08/04/2025

Զիջումներով զսպելու արվեստը

Հետպատերազմյան գրեթե չորսուկես տարվա ընթացքում ՀՀ-ում ոչ այնքան հաճախադեպ, բայց բավական արատավոր մի թեզ է շրջանառվում՝ ընդ որում օրվա իշխանությունների մակարդակով:

Աննշան բացառություններով՝ դրա մասին խոսում են անգամ երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը, Կառավարության անդամներ, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մի խոսքով՝ իշխանական, այսպես կոչված, վերնախավի ներկայացուցիչներ:

Ըստ այդմ՝ թշնամու զավթողական գործողությունները, սպառնալիքները զսպելու համար պետք է որոշակի զիջումների գնալ:

Սա, անշուշտ, անընդունելի մոտեցում է, որը հատուկ է վախկոտ, արժանապատվություն չունեցող մարդուն: Փորձը ցույց է տվել, որ զիջումն իր հետեւից բերում է նոր զիջումներ, անդադրում պահանջներ ու նախապայմաններ՝ մանավանդ երբ գործ ունես Իլհամ Ալիեւի նման անհագ ախորժակ ունեցող երդվյալ հայատյացի եւ արյան ծարավ ինչ-որ գոյանքի հետ:

Չբավականանալով 17 միակողմանի զիջում եւ կից 2 կարեւոր պահանջ պարունակող «Խաղաղության համաձայնագիր» վերտառությամբ թալանչիական «թղթով», որը քիչ է համարում անգամ մի ստորագրություն դնելու համար, Ալիեւն արդեն նոր պահանջների մասին է մտմտում:

Դատելով նրա ակնարկներից՝ կարելի է արձանագրել, որ շուտով պաշտոնապես կհնչեն նրա նոր պահանջները: Դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգության գոտու տեղ ազատելուն, ինչը ենթադրում է այդ նպատակով սահմանի հայկական հատվածից առնվազն մի քանի կմ լայնությամբ տարածքի հատկացում՝ առանց ադրբեջանական կողմից համաչափ տարածքի տրամադրման:

Հաջորդ պահանջի թեման հայկական Զինված ուժերի թվակազմի կրճատմանն է առնչվում, երրորդը՝ միջազգային դատական ատյանում հայկական կողմից Ադրբեջանի բնությանն, իբր, պատճառած՝ ոչ ավել, ոչ պակաս, շուրջ 150 մլրդ դոլար վնասի փոխհատուցման հայցի ներկայացմանը:

Հատկանշական է, որ ի տրիտուր Արդարադատության միջազգային դատարաններ ներկայացրած գանգատների երկուստեք չեղարկման վերաբերյալ Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածության, Ադրբեջանը պատրաստվում է ահռելի գումարի նոր հայց պատրաստել՝ ՀՀ-ից անամոթաբար պահանջելով հետ կանչել իր ներկայացրած 5 «անցողիկ» հայցերը:

Ալիեւը զիջել չի սիրում: Օրեր առաջ, երբ ԱԺ-Կառավարություն խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ խնդրելով նշել ադրբեջանական կողմից գեթ մեկ զիջում «խաղաղության թղթի» համաձայնեցված տեքստից, վերջինս «ջրեց» հարցը:

Հայաստանին արված ոչ մի զիջում չգտնվեց: Փոխարենը Բաքվի միապետը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող հայտնի անձից «հատիկ առ հատիկ» կողոպտում է մեր երկիրը՝ պարբերաբար սպառնալով, թե կպատերազմի:

Ադրբեջանն, իսկապես, պատրաստ է նոր պատերազմ սանձազերծել Երեւանի դեմ, քանի դեռ այդ առումով աշխարհաքաղաքական իրադրությունը, կարծե թե, նպաստավոր է, իսկ նիկոլական Հայաստանն աննախադեպ թույլ ու անպաշտպան: Ալիեւը հետո շատ կափսոսա, որ չօգտագործեց, կորցրեց այդքան պատեհ առիթը:

Նրա աչքը մնաց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Սեւանա լճի քաղցրահամ ջրի եւ, հատկապես, հայկական «Ջերմուկի» վրա, որին իրենց «Իստիսուն» անգամներով զիջում է:

Անցած դարի 90-ականների կեսերին իշխանական վերնախավի որոշ շրջանակներում տարածված տեսակետ կար, թե ԼՂ հակամարտությունը խոչընդոտում է Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացը. «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» տեր-պետրոսյանական գաղափարը չբռնեց ժամանակի քննությունը եւ սնանկ դուրս եկավ:

Առաջին նախագահի անհաջող սանի ձեռամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, սակայն հանգիստ ապրել չեղավ, ամբարիշտ հարեւանը շարունակում է գնդակոծության տակ պահել հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Այդ երկրի սուլթանը հսկայական քանակության զենք-զինամթերք է ամբարել, նոր պատերազմի պատրաստություններ է տեսնում:

Այժմ ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանի խնդրի էությունն ի վերուստ Արցախը չի եղել: Դա հերքեց նաեւ ամենախիստ ուսուցիչը՝ ժամանակը: Պարզվեց, որ իրականությունն այլ է՝ Ադրբեջանի շուրջ 35-ամյա մաքառումը հայկական պետության իրավունքի նվաճման համար էր: Այսպես են մտածում արցախա-ադրբեջանական հակամարտության խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող շատ գործիչներ:

«Խնդիրը հայկական պետության իրավունքին տիրանալն է,- պատմում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը,- անցյալ դարասկզբին հայերն այդ իրավունքը ստացան, եւ այն ճանաչվեց Եվրոպայի ու Ամերիկայի կողմից: Հայերի՝ պետություն ունենալու իրավունքը այն ժամանակ ստիպված ճանաչեցին նաեւ ռուսներն ու թուրքերը»:

Խոսքի շարունակության մեջ Սարգսյանը հիշատակում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի անկախ պետության ճանաչման հարցը մի կարճ ժամանակ անորոշ էր մնացել, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ քաղաքագետի, գրեթե միաժամանակ՝ 1992թ. հունվարի վերջերին, անդամակցեցին ԵԱՀԽ-ին (հետագայում՝ ԵԱՀԿ) եւ ճանաչվեցին որպես անկախ պետություններ:

«Ընդհանրապես՝ մեկական փաստաթուղթ էր ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ՝ դա ԵԱՀԽ Նախարարների խորհրդի 1992թ. մարտի 24-ի փաստաթուղթն էր»,- ասում է Սարգսյանը՝ ընդգծելով, որ ավելի ուշ ձեւավորված Մինսկի խումբը միակ օրինակարգ միջազգային մարմինն է, որը ճանաչել է Հայաստանի իրավաքաղաքական հիմքերը:

Կարծես թե բյուրեղանում է այն հարցը, թե ինչու է Ալիեւը մոլեռանդորեն ջանում չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրանում ներքաշում, քաջալերում նաեւ Փաշինյանին: Ալիեւի փութաջանությունը միանգամայն հասկանալի է՝ նա այնքան էլ հիմար չէ, որքան թվում է, բայց Փաշինյանի ջանադրությունը պարզ տրամաբանությունից դուրս է, որովհետեւ արյունարբու թշնամու հովերն ընկած՝ ուզում է պատռել-գցել Հայաստանի ծննդականը կամ իր խոսքով ասած՝ «կադաստրի թուղթը»:

Քանի դեռ Մինսկի խումբը դեռ կա, օրակարգում կմնա նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: Արցախի հարցը չի փակվել: Համենայն դեպս՝ աշխարհն այն չի փակել: Ի՜նչ փույթ, թե ՀՀ իշխանությունն արդեն իսկ փակել է:

Գեւորգ Բրուտենց

Translate »