01/04/2025

90-ականների չգիտես որ երկրների ռեյդերական «զախվատների» մեթոդներն են հիշեցնում․ Ասլանյան

Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իրեն աջակցող արեւմտյան կառույցները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավարական արժեքներ կրող երկիր է, սակայն ամեն անգամ ՏԻՄ ընտրություններից առաջ կամ հետո հայ ժողովուրդն ականատես է լինում ընդդիմության հանդեպ ճնշումների, քրեական հետապնդումների եւ իշխանազավթման փորձերի:

Գորիս, Վանաձոր, Ալավերդի, Գյումրի, Փարաքար համայնքներում Նիկոլ Փաշինյանը, չմարսելով ՔՊ-ի պարտությունը, դիմել է տարատեսակ ռեպրեսիվ գործողությունների եւ զավթել իշխանությունը: Օրինակ` Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը 2021-2024 թվականներին կալանքի տակ հայտնվեց ընտրություններում հաղթելուց հետո եւ հաղթելու պատճառով: Հետո Նիկոլ Փաշինյանը Վանաձորում համայնքապետ նշանակեց չընտրված անձի` Արկադի Փելեշյանին, որի ղեկավարած ուժը երրորդ տեղն էր զբաղեցրել ընտրություններում` ստանալով ընդամենը 5 մանդատ:

ՏԻՄ ընտրությունների, ռեպրեսիաների եւ ընդդիմությանն ուղղված սպառնալիքների մասին «Հրապարակը» զրուցել է Վանաձորի ընտրված, սակայն այդպես էլ քաղաքապետ չդարձած Մամիկոն Ասլանյանի հետ:

– Ձեր դեմ քրեական հետապնդումը դասական օրինակ է դարձել: Այժմ Փաշինյանը փորձում է նույն բանն անել Գյումրիում: Եթե Վանաձորում մարսեց, ինչո՞ւ չպետք է անի նաեւ Գյումրիում: Ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների այս գործելաոճը:

– Բոլոր նրանք, ովքեր մտնում են ընտրապայքարի մեջ, դա պետք է նկատի ունենան, պետք է պատրաստված լինեն, պատրաստ լինեն այդ ամենին, որովհետեւ այս երկրում այդպես է լինում: Էդ որ ասում են` ընտրություններ չենք կեղծում, ընտրություններն անցկացնում ենք այլընտրանքային սկզբունքներով, դա այդքան էլ այդպես չէ: Իշխանությունը հիմնականում իր բոլոր գործիքակազմերը, վատ առումով` սեւ գործիքակազմերը կիրառում է եւ ամեն ինչ անում է, որ ընտրությունները նորմալ ու օրինական չանցնեն: Ուղղակի Գյումրու թեկնածուներն առաջադրվելուց առաջ այդ ամենը պետք է նկատի ունենային: Ընտրապայքարից առաջ պետք է պատրաստ լինեն, որ իրենց թիմերի, իրենց նկատմամբ կիրառվելու են ռեպրեսիվ մեթոդներ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց` Ձեր փորձից ելնելով:

– Ամեն դեպքում, խորհուրդ կտամ չընկրկել, եթե մտել են ընտրապայքարի մեջ, պետք է գնան մինչեւ վերջ:

– Հաշվի առնելով նաեւ Ձեր օրինակը, ի՞նչ եք կարծում` ընտրությունների միջոցով հնարավո՞ր է այս իշխանությանը հաղթել:

– Այսօր հաղթել ընտրու­թյուն­ներում՝ չի նշանակում իշխանություն ձեւավորել: Այս իշխանությունը եթե մինչեւ այս թմբկահարել է, թե ընտրություններ չի կեղծում, այժմ ակնհայտ է, որ ընտրություններ կեղծել՝ չի նշանակում բուն ընտրությունների օրը գնալ տեղամաս եւ ձայներ կեղծել կամ էլ ձայների վրա ունենալ մեխանիկական, տեխնիկական ազդեցություն: Ընտրություններ կեղծել՝ նշանակում է, օրինակ, թույլ չտալ, որ ընտրությունների արդյունքները տեղ գտնեն քաղաքի կառավարման մեջ: Այսինքն ստացվում է, որ անգամ եթե քո ձայներն առաջատար են, դու հաղթել ես, դեռ չի նշանակում, որ կարող ես իշխանություն ձեւավորել: Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը հենց դրա մասին է:

– ՏԻՄ ընտրություններն ի՞նչ նշանակություն եւ կարեւորություն ունեն այսօր մեր իրականության մեջ:

– Արդյունքների մասին հետո կխոսենք, հիմա արդյունքների մասով չեմ ուզում խոսել, բայց ակնհայտ է մի բան, որ արդեն իսկ տեսնում ենք, թե ինչ անհարթ պրոցեսներ են տեղի ունենում` վարչական ռեսուրսի փնթի օգտագործում, ռեպրեսիվ համակարգի կիրառում…. այս փուլում արդեն կարող ենք արձանագրել, որ նախընտրական շրջանն օրենքի եւ մրցակցության տրամաբանության մեջ չի տեղավորվում:

– Եթե Վանաձորում առաջիկայում ընտրություններ տեղի ունենան, կմասնակցե՞ք, կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը:

– Ճիշտն ասած, այդ ուղղությամբ չեմ մտածում, մինչեւ իշխանության անօրինական գործելաոճը չփոխվի, ընդհանրապես ընտրությունների թեմայով բանավեճի մեջ մտնել կամ մասնակցել, կարծում եմ` ամենաքիչը ոչ պրոդուկտիվ է:

– Բայց արեւմտյան կառույցները եւս պնդում են, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է:

– Հայաստանի իշխանությունը պետք է կարողանա հասնել այն ինքնագիտակցության եւ զարգացվածության աստիճանին, որ հասկանա, թե ինչ կարեւորություն ունեն տեղական ընտրությունները մեր կյանքում: Շատ հնարավոր է, որ քաղաքներում այլ պատկեր ստացվի, համապետական ընտրություններում` լրիվ այլ պատկեր, խաղաղ քաղաքական գոյակցության պայմաններում ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական քաղաքապետեր կարող են լինել, եւ դա շատ նորմալ է: Պետք է կարողանալ նորմալ հարաբերություններ հաստատել: Եվրոպական երկրներում այդպես է, ժողովրդավարության մասին խոսող երկիրը չի կարող ռեպրեսիաների գնալ: Հայաստանի օրվա իշխանությունը մտածում է. «Միայն թե մերը լինի, միայն թե մենք լինենք ամեն տեղ»: Բայց չեն հասկանում, որ այդ մոտեցումն իրենց իշխանությանը տանում է շատ բացասական տեղ: Նման բիրտ մեթոդներով պայքարի արդյունքում երբեք մարդիկ չեն կանգնելու իրենց կողքին, այդ քաղաքները չեն դառնալու իրենցը:

– Հավանաբար, հող են նախապատրաստում 2026 թվականի հերթական ընտրությունների համար:

– Բայց նույն բանն արեցին 2021 թվականի ընտրություններից հետո, այդ ժամանակ էլ հո չէի՞ն անում, որ 2026-ի համար հող նախապատրաստեն: Նրանց գործողությունները ցածր քաղաքական ինտելեկտուալ մակարդակի, 90-ականների չգիտես որ երկրների ռեյդերական «զախվատների» մեթոդներն են հիշեցնում: Դա ոչ միայն հեռու է ժողովրդավարությունից, այլեւ սովորական քաղաքական պրոցեսներից է շատ հեռու: Այս տիպի ընտրություններ արվել են 90-ականներին: Ընտրարշավի խոսույթը, ռեգրեսիվ մեթոդները մեզ տանում են 20 եւ ավելի տարի հետ:

– Վանաձորի ավագանու նիստերին չեք մասնակցում, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում այնտեղ:

– Չեմ մասնակցում, ես անօրինական որեւէ պրոցեսի չեմ մասնակցում, իմաստ չկա, ինչո՞ւ մասնակցեմ: Անօրինական վարչակազմ է, ի՞նչ է նշանակում՝ խլել իշխանությունը բռնի, բիրտ, ոստիկանադատաքննչական, դատախազական մեթոդներով: Այդքանից հետո ի՞նչ սկզբունքով այդ մարդկանց հետ նիստի մասնակցեմ:

– Հնարավոր չէ՞ վերականգնել արդարությունը, ի վերջո` Դուք եք հաղթանակ տարել:

– Արդարությունը վերականգնելու համար պայքար է պետք, միասնական մեծ ճակատ է պետք, որպեսզի վերջիվերջո հակընդդեմ ուժը հասկանա, որ խլխլոցներով, ռեպրեսիվ մեքենաներով, ահաբեկչություններով չի կարելի հասնել արդյունքի:

– Իսկ Վանաձորը հիմա ի՞նչ վիճակում է, Փելեշյանը կարողանո՞ւմ է կառավարել քաղաքը:

– Ինչպես երկիրն է, այնպես էլ Վանաձորն է մոտավորապես կառավարվում, կամայական սկզբունքներով նշանակում են ԺՊ-ներ, ու այդպես:

Translate »