09/04/2025

Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ԱՄՆ ու Ռուսաստանը կնքեն գործարքն ու փոխեն արտաքին տնտեսական կոնյուկտուրան

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ երկօրյա բանակցության ընթացքում քննարկված հարցերի թվում է եղել նաև ՌԴ ու ԱՄՆ միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկում են տնտեսական օրակարգ, ընդհուպ ամերիկյան ընկերությունների՝ Ռուսաստան վերադարձի հարցեր, այդ թվում՝ անգամ այսպես ասած հանածոների ոլորտում համատեղ ծրագրեր:

ՌԴ նախագահ Պուտինը շաբաթներ առաջ չէր բացառել պայմանավորվածությունները նաև այդ հարցում: Սա նշանակում է, իհարկե, համաշխարհային տնտեսական կոնյուկտուրայի փոփոխություն: Այն կոնյուկտուրայի, որի ձևավորումը՝ Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, Հայաստանի համար դարձավ տնտեսական վիճակագրության շեշտակի աճի հնարավորություն:

Ինչո՞ւ եմ նշում տնտեսական վիճակագրության, այլ ոչ թե տնտեսական աճի: Որովհետև տնտեսական աճ հասկացությունը, թերևս, իմաստավորվում է բովանդակությամբ, կառուցվածքով, այլ կերպ ասած՝ առողջական վիճակով: Իսկ տնտեսական վիճակագրությունը թվեր են, որոնք տպավորում են բոլորին, բայց որոնց առկայությունն այսպես ասած՝ բոլորին չէ, որ առնչվում է, այլ մարդկանց կամ խմբերի, որոշ շերտերի սահմանափակ շրջանակի: Հայաստանում տեղի է ունեցել հենց դա:

Գրեթե երեք տարի եղել է տնտեսական արտաքին բարվոք կոնյուկտուրա, որը անգամներով բազմապատկել է Հայաստանի տնտեսական վիճակագրության ցուցիչները, բայց Հայաստանի տնտեսական առողջության համատեքստում ոչ միայն չի բերել որակական փոփոխություն և հանրային բարիքի ստեղծման ու հասանելիության ընդլայնում, այլև հակառակը, թուլացրել Հայաստանի տնտեսության արտադրողականությունը, արտահանելի ոլորտների մրցունակությունը, այլ կերպ ասած՝ տնտեսության իմունային համակարգը, ինքնաբավության և դիմադրունակության աստիճանը, նաև ինքնիշխանությունը, իհարկե, այդ բառի հարաբերական իմաստով:

Հարաբերական, որովհետև, անշուշտ, չի լինում ինքնիշխան տնտեսություն, տնտեսական հարաբերությունները շաղկապված են, փոխկապակցված: Բայց լինում է արտաքին կոնյուկտուրայից տնտեսության կախվածության աստիճան: Երբ այդ աստիճանը ողջախոհության սահմանում է, ապա տնտեսության հարաբերական ինքնիշխանությունն այսպես ասած նորմայի սահմաններում է:

Երբ տնտեսությունը, ըստ էության, ապահովվում է ՌԴ հանդեպ պատժամիջոցների հետևանքով ստեղծված արտաքին հնարավորությունների հաշվին, դա արդեն դուրս է ողջախոհությունից: Որովհետև մենք տեսնում ենք, որ արտաքին այդ նպաստավոր կոնյուկտուրան կարող է փոխվել:

Իսկ դրա հետևանքով կարող են նվազել այն հնարավորությունները, որ առաջացել էին: Մինչդեռ այդ հնարավորությունների բերումով ահռելի ֆինանսական և ռեսուրսային հոսքերը Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուները չեն կարողացել ուղղել տնտեսության ներուժի ամրացմանն ու ընդլայնմանը, չեն կարողացել ապահովել թե՛ հանրային, թե՛ տնտեսական-ոլորտային դիվերսիֆիկացման բարեխառն մակարդակ, որը թույլ կտար Հայաստանին արտաքին կոնյուկտուրան վերածել ոչ թե տպավորիչ վիճակագրության և տնտեսության թմրանյութի, այլ տնտեսության լիցքավորման պրոցեսի:

Մինչդեռ ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ԱՄՆ ու Ռուսաստանը կնքեն գործարքն ու փոխեն արտաքին տնտեսական կոնյուկտուրան: Կա՞ քաղաքականություն, որը թույլ չի տա Հայաստանի հանրությանը մնալ տնտեսական վիճակագրության հնարավոր «ավերակների» տակ:

Translate »