01/05/2025

Հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրը» ռուս-թուրքական համաձայնության տիրույթո՞ւմ

Պարզվում է, Վաշինգտոնում այլևս այնքան էլ լավատես չեն Ուկրաինայում հրադադարի հաստատման Ռուսաստանի մտադրության նկատմամբ:

Անցյալ շաբաթվա ընթացքում ռուսաստանյան կողմի հետ հեռախոսազրույցներից պետական դեպարտամենտում տպավորություն է ձևավորվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն դիմադրում է կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրման Վաշինգտոնի ջանքերին:

Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է վստահություն հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է հակամարտությանը վերջ դնել: ԱՄՆ նախագահն այս առումով որևէ հայտնագործություն չի արել, Մոսկվան բազմիցս և բարձր ու բարձրագույն մակարդակով հայտարարել է, որ կցանկանար հատուկ ռազմական գործողությամբ առաջադրված նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով: Եվ եթե Վլադիմիր Պուտինն ակտիվորեն դիմադրում է Վաշինգտոնի ջանքերին, նշանակում է, որ Միացյալ Նահանգների առաջարկած տարբերակը նրան չի բավարարում։

Ամերիկյան մի պաշտոնյա Reuters-ին ասել է, որ եթե Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան գործարքը չկայանա, ապա դա նախագահ Թրամփի համար «անեծք կլինի», քանի որ նա խոստացել է արդեն ապրիլի վերջին հասնել հրադադարի հաստատման, ապա անցնել կայուն խաղաղության համաձայնագրի բանակցություններին:

Մոտ ապագայում Թրամփ-Պուտին հեռախոսազրույց ծրագրված չէ: Դա նշանակում է, որ Էր-Ռիյադի բանակցություններում ընդհանուր գծերով «համաձայնեցված» հարցերը «դետալային մշակման փուլում» տարընթերցումների և սկզբունքորեն հակադիր մեկնաբանությունների տեղիք են տվել և անցած ժամանակահատվածում փորձագիտական խմբերին չի հաջողվել «ճեղքվածքը փակել»:

Իրավիճակի նրբությունը միայն Թրամփի «գլխին ծանրացող անեծքի» մեջ չէ, եթե ռուս-ամերիկյան «գործարք» չկայանա, ապա «նոր աշխարհակարգի դոկտրինը» կկորցնի ակտուալությունը: Այդ դեպքում կամ Միացյալ Նահանգները ստիպված կլինի վերականգնել եվրա-ատլանտյան ուժային կենտրոնը՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն կազմավորվել է կամ միջազգային քաղաքականությունը կվերադառնա նախանցյալ դարավերջի «բլոկային դիմակայության ռեժիմի», ինչը, բնականաբար, կմեծացնի ռեգիոնալ պատերազմների հավանականությունը:

Այս առումով, հավանաբար, առաձին վերլուծության թեմա է Ադրբեջանի վերջին երկու-երեք շաբաթների «վարքը»: Բավական ակնառու է, որ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները «նախկին մակարդակին վերադարձնելու» Բաքվի դիվանագիտական ջանքերն առայժմ շոշափելի արդյունքի չեն հասել:

The Jerusalem Post պարբերականի վարկածը, որ քննարկվում է ամերիկա-իսրայելա-ադրբեջանական «քաղաքական ալյանսի ձևավորումը», եթե անգամ իրականությանը մոտ է, գործնականում հազիվ թե առարկայանա, քանի դեռ հարթված չեն Իսրայելի և Թուրքիայի հակասությունները: Իսկ դրանք, ընդհակառակը, գնալով ավելի սուր բնույթ են ստանում:

Այս առումով չափազանց ուշագրավ է, որ Սիրիայի հարավ-արևմտյան շրջաններում թուրքական ռազմահենակայաններ ստեղծելու մասին տեղեկատվության ֆոնին այդ երկրի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ուղերձ է հղել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին:

Առիթն, իհարկե, մուսուլմանական Ռամադան տոնն է, բայց արված են ենթատեքստային ընդգծումներ: Ալ-Շարաան, մասնավորապես, Իլհամ Ալիևին անվանել է «թանկագին եղբայր»: Դա, ամենայն հավանականությամբ, կրոնով և դավանանքով, ոչ թե անձնական կապերով կապվածության մասին դիվանագիտական ակնարկ է:

Ուրվագծվում է, որ Սիրիայում Թուրքիան և Ռուսաստանը ռազմական ներկայության հարցում կգան համաձայնության: Անորոշ է մնում անդրեփրատյան տարածքներում ամերիկյան զորախմբի ներկայության ապագան:

Եթե Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան «գործարքի» շուրջ բանակցությունները բարդանում են, ապա Դոնալդ Թրամփը հազիվ թե այդ զորախումբը դուրս բերելու որոշում ընդունի: Մոսկվան ակնհայտորեն հասկացրել է, որ հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարթակ միայն ինքը կարող է լինել: Էրդողանն այդ շանսը կտա՞ Պուտինին: