Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից:
Աս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել են Արտաքին գործերի նախարարությունից:
Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»:
«Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել է՝ արդյո՞ք դա այդպես է եղել:
«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – նշել են Արտգործնախարարությունից։
Բաց մի թողեք
Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը
Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել