Վլադիմիր Պուտինը Կրեմլում պաշտոնապես ընդունել է Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական Հանրապետության առաջնորդ Միլորադ Դոդիկին, որից հետո վերջինս ռուսաստանյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ծավալուն հարցազրույց է տվել:
Բոսնիա-Հերցեգովինայի դատարանը Դոդիկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել: Նա մեղադրվում է երկրի սահմանադրությունը խախտելու մեջ: Ռուսաստանյան լրատվամիջոցներին հարցազրույցում Դոդիկը չի ժխտել, որ ստորագրել և ուժի մեջ է մտցրել տեղական խորհրդարանի ընդունած օրենքը, որով Սերբական Հանրապետության տարածքում Բոսնիա-Հերցեգովինայի իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների գործունեությունն արգելվում է, իսկ Սահմանադրական դատարանի որոշումները՝ ճանաչվում իրավական ուժ չունեցող:
Ըստ ռուսական աղբյուրների՝ Մոսկվա այցից առաջ Դոդիկը հյուրընկալվել է Բելգրադում, Բուդապեշտում և Երուսաղեմում և բանակցություններ վարել «Սերբական Հանրապետության նոր սահմանադրություն ընդունելու հարցի շուրջ»: Regnum-ի տեղեկություններով՝ այդ «նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկա ամիսներին կարող է ներկայացվել Սկուպչինայի (տեղական խորհրդարանի) հաստատմանը, որ առանձնակի խնդիր չէ»:
Ըստ այդմ՝ Սերբական Հանրապետությունը, ֆորմալ մնալով Բոսնիա-Հերցեգովինայի համադաշնության մաս, կստանա այլ երկրների հետ «ասոցացված հարաբերություններ հաստատելու իրավազորություն»: Սահմանադրական փոփոխությունը թույլ կտա նաև ունենալ սեփական զինված ուժեր, հատուկ ծառայություն, ինքնավար դատախազություն և դատարան:
Խոսքը փաստացի սերբական երկրորդ անկախ պետություն ստեղծելու ծրագրի մասին է, որ, ինչպես հասկացվում է, Դոդիկը քննարկել է Հունգարիայի և Իսրայելի վարչապետների, Սերբիայի և Ռուսաստանի նախագահների հետ:
Բոսնիա-Հերցեգովինայի իրավա-քաղաքական ստատուս քվոն սահմանված է դեյթոնյան համաձայնագրով, երկրի տարածքում տեղաբաշխված են եվրոպական խաղաղապահ ուժեր, իսկ ֆորմալ իշխանության բարձրագույն պաշտոնյան Եվրամիության ներկայացուցիչն է:
Միլորադ Դոդիկի նախաձեռնությունը չափազանց ռիսկային է: Նա ինքն էլ խոստովանել է, որ «բոսնյակների հետ որևէ համաձայնություն բացառված է, նրանք առաջնորդվում են Ալիա Իզեթբոկովիչի ուսմունքով, իսկ դրա հիմքում իսլամականությունն է»:
Բոսնիա-Հերցեգովինայի ազգային համայնքները երեքն են՝ սերբեր, խորվաթներ և բոշնյակներ, որ իսլամադավան սլավոններ են և գերազանցապես կողմնորոշված են դեպի Թուրքիա:
Ուշագրավ է, որ Դոդիկի Մոսկվա այցից կես ամիս առաջ՝ մարտի 14-ին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամ Դենիս Բեչիրովիչի հանդիպումը:
Ընդ որում, Թուրքիայի նախագահը բոշնյակների ներկայացուցչին ընդունել է Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում, որ մի քանի դար օսմանյան սուլթանների պալատն է եղել: Ավելի քան երեք հարյոր տարի Օսմանյան կայսրությունը տիրել է Բալկաններին:
Այդ հանդիպման մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է: Հայտնի է, որ Էրդողանը վերահաստատել է Բոսնիա-Հերցեգովինայի պետական և տարածքային ամբողջականությանը Թուրքիայի անվերապահ աջակցությունը և «միանգամայն դատապարտելի» որակել «անտատողականության փորձերը»: Ակնրակ, անկասկած, հասցեագրված է Միլորադ Դոդիկին:
Խնդիրը, ըստ էության, իսլամադավան բոշնյակների և ուղղափառ սերբերի քաղաքակրթական «անհամատեղելիությունը» չէ, այլ՝ ՆԱՏՕ-ին Բոսնիա-Հերցեգովինայի անդամակցությունը, մի հարց, որ Սերբական Հանրապետության նախագահ Դոդիկը մշտապես արգելափակում է:
Դեյթոնյան համաձայնագիրը և Բոսնիա-Հերցեգովինայի սահմանադրությունը նրան այդ իրավունքը վերապահում են: Իսկ իր նկատմամբ հետապնդումներին նա հակադարձում է Սերբական Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու և անկախ պետություն հռչակելու հեռանկարով:
Իրավիճակը չափազանց բարդ է: Դոդիկի որևէ «սահմանային քայլ» կարող է Բոսնիա-Հերցեգովինայում քաղաքացիական պատերազմի առիթ դառնալ: Այդ դեպքում «հրդեհը կտարածվի» ամբողջ Բալկաններում: Խիստ ուշագրավ է, որ Կազանում անցյալ հոկտեմբերին գումարված ԲՐԻԿՍ-ի համաժողովին մասնակցել է նաև Դոդիկը:
Այդ հարթակում, ի դեպ, նա առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որ միաժամանակ ռազմավարական համագործակցություն ունի Սերբիայի նախագահ Վուչիչի հետ:
Բաց մի թողեք
Ղարաբաղյան կլանն անցել է Հայաստանի պետականության ոչնչացման պլան Բ-ին
Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել
Նոր գործարք Պուտինի ու Էրդողանի միջև