Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր ժամանում է Փարիզ, որտեղ կբանակցի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: Ինչպես արդեն հայտնի է, բանակցության օրակարգը լինելու է բավականին լայն: Հատկանշական է, որ Ֆիդանի Ֆրանսիա այցից զուգահեռ, այս օրերին Երևան ու Բաքու է այցելել Գերմանիայի նախկին արտգործնախարար, ներկայումս նախագահ Շտայնմայերը: Շտայնմայերը Երևանից արդեն ժամանել է Բաքու:
Ըստ էության՝ ֆրանս-թուրքական երկխոսությունն ու Գերմանիայի նախագահի կովկասյան այցը հնարավոր է տեղավորել մի շրջանակի մեջ, ոչ ուղիղ և անմիջական կապակցվածությամբ, սակայն ընդհանուր տրամաբանությամբ, որը պայմանավորված է Եվրոպայի շուրջ նոր իրավիճակով: Այդ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Եվրոպային սպառնում է «շրջափակում», այդ բառի, իհարկե, ոչ բուն ֆիզիկական իմաստով, այլ քաղաքական և աշխարհտնտեսական:
Սա, իհարկե, կախված է մի շարք գործոններից, որոնց կատալիզատորը, սակայն ռուս-ամերիկյան գործընթացն է: Եվրոպան մնում է այդ գործընթացի միջև «պարփակված» և, ըստ էության, «ելքեր» մնում են Թուրքիան ու Միջերկրծովյան ռեգիոնը:
Խոսքը դեպի Ասիա ելքերի մասին է՝ հաշվի առնելով այն, որ համաշխարհային տնտեսության առումով ծանրության կենտրոնը շատ վաղուց, իսկ վերջին շրջանում ավելի դինամիկ՝ տեղափոխվում է դեպի Ասիա: Սա է նաև պատճառը, որ, ըստ էության, սրվում է նաև պայքարն Ասիայի համար, որը պայմանականորեն նաև կարող է ընդարձակվել «Գլոբալ հարավ» հասկացությամբ:
Եվրոպայի համար հույժ կարևոր են դառնում ելքերը դեպի Գլոբալ հարավ կամ այսպես ասած՝ Գլոբալ հարավ-արևելք: Այստեղ Թուրքիան ստանում է հիմնարար, որոշակի հարաբերականությամբ՝ անփոխարինելի իմաստ և նշանակություն, ածանցյալ նաև Կովկասով:
Այս հանգամանքը Եվրոպայում, անշուշտ, ենթադրում է առաջատարների ընդհանուր հայտարարած և նպատակ, բայց միևնույն ժամանակ կարող է պարունակել ընդհուպ մրցակցային տարրեր, առ այն, թե Եվրոպայում ո՞վ է լինելու ԵՄ-Թուրքիա որևէ պայմանավորվածության, այսպես ասած, հսկիչ փաթեթ տնօրինողը:
Իր հայտը Ֆրանսիան, իհարկե, ներկայացրել է շատ բաց: Բոլոր դեպքերում, Թուրքիայի հետ եվրոպական քննարկումների օրակարգում Կովկասի հարցը, ըստ էության, լինելու է «ողնաշարային»:
Բաց մի թողեք
Ադրբեջանը՝ և ԵՄ և Չինաստանի ուշադրության ներքո է, անգամ շահեր են բախվում՝ ով ավելի շատ, իսկ Հայաստանը
Ադրբեջանի պահանջով տարածքի «վերադարձ» և փշալարի ու պատի կառուցում
Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»