Արցախը շատ վատ տեղ էր, եւ այդ պատճառով մարդիկ փողով ազատվում էին այնտեղ ծառայելուց: Ըստ էության, այդ թեզն էր առաջ քաշում ՔՊ-ականը՝ Գյումրիի նախընտրական արշավի ժամանակ:
Նրան «ի պաշտպանություն» մի շարք այլ նիկոլականներ բերեցին հետեւյալ «փաստարկը»՝ «Ի՞նչ է, սո՞ւտ է, որ մարդիկ փողով ազատվում էին բանակից»: Հաշվարկը հարթուղեղների վրա՝ վերցնել մի փաստ, որը ճիշտ է, եւ «ապացուցել» դրա հետ կապ չունեցող պնդումը: Այո, Խորհրդային եւ անկախ Հայաստանում բավականին շատ էին մարդիկ, որոնք կաշառք էին տալիս՝ բանակից ազատվելու համար:
Բայց դա որեւէ առնչություն չունի «Արցախը վատ տեղ լինելու» հետ, որից անմիջապես բխում է, որ Արցախը պետք չէր պաշտպանել, իսկ հիմա պետք չէ պաշտպանել արցախցիներին, «որովհետեւ նրանք եկել լցվել են Հայաստան եւ ուտում են մեր հացը»: Ընդհանրապես խտրականությունը, ռասիզմը մշտապես ունի նման կարգի «արդարացումներ»: Հայտնի է, օրինակ, որ Գեբելսը տասնյակ «փաստեր» էր բերում, որոնք պետք է արդարացնեին «հրեական հարցը լուծելու» նացիստական մեթոդները:
Այսօրվա՝ «հակա-արցախյան ռասիզմի» դեպքում խոսքը, բարեբախտաբար, ֆիզիկական ոչնչացման մասին չէ: Խնդիր է դրված՝ արտաքսել արցախցիներին Հայաստանից, մղել նրանց արտագաղթի: Հեռահար նպատակը նույնպես պարզ է՝ այնպես անել, որ ոչինչ եւ ոչ ոք չհիշեցնի Փաշինյանին ու նրա թիմին իրենց խայտառակ եւ աղետալի ձախողումների մասին:
Այդ ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը, մասնավորապես, ապրիլի 1-ից զգալիորեն կրճատել է բռնի տեղահանվածների սոցիալական օգնությունը: Նման քայլերը, բնականաբար, պետք է ուղեկցվեն «քարոզչական ապահովմամբ»: Հենց դա՛ է պատճառը, որ ՔՊ-ական «ագիտպրոպը» սաստկացրել է արցախցիների հանդեպ խտրականություն, ռասիզմ, ատելություն, թշնամանք պարունակող քարոզչությունը:
Չեմ ցանկանում եւս մեկ անգամ կրկնել այդ հրեշավոր թեզերը: Նշեմ միայն, որ դրանք ոչ միայն մարդատյաց են եւ թույն են շնչում ամեն ինչից զրկված, ամեն ինչ կորցրած մարդկանց հանդեպ: Դրանք նաեւ հակապետական են. Այս աստիճանի պառակտված հասարակությամբ հնարավոր չէ ամուր պետություն կառուցել:
Բացի այդ, նման մոտեցումը դեմոտիվացնում է մարդկանց, եւ նրանք կարող են մտածել, որ Վարդենիսը կամ, ասենք, Ջերմուկը պաշտպանելը նույնպես այնքան էլ կարեւոր չէ:
Արամ Աբրահամյան
Բաց մի թողեք
ԵՄ դեսպանի անունից թիրախավորված ֆիշինգային հարձակում է եղել Signal-ում
Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով»․ Էլինար Վարդանյան
Որևէ պաշտոնյա լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին