24/04/2025

Իրենց գործը կադրերի սով ազդարարելն ու դրանով արդարանալը չէ, առաջանում է «բարոյականության սով»

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ երկրում կադրային սով է, լավ կադրեր կան, բայց քիչ են և նախընտրում են բարձր աշխատավարձով աշխատել մասնավոր սեկտորում կամ արտերկրում, այլ ոչ թե պետական համակարգում:

Նիկոլ Փաշինյանն, ըստ երևույթին, գտել է կառավարման անարդյունավետությունը «հիմնավորելու» և դա առաջիկայում նախընտրական փաթեթավորմամբ հանրությանը մատուցելու նոր «գաղափար»:

Այն, որ Հայաստանը չի փայլում բարձրորակ կադրերի առատությունից տարբեր ոլորտներում, կասկածից վեր է: Այստեղ, իհարկե, ավելորդ է բանավիճելը: Բայց ասել, որ Հայաստանում կադրային սով է, դա թերևս նշանակում է հերթական խաղադրույքը կատարել մեր անկարողության, տկարության, անելանելիության մտայնության վրա:

Այնպես, ինչպես օրինակ ռազմա-քաղաքական հարցերում: Իսկ դա վտանգավոր է բոլոր իմաստներով՝ հոգեբանականից մինչև կառավարչական: Իհարկե, չկան հետազոտություններ, սակայն աշխարհի որևէ երկրում լավագույն կադրերը բնականորեն գնում են մասնավոր սեկտոր, որովհետև նույնքան բնականորեն ամենուրեք հենց մասնավոր սեկտորում է բարձր աշխատավարձը:

Որևէ զարգացած երկրում պետական սեկտորն իր աշխատավարձային առաջարկներով մրցունակ չէ մասնավորի հանդեպ: Եվ ընդհանրապես, որևէ երկրում պետական սեկտորին «բաժին չեն ընկնում» լավագույն կադրերը, որ գոյություն ունեն տվյալ երկրում:

Այստեղ է, որ առանցքային է դառնում այն, թե ովքեր են տնօրինում կադրային քաղաքականության լծակը, ովքեր են որոշում այդ քաղաքականության սկզբունքները, չափանիշները, հետևաբար նաև պայմանավորում կադրերի ընտրության էֆեկտիվությունը:

Բերենք ֆուտբոլային օրինակ, որը, իհարկե, նույնական չէ, բայց զգալիորեն բնորոշ է խնդրո առարկային: Հնարավոր է մեկ թիմում հավաքել աստղերի, յուրաքանչյուր դիրքում աշխարհի լավագույնին, բայց այդ թիմը չունենա էֆեկտիվություն և կայուն խաղ ու մեծ հաջողություններ, ձեռագիր, ընդհանուր նկարագիր և հաստատուն արդյունք:

Միաժամանակ հնարավոր է հավաքել թիմ, որտեղ ամեն դիրքում աստղ չէ, բայց խաղային որակների ճիշտ տեղաբաշխում և համակցվածություն ստանալու դեպքում, թիմը հասնում է աննախադեպ հաջողությունների:

Եթե կա կադրերի օբյեկտիվ սղություն, ապա շատ մեծ է դառնում մարզիչի հմտությունը, տվյալ դեպքում՝ պետական կառավարման համակարգի կադրեր ընտրողների՝ հենց վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ: Նրանց խնդիրը կադրերի սով ազդարարելն ու դրանով արդարանալը չէ:

Հանրությունը նրանց մանդատ է տվել ոչ թե կադրերի բացակայությունից դժգոհելու, այլ կադրային հմուտ քաղաքականությամբ բավարար համակարցված պետական համակարգ ձևավորելու: Հակառակ դեպքում, կարող է ձևավորվել «բարի ավանդույթ», երբ բոլոր հարցերում անհաջողության պատճառները կառավարությունից դուրս են:

Այդպես քայքայվում է ոչ միայն կառավարման տրամաբանությունը, այլ նաև իշխանություն երևույթի բարոյականությունը: Այլ կերպ ասած, առաջանում է «բարոյականության սով»: