Վերջին օրերին, երբ Մարտուն Գրիգորյանը դեռ չէր հայտարարել, որ անհրաժեշտ ձայներ կտա, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ, իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները սրտաճմլիկ ճառեր էին արտասանում «թասիբի» թեմայով:
Նախ՝ նրանք «թասիբի էին քցում» Մարտունին՝ ինչպե՞ս ես դու համաձայնում ձայներդ տալ մի մարդու, որի հետ լուրջ անձնական խնդիրներ ունես: Զուգահեռաբար դիմում էին գյումրեցիների պատվախնդրությանը՝ մի՞թե դուք կհանդուրժեք Վարդան Ղուկասյանին որպես քաղաքապետ: Զուգահեռաբար բերվում էին նաեւ «աշխարհաքաղաքական փաստարկներ»՝ Վարդանը կողմ է ռուսական ռազմաբազայի պահպանմանը:
Հետաքրքիր է՝ իսկ Սարիկը դե՞մ է: Այդ հակաքարոզչությունն առայժմ արդյունք չի տալիս՝ մարդկանց զգալի մասը (ոչ միայն Գյումրիում) շատ լավ հասկանում են, թե ինչն է նրանց համար ավելի անպատվաբեր՝ ունենալ քրեական հակումնով քաղաքապե՞տ, թե՞ ունենալ քաղաքապետ, որը ներկայացնում է Հայաստանի պարտությունը մարմնավորող քաղաքական ուժը՝ ՔՊ-ական, որը, բացի ամեն ինչից, ատելություն է սփռում արցախցիների հանդեպ:
Իդեալական տարբերակ, ցավոք սրտի, չկա, բայց, իմ կարծիքով, ՔՊ-ի իշխանությանը հարված հասցնելն ավելի կարեւոր է, քան ոչ համակրելի, գումարած դրան՝ սեքսիստական հայացքների տեր քաղաքապետ ունենալը:
Պատմությունը, բնականաբար, Մարտունի հայտարարությամբ չի ավարտվելու: Գյումրիում չպարտվելը ՔՊ-ի համար, բառիս բուն իմաստով, «թասիբի հարց է»: Քարոզչությունը չի օգնում, գյումրեցիների աջակցությունը չկա, բայց գոյություն ունի «հին, փորձված» զենքը՝ քաղաքական իշխանության գրպանում գտնվող ռեպրեսիվ ապարատը՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դատարանները…
«Ժողովրդավարության բաստիոնում» ընտրությունների արդյունքները չեղարկելու հազար միջոց կա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
ԵՄ դեսպանի անունից թիրախավորված ֆիշինգային հարձակում է եղել Signal-ում
Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով»․ Էլինար Վարդանյան
Որևէ պաշտոնյա լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին