Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության առանցքային նախարարների և փորձագիտական համայնքի հավաք է հրավիրել՝ Իրանի հանդեպ հնարավոր ռազմական գործողությունների թեմայով: Խոսքը, իհարկե, ոչ թե Ֆրանսիայի հնարավոր գործողությունների մասին է, այլ Իսրայելի և ԱՄՆ-ի, ինչի վերաբերյալ տեղեկատվական ֆոնը համառորեն ու հետևողականորեն խտանում է:
Ֆրանսիայի նախագահը փորձում է հասկանա՞լ, թե արդյոք տեղեկատվական այդ ֆոնի խտացումը ի վերջո պարունակում է հարվածի ռիսկ, թե՞ Ֆրանսիայի նախագահը գործում է հավաստի հետախուզական տեղեկատվության հիման վրա, և խնդիրը հարվածի դեպքում Ֆրանսիայի վարքն ու գործողությունները մշակելն ու հասկանալն է:
Սա կարևոր է նաև Հայաստանի համար, որովհետև Ֆրանսիայի վարքագիծն այս կամ այն պարագայում, կարող է անմիջականորեն առնչություն ունենալ նաև Հայաստանին՝ հաշվի առնելով թե՛ Փարիզի հետաքրքրությունը Կովկասի հանդեպ, թե՛ այն, որ խոսքը, ըստ էության, Իրանի հյուսիսային սահմանի մասին է, այդ հանգամանքին առնչվող բազմաթիվ աշխարհաքաղաքական և ռազմա-քաղաքական գործոնների համախմբով հանդերձ:
Հետաքրքիր է, Երևանն այդ իմաստով հաղորդակցման մե՞ջ է Ֆրանսիայի հետ: Վերջին օրերին այդ ֆոնին որոշակի այլ դիտանկյան տակ կարող ենք հայացք գցել Ֆրանսիա-Թուրքիա շփումների, ինչպես նաև Ադրբեջան-Իրան հաղորդակցության հանգամանքի վրա: Իրանի նախագահի խորհրդականը ժամանել է Բաքու և բանակցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ, իսկ առաջիկա օրերին անոնսավորվել է Իրանի նախագահի այցն Ադրբեջան:
Այդ տեղեկությունը դեռ չի ստացել պաշտոնական հավաստում, սակայն բավականին նկատելի է, որ Իրանի շուրջ, այդուհանդերձ, խտանում է ոչ միայն տեղեկատվական ֆոնը, այլ նաև դիվանագիտական: Եվ այս իմաստով, իհարկե, հարցը նաև այլ դաշտում է մասնավորապես:
Արդյո՞ք տեղեկատվական ֆոնի խտացման ներքո հնարավոր է պարզապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր գործարքի հասունացում, և այստեղ խնդիրը տեղեկատվական հարթության վրա հանգում է հարցադրման՝ կլինի հարված, թե ոչ, իսկ ահա իրական քաղաքական գետնի վրա ինչպիսին կլինի միջուկային նոր գործարքի ձևաչափը, դրա բովանդակությունն ու կազմը:
Բաց մի թողեք
Սպիտակ տունն ու Թրամփն անձամբ գոհ չեն Պուտինի որոշումից
Չինաստանի նոր հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում
Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի՞