01/04/2025

Դեպի ԵՄ ձգտումը աշխարհաքաղաքական խնդիր է՝ «մեզ քցած» ռուսներից ազատվելու ճանապարհ

Իշխանությունը ԱԺ օթյակում գտնվող լրագրողների հետ խոսում է ՊՊԾ ոստիկանների՝ բռնության լեզվով: Անձեռնմխելիությունից զրկում են նախկինում իշխանամետ, իսկ այժմ ընդդիմադիր պատգամավորի, որը հրաժարվել էր կատարել միապետի պահանջը եւ վայր չի դրել մանդատը:

Ընտրություններում իշխանության օգտին աշխատում են մարզպետը, պետական բուժհիմնարկների, դպրոցների տնօրենները եւ այլն: Իրավապահ համակարգը լծվել է ընդդիմադիր թեկնածուներին եւ նրանց հարազատներին հետապնդելու գործին՝ բոլոր հին ու նոր մեղքերը հիշվել են հենց ընտրություններից առաջ:

Ծնողներին եւ զավակներին ձերբակալելն ու դրա միջոցով ճնշում գործադրելն ինձ հիշեցնում է ստալինյան ժամանակները: Այդ ամենը տեղի է ունենում «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկիզբը» հայտարարելու ֆոնի վրա:

Շարքային քաղաքացիների մեծամասնությունն այստեղ հակասություն չի տեսնում, որովհետեւ դեպի ԵՄ ձգտումը նրանց համար աշխարհաքաղաքական խնդիր է՝ «մեզ քցած» ռուսներից ազատվելու ճանապարհ:

Դա արժեքային ընտրություն չէ, կապված չէ ազատության եւ հանդուրժողականության սկզբունքները հաստատելու հետ: Բայց այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացների տեսանկյունից կարեւոր է, որ իրենք՝ եվրոպացիները նույնպես որեւէ խնդիր չեն տեսնում:

Նրանք պատրաստ են ամենաբացահայտ, ամենալկտի, ամենաբիրտ բռնապետությունը ներկայացնել որպես «ժողովրդավարություն», եթե միապետը եւ նրա պալատականները մի երկու թթու խոսք ասեն ռուսների հասցեին:

Իմ տպավորությամբ՝ ժողովրդավարությանը, ազատ ընտրություններին, իշխանությունների թեւերի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմին չեն հավատում ոչ միայն մեր իշխանությունները, այլեւ եվրոպացի պաշտոնյաներն ու դիտորդները:

Պարզապես վերջիններիս ձեռքում կա «կնիք», որը նրանք դնում են թղթի կտորի վրա: Իսկ այդ թղթին կարող է գրվել «լեգիտիմ – ոչ լեգիտիմ», «ժողովրդավար – ոչ ժողովրդավար»՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից:

…Էրդողանը ձերբակալել է իր հիմնական քաղաքական մրցակցին՝ Ստամբուլի քաղաքապետին: Դրա արդյունքում որեւէ եվրոպական առաջնորդի աչքում Էրդողանը «ոչ լեգիտիմ» դարձա՞վ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am

Translate »