29/04/2025

Վահե Գուլանյանն անհետացել է, մանրամասներ քրգործից․ Լուսանկար

«Սեւան ազգային պարկ»-ի տնօրենի տեղակալ, այնուհետ տնօրեն աշխատած Վահե Գուլանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Գուլանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու։

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ մեղադրանքի՝ Վահե Գուլանյանը կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն եւ մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հազար 691 ՀՀ դրամի հափշտակություն:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «մի խումբ անձանց օժանդակությամբ` խարդախությամբ» պետությունից 20 մլն 405 հազար 214 դրամ հափշտակելու, նաեւ` փողերի լվացման համար: Վ. Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (3 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Այս քրեական գործից «Հրապարակ»-ը որոշ մանրամասներ է ճշտել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը հայտնում է, որ քրգործի քննությունը սկսվել է դեռեւս 2 տարի առաջ, մինչ դատարանը քննել է Վահե Գուլանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը եւ ընտրել վարչական հսկողություն սահմանելը, վերջինս անհետացել է, եւ 2 տարի է՝ իրավապահները չեն կարողանում դուրս գալ նրա հետքի վրա։

Մեր աղբյուրը ներկայացրեց քրեական գործի պատմությունը՝ նշելով, որ քննիչները նախաքննության փուլում ցանկացել են Գուլանյանին ստիպել, որ նա իրեն մեղսագրվող վնասի մի մասը վերականգնի ՝ 15 միլիոն դրամի չափով, սակայն նախկին պաշտոնյան չի համաձայնել՝ ասելով, թե այդքան գումար չունի։

Գործից լավատեղյակ իրավաբանը մեզ պատմեց. «Քանի որ վերջին տարիներին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է` ծառերի բները մնացել էին ջրի տակ, կեղտոտ էին Սեւանի ափերը, պետությունը հանձնարարել էր մաքրել դրանք, որը պիտի իրականացներ «Սեւան ազգային պարկը»։ Հիմա Քննչական կոմիտեն ասում ա, որ ծառերի բները ջրի տակից դուրս չեն հանվել, ափերը չեն մաքրվել, բայց դրա դիմաց փող է դուրս գրվել։ Սակայն պաշտպանական կողմն ասում է, որ ինքը մրցույթ է հայտարարել այդ աշխատանքի համար, որտեղ հաղթող է ճանաչվել «Արտնաուկա» ՍՊԸ-ն, որի տնօրենն Աննա Պողպատյանն է։

Քննիչները, տեսնելով, որ Գուլանյանն անհետացել է, ստիպում են այս Անահիտին՝ ցուցմունք գրի՝ ասելով, որ դու դատարան կգաս որպես վկա, իսկ Վահեն կդատվի։ Անահիտը ցուցմունք է տալիս, որ ինքը` Վահեի ասելով, եղել է այդ ՍՊԸ-ի տնօրենը, որի դիմաց ստացել է 200 հազար դրամ աշխատավարձ, 40 միլիոն դրամ չի ստացել, երբ պետությունն այդ գումարն աշխատանքի դիմաց փոխանցել է իրենց, ինքը դա տվել է Վահեին»։

Ըստ մեր զրուցակցի՝ Գուլանյանին չգտնելով, իրավապահները որոշում են Աննա Պողպատյանի դեմ քրգործ հարուցել, մեղադրանք առաջադրել, այժմ վերջինս ամբաստանյալի կարգավիճակ ունի, նրա վերաբերյալ քրեական գործը դատարանում է` փողերի լվացմանն օժանդակելու հոդվածով։

«Հրապարակ». Վահե Գուլանյանն անհետացել է. մանրամասներ՝ քրգործից