«Մեր երկրի հետ կառուցողական հարաբերությունները, Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի անձնական աշխատանքային կապերը ներկա փուլում Թուրքիայի կայունության, նրա արտաքին քաղաքական դիրքերի կայունության կարևոր գործոն են, և Անկարան ոչ մի դեպքում դա չպետք է անտեսի»,- գրում է Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի Արտաքին տեղաշրջանագիտության ամբիոնի պրոֆեսոր, ՌԴ Դիվանագետների ասոցացիայի անդամ Վլադիմիր Պրյախինը:
Նրա գնահատմամբ՝ Թուրքիան այսօր գտնվում է 1920 թվականի իրավիճակում, երբ Անտանտի երկրները պարտադրել էին Սևրի «զավթողական պայմանագիրը», իսկ ազգային-հայրենասիրական ուժերը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ պայքարում էին հանուն ազգային ինքնիշխանության:
«Այդ պայքարը հաջողությամբ պսակվեց հիմնականում բոլշևիկյան Ռուսաստանի բարոյական և նյութական աջակցության»,- ավելի քան մեկդարյա վաղեմության փաստը վերահաստատում է ռուսաստանցի դիվանագետ-քաղաքագետը:
Վլադիմիր Պրյախինը միանշանակ պնդում է, որ Էրդողանի դեմ Թուրքիայում սկսված ընդդիմադիր շարժումը «հովանավորվում է Բրյուսելից»: Վերլուծության հիմքում այն կանխավարկածն է, որ Եվրամիությունը մտադրված է Թուրքիայի զինված ուժերը ներգրավել Ուկրաինային աջակցության ծրագրում և հատուկ ընդգծում, որ թուրքական բանակն ի տարբերություն եվրոպական երկրների զինված ուժերի՝ «մարտունակ է, որովհետև մշտապես փորձառություն է ձեռք բերել մարտադաշտում»:
Պրյախինն, ընդսմին, խստագույնս քննադատում է Ռուսաստանի փորձագիտական որոշ շրջանակների, որ «մտածում են Կարսի և Բայազեդի գրավման հիշողությամբ և համարում են, որ միջուկային մեկ ռումբի հարվածը բավական է, որպեսզի Ռուսաստանը տիրանա Բոսֆոր-Դարդանելին»: Չափազանց ուշագրավ է, որ Պրյախինի հոդվածը հաջորդում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությանը, որ Թուրքիան «կարող է երաշխավորել Սև ծովի անվտանգությունը»:
Արևմտյան մամուլի մի շարք հրապարակումներում տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան եվրոպական «խաղաղապահ զորախմբին մաս կազմելու մտադրություն ունի»: Ռուսաստանի համար դա ամենաանցանկալի տարբերակը կլինի:
Մոսկվան գերազանց գիտի, որ Թուրքիան Ղրիմը համարում է «օսմանյան ժառանգության մաս»: Ըստ էության, այդ «ժառանգության մաս է» նաև այն տարածքների մի շատ զգալի հատվածը, որ Վլադիմիր Պուտինն անվանում է «Նովոռուսիա»:
Ուկրաինայում թուրքական զինված ուժերի ներկայությունը Պուտինի համար «հավերժական անեծք» կլինի: Դա կնշանակի երկու հարյուր հիսուն տարի հետո Թուրքիայի վերադարձ Սև ծով-Ազով տարածաշրջան: Իսկ այդ դեպքում «Կիևյան Ռուսիայի» աշխարհաքաղաքական նախագիծը կունենա բումերանգի էֆեկտ, Ռուսաստանը պայքարում է Ուկրաինան եվրաատլանտյան ալյանսից «ազատագրելու» համար, բայց ստանում «իր քթի տակ» թուրքական զինված ներկայություն:
Միայն պատկերացնել կարելի է, թե այդ դեպքում ինչ «շարժ կլինի» Մերձվոլգյան տարածաշրջանում և Հյուսիսային Կովկասում, անգամ՝ Աբխազիայում:
Քաղաքականությունը հնուց անտի խարդավանք է: Եվ եթե Մոսկվան նպատակադրված է ԱՄՆ-ը հակադրել Եվրամիությանը, ապա Բրյուսելն ինչու՞ չպիտի ռուս-թուրքական «պատերազմ հրահրի»: Այստեղ արդեն ոչ Եվրամիությունն է հայտնագործություն անում, ոչ՝ Էրդողանը. եթե կանխածրագրվում է «մեծ բաժանություն», ապա դերակատարներից յուրաքանչյուրը ձգտում է հնարավորինս առավել օգտվել: Խնդիրն այն է, թե Ուկրաինայում և «Նովոռուսիայում» ազդեցության փոխարեն Ռուսաստանը Թուրքիային ի՞նչ է առաջարկում:
Հիշեցումը, որ Թուրքիայի հանրապետությունը կայացել է բոլշևիկան Ռուսաստանի աջակցությամբ, Կարսի և Բայազեդի գրացման հիշողության քննադատությունը ներկա իրավիճակում շատ քիչ բան են ասում Էրդողանին: Մոսկվան թուրքական ընդդիմությանը հաակզդելու ռեսուրս և գործիքակազմ ունի՞:
Պրյախինը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայում նորանշանակ դեսպանին Անկարա է գործուղել «Թուրքիան լավ երկիր է և հոյակապ առաջնորդ ունի» ցուցումով: Դա, երևի, ակնարկ է, որ Դոնալդ Թրամփը չի աջակցում թուրքական «գունավոր հեղափոխությանը», Ռուսաստանը՝ նույնպես: Թրամփը և Պուտինը կարո՞ղ են Էրդողանի «օսմանականության» հարցում համաձայնության գալ:
Իսկ եթե չստացվի՞, թուրք-իսրայելական դիմակայության հանդեպ Սպիտակ տունը «թիվ մեկ դաշնակից» ընտրի Նաթանյահուի՞ն: Այդ դեպքում Մոսկվան Էրդողանին ի՞նչ է առաջարկելու: Հարավային Կովկասի «լոյալ պահնորդությու՞ն»:
Բաց մի թողեք
Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Լուսանկար
Կրկեսն իրոք խոստանում է դիտարժան լինել. Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել…
Հայկական իրականությունը լռում է, հրեական լոբբին Վաշինգտոնում իշխում է՝ ընդդեմ Հայաստանի