Երբ Լիանային հարցնում եմ իր և ամուսնու ծանոթության մասին, արձագանքում է՝ երկուսս էլ նույն գյուղից՝ Փոքր Մասրիկից ենք: «Ուսումս ավարտեցի, հետո էլ Վիգենը բանակից վերադարձավ, որոշ ժամանակ ընկերություն արեցինք, իսկ հետո 2012 թվականին ամուսնացանք: 2013 թվականին մեր մեծ աղջիկը ծնվեց»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Լիանան: Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս երեխա են ունենում՝ երեք աղջիկ և մեկ տղա:
Լիանան նշում է՝ այնքան շատ բան կարող է պատմել ամուսնու մասին, սակայն հուզմունքը հաճախ է խանգարում: Միշտ փորձում է հաղթահարել այն: «Անսահման ընկերասեր էր: Մեծ հարգանք էր վայելում թե՛ համածառայակիցների շրջանում, թե՛ գյուղում, թե՛ իր ընկերական շրջապատում: Ինչ վատ է, չէ՞, որ «էր»-ով՝ անցյալով ենք խոսում իր մասին: Բայց ինչ-որ պահ է գալիս, որ կարծես սովորության ուժով անես դա»:
Վիգենը ծնունդով Փոքր Մասրիկ գյուղից է: 1995-2005 թթ. սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, աչքի ընկել իր առաջադիմությամբ և վարքով: Լիանան ասում է՝ ամուսինը լավ է նկարել, ինքնուս քանդակագործություն է սովորել: «Բազմաթիվ շիրմաքարեր, խաչքարեր է քանդակել: Իր ընկերներից մեկը՝ Հայկ Թևոյանը, դժբախտ պատահարի արդյունքում զոհվել էր: Վիգենը խաչքար էր քանդակել և սեփական ուժերով և միջոցներով տեղափոխել Օմարի լեռներ: Երբ Քարվաճառը հանձնեցին, իր բոլոր իրերը թողել էր այնտեղ, բայց խաչքարն իջեցրել էր, տեղափոխել Վարդենիս»:
2006 թվականին Վիգեն Ավագյանը զորակոչվել է Հայկական բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի N զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է ավագ սերժանտի կոչման: 2009 թվականին՝ պարտադիր զինծառայությունն ավարտելուց մեկ տարի հետո, անցել է պայմանագրային զինծառայության: Տասը տարուց ավելի ծառայել է Քարվաճառում՝ Օմարի լեռներում: Մասնակցել է թե՛ 2016 թ. Քառօրյա պատերազմին, թե՛ 2020 թ. 44-օրյա պատերազմին: Պարբերաբար պարգևատրվել է ծառայության ընթացքում թե՛ մարտական հերթապահության, թե՛ անբասիր վարքի ու ծառայության համար:
Կինը պատմում է՝ պատերազմների ընթացքում իր ընկերներին է կորցրել: «Սեփական կյանքը վտանգելով՝ այնքան տղաների մարմիններ է դուրս բերել մարտի դաշտից, որ չմնան այնտեղ, որ տուն հասնեն: Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ իր ընկերը զոհվել է, մարմնի մասերն է հավաքել, որ գոնե այդպես նա «տուն հասնի»: Հիմա, երբ նույնիսկ այս մասին խոսում ենք, սարսռում ենք, բայց այդ պահին նա սառնասրտություն է ցուցաբերել: Իր քրոջ ամուսնու եղբոր հետ էր ծառայում Վիգենը Քառօրյայի ժամանակ: Այդ տղան զոհվել է, երբ նրա եղբայրը գնացել է, որ մարմինը դուրս բերի, Վիգենը թույլ չի տվել: Ասել է՝ ձեր ընտանիքից արդեն մեկին կորցրել եք, ես իրեն դուրս կբերեմ: Նման այնքան պատմություններ կան, երբ նա տղաների մարմինները դուրս է բերել մարտի դաշտից: Նվիրված էր իր ընկերներին ու այնքան ծանր էր տանում նրանց կորուստը»:
Քարվաճառի հանձնումից հետո Վիգենի զորամասը տեղակայվել է Սոթքի հատվածում: Երկու տարի ծառայել է Վերին Շորժայի N դիրքում: Վիգենի երրորդ պատերազմը 2022 թ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն էր, երբ թշնամին հարձակվեց Հայաստանի տարածքի վրա: Հետաքրքիր մի բան է ասում Լիանան. «Վիգենը հաճախ էր կիսվում հետևյալ մտքով. «Երկու օրով կռիվ է լինելու, ես հաստատ տուն չեմ գալու»: 34 տարեկան էր, երբ զոհվեց: Միշտ ասում էր՝ սա իմ վերջին ծնունդն է: Երբ հեռուստացույցով տարիքն առած տատիկ-պապիկի էին ցույց տալիս, միշտ իրեն ասում էի՝ Վի՛գ, տեսնես մենք էլ ենք այսպես սիրուն ծերանալո՞ւ: Ասում էր. «Ես չեմ ծերանալու, սա իմ վերջին տարին է»»:
Վիգենն անմահացել է սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքերում: «Ընդամենը երեք հոգով են մարտնչել այդ դիրքում, որոշ ժամանակ հետո մի դիրքից մյուսն են տեղափոխվել: 12-ը զոհվել են, մեկն է ողջ մնացել: Իրեն չէինք գտնում, չգիտեինք՝ ողջ է, գերի է, որտեղ է: Բոլոր դիահերձարաններում փնտրել ենք իրեն, և միայն երեք ամիս անց, այն էլ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց Վիգենի ինքնությունը: Նոյեմբերի 28-ին էին փոխանցել նրա մարմինը»:
Վիգենի և կնոջ վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի գիշերը: «Շուրջբոլորը վառվում էր: Զանգահարեց՝ ի՞նչ վիճակ է, տեսնում եմ, որ բոլորը հեռանում են: Իրոք, այդպես էր: Գյուղում երևի ես ու միայն իմ երեխաներն էինք մնացել, տղաս երկու տարեկան էր, և Լևոնի ընտանիքն էր մնացել: Վիգենն արձագանքեց՝ փախչում են, հա՞: Դա է եղել մեր վերջին զրույցը: Եղբայրս ևս ծառայության մեջ էր: Լուսադեմին խոսել էր եղբորս հետ, ասել. «Արմա՛ն ջան, խնդրում եմ, երեխեքիս լավ կնայեք»: Ռացիայով իրեն կապ են տվել, ասել, որ մենակ է մնացել: Մեծ վնաս են հասցրել թշնամուն, այնքան մեծ, որ վերջում արդեն Վիգենի դեմ «բայրաքթարն» է գործել: Իր մարմինը շատ էր վնասված: Իր ընկերներից կան, որ պատմում են՝ երբ Վիգենի մարմինը փոխանցելիս են եղել, ասել են, որ նա «իսկական իգիթ է»»:
Ապրելու ուժի մասին: «Այդ ուժն իմ երեխաներից եմ ստանում: Մեր տղային շատ եմ նմանեցնում Վիգենին: Ապրում եմ այն մտքով, որ մի օր կհանդիպեմ իրեն երկնքում: Մենք իրար շատ ենք սիրել: Այդ սերը չի պակասել, միայն ավելացել է: Չնայած այս մեծ ցավին ու կորստին, ես շատ հպարտ եմ, որ նա չի փախել, իր դիրքը չի լքել, իր ընկերներին մենակ չի թողել: Շատ ցավալի է նաև այն, որ իր զինվորները ևս զոհվել են: Նրանք մարտնչել են իրենց կյանքի գնով՝ հանուն մեզ ու մեր երկրի: Մի տեսանյութ կա, 2021 թ. մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը դիրքավորվեցին նաև Վերին Շորժայում, նա ընդառաջ է գնացել ադրբեջանցի զինվորներին: Ադրբեջանցիները ցույց են տալիս դեպի Քարվաճառի կողմը, ասում՝ մեր Քելբաջարն է, մենք այնտեղ ենք կռվել: Վիգենն իրենց հակադարձում է, երկար խոսում, ու մտածում ես՝ դա էլ իր անվախության մասին է վկայում, ամեն մեկը չէր կանգնի թշնամուն դեմ հանդիման»:
Հ. Գ. – Ավագ սերժանտ Վիգեն Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատանը՝ իր հերոս ընկերների կողքին:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Բաց մի թողեք
Ապրիլի 1-ի աստղագուշակ․ Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին
Այս մարդու վարած քաղաքականությունը ուղի է հարթում հետագա քաղաքական գործողությունների վրա և գաղջից դուրս գալու միակ ճանապարհն է
Մարտի 31-ի աստղագուշակ․ Մի նեղացեք իրենց դիվանագիտորեն չպահող մարդկանցից