19/04/2025

Հայ – ռուսական կապերի անկապությունն ու արտաքին պարտքը

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը հասնում է ռեկորդային ծավալի՝ մոտ միլիարդ դոլար»,- Մոսկվայում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը՝ ներկա լինելով հայ-ռուսական գործարար խորհրդի ընդլայնված կազմով նիստին և հայտնելով գործարար կապերի խորացման համար անհրաժեշտ աջակցության պատրաստակամություն:

Անշուշտ, ցանկացած ուղղությամբ Հայաստանի տնտեսական կապերի խորացումը պետք է լինի Հայաստանի դիվանագիտական սեկտորի առանցքային գործառույթներից և առաքելություններից մեկը:

Միևնույն ժամանակ, հայ-ռուսական առևտրաշրջանառության ռեկորդային ծավալները մի կողմից գոհունակություն առաջացնելուց զատ, մյուս կողմից առավել կոնտրաստային տրամաբանությամբ են հիշեցնում Հայաստանի պետական պարտքի ռեկորդային ծավալների, պետական պարտքի աճի բարձր տեմպի հանգամանքը:

Այդ, իհարկե բոլորովին ոչ ուղղակի, ըստ էության, պատկերավոր «կորելացիան», այդուհանդերձ, լավագույնս ի ցույց է դնում Հայաստանում տնտեսական իրավիճակի անառողջությունն ու նաև անտրամաբանականությունը՝՝ մեծ հաշվով արհեստական փչվածության կամ փքվածության հանգամանքը:

Իհարկե, հայ-ռուսական առևտրաշրջանառության բազմապատկումն արհեստական չէ, այլ առկա տնտեսա-քաղաքական, աշխարհ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրողությունների բնական շարունակություն, երբ Հայաստանի գործարար շրջանակները փորձում են օգտվել ՌԴ հանդեպ միջազգային պատժամիջոցների իրողությունից և դառնալ որոշակի կապող օղակ, այդպիսով նաև ստանալ տնտեսական օգուտներ:

Սակայն արդեն գրեթե երեք տարի այդ «համապարփակ» օգտակարությանն ու ռեկորդայնությանը զուգահեռ, Հայաստանի տնտեսությունը մյուս կողմից, ըստ էության, ապրում է պարտքով: Պետական պարտքը վաղուց անցել է ՀՆԱ 50 տոկոսը, որն, ըստ էության, տնտեսագիտական տրամաբանության մեջ այլևս բավականին մեծ ռիսկայնության «կարմիր գիծն» է, հատկապես այն պարագայում, երբ նույն դինամիկայով չի աճում հարկային եկամուտների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, իսկ գոնե որոշակի շարժ ապահովելու համար էլ կառավարությունը հարկային մամլիչն ուժգնացնում է փոքր ու միջին ձեռնարկատիրության նկատմամբ, որն առանց այդ էլ իր լավագույն ժամանակներում չէ:

Եվ այստեղ է, որ առաջանում է փչվածության և փքվածության հանգամանքը, և տնտեսությունն արտահայտում է տպավորիչ վիճակագրություն, բայց պետությունն ապրում է արտաքին պարտքի «տպավորիչ» աճի շնորհիվ:

Օրինակ, օրեր առաջ Հայաստանը հերթական անգամ թողարկեց եվրապարտատոմսեր՝ 750 միլիոն դոլարի: Իսկ փչվելը կամ փքվելը մի օր հանգեցնում է անխուսափելի պայթյունի, եթե տնտեսական վիճակագրությունն ու տնտեսական օրգանիզմի իրական կարողություններն ու կառուցվածքը շարունակում են ծավալվել ոչ թե զուգահեռով, այլ տրամագծորեն տարբեր ուղղություններով:

Հայաստանի ներկայիս կառավարող ուժը բավականին շատ է «ճոճում» միտքը, թե Հայաստանն այսօր առավել, քան անկախ է ու ինքնիշխան: Ինքնիշխանության ու անկախության գլխավոր հենման կետը ցանկացած երկրի տնտեսության կառուցվածքն ու օրգանիզմի աշխատանքի բնականոնությունն է:

Հայաստանում տնտեսության պատկերն այդ իմաստով ցույց է տալիս ոչ թե աննախադեպ ինքնիշխանություն ու անկախություն, այլ լիովին հակառակը՝ այդ իմաստով ձևավորվող աննախադեպ «հենակետային վակուում»:

Translate »