Օրերս հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքների ապօրինի օտարման դեպքերով քրեական վարույթի շրջանակում։
«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ գլխավոր դատախությունից հարցման միջոցով մի շարք մանրամասներ է պարզել Սարգսյանին ներկայացված մեղադրանքից։
Ի՞նչ հիմքով է հետապնդվում 3-րդ նախագահը
Այսպես, Դատախազությունից հայտնում են, որ 3-րդ նախագահը որպես մեղադրյալ ներգրավել է նոր քրեական գործում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (18 դրվագ), այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում։

Սարգսյանը մեղադրվում է նաև ՀՀ Քրեական օրենսգքրի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) պաշտոնեական դիրքի օգտագործմամբ և առանձնապես խոշոր չափերով։

FIP.am-ին Դատախազությունից հայտնել են նաև, որ Սարգսյանին մեղսագրվող արարքը կատարվել է 2005 թվականի ապրիլից մինչև 2006 թվականի հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում․ փաստացի, այն տարիներին երբ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, քրեական վարույթով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 5,608 միլիարդ դրամ։
Երրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ավարտել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։
Կոմիտեն պարզել էր, որ 2005-2008 թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը (ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ Արմեն Սարգսյանը), պաշտպանության նախարարի կողմից տրված լիազորագրերի հիման վրա շուկայականից ցածր գնով օտարել է նախարարությանը պատկանող «Եռաբլուրին», Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման, գիտաարտադրական կայանի կառուցման համար օգտագործման նպատակային նշանակությամբ 17 հողատարածքները։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ
ՀՀ փառապանծ ոստիկանությունն էլ անկարող էր կարգի հրավիրել Վիլեն Գաբրիելյանին․ Տեսանյութեր