ոչ»,-նշում է զրուցակիցս:
Կարո՞ղ ենք ասել, որ ինստիտուտի ֆինանսավորման կրճատումը, իր անձով պայմանավորված, հաշվեհարդար էր ողջ ինստիտուտի դեմ։ «Ես չեմ բացառում դա եւ իրենց` պաշտոնյաներին էլ եմ ասել դրա մասին, որ եթե ամենամեծ կրճատումն արել եք Պատմության ինստիտուտից, ես դրա մեջ միտում եմ տեսնում: Սակայն, երբ փորձեցինք ապացուցել, որ գիտական արդյունքի տեսանկյունից մեր ինստիտուտը հումանիտար ինստիտուտների մեջ առաջնակարգ ինստիտուտներից է, դրա դեմ որեւէ փաստարկ չկարողացան բերել, որովհետեւ եթե հումանիտար ինստիտուտների գիտական արդյունքը տարեկան կազմում է 1000-1.200 գիտական հոդված, դրա 1/3-ը կամ նվազագույնը ¼-ը բաժին է ընկնում Պատմության ինստիտուտին»,- նկատում է Մելքոնյանը:
Այդ առումով, ֆինանսավորման կրճատումն ինչքանո՞վ է ազդելու ինստիտուտի ստեղծագործական ընթացքի եւ գիտական արդյունավետության վրա։ «Հիմա այնպիսի իրավիճակ է, որ մաքուր աշխատավարձի ֆոնդն է մնացել, եւ դու մանեւրելու տեղ բացարձակապես չունես: Ուզում ես մի միջոցառում կազմակերպել` գումար չունես, պիտի դիմես կա՛մ ԳԱԱ նախագահությանը, կա՛մ կոմիտեին, որ նրանք գումար տան, իսկ նախկինում մենք ինչ-որ փոքրիկ գումար ունեինք` զանազան միջոցառումներ կազմակերպելու, տարբեր կառույցների հետ համագործակցություն ապահովելու, գիտաժողովների մասնակցելու, ասպիրանտների պատրաստման առումով։ Հիմա արդեն գնալով այդ հնարավորությունները պակասեցին, եւ զարմանալիորեն մեզ արդեն քննադատում են, որ տարին մեկ անգամ հավելավճար ենք տալիս` 13-րդ աշխատավարձ, որը կես աշխատավարձի չափով էր տրվում, բայց հիմա դրա հնարավորությունն էլ չունենք, եւ 2024-ի վերջին, 30 տարվա ընթացքում առաջին անգամ չկարողացանք հավելավճար տալ մեր աշխատակիցներին»:
Բաց մի թողեք
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Yahoo ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը հետաքրքրված է Chrome բրաուզերի ձեռքբերմամբ
«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են