01/05/2025

Ինչ զարգացումներ են հայ – չինական հարաբերություններում՝ Երևանից պահանջելու է ուշադրություն

Հայ-չինական դիվանագիտական հարաբերության հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ բավականին ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը:

Հոդվածում նա, իհարկե, բարձր է գնահատում հայ-չինական հարաբերության պատմությունն ու ընթացքը, բայց առավել ուշագրավ է հոդվածի՝ այսպես ասած երկրորդ մասը, որտեղ գնահատականի փոխարեն արդեն, կարծես թե, առաջարկներ են:

Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը շոշափում է Շանհայի գործակցության կազմակերպության և Գլոբալ հարավի թեման՝ Հայաստանը դիտարկելու որպես կարևոր գործընկեր այդ երկու դաշտում էլ գործելու համար:

«Այս տարվա աշնանը Տյանցզին քաղաքում կկայանա ՇՀԿ գագաթնաժողովը։ Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և Չինաստանը ողջունում է հայաստանյան կողմի ավելի ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում համագործակցությանը։ Համատեղ ջանքերով մենք կկառուցենք ՇՀԿ ընդհանուր տուն, որը հիմնված է միասնության և վստահության, խաղաղության և կայունության, բարգավաճման և զարգացման, բարիդրացիության և բարեկամության, արդարության և հավասարության վրա», – գրում է չին դիվանագետը:

Սա հատկապես ուշագրավ է մի քանի օր առաջ Երևանում մի քննարկմանը Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարության ֆոնին, որը ևս խոսել էր Շանհայի գործակցության կազմակերպության հետ Հայաստանի հարաբերության մասին՝ նշելով, որ Հայաստանի անդամակցությունը կնպաստի տնտեսական հարաբերությունների խորացմանը:

Իրանի դեսպանի այդ հայտարարության առնչությամբ անդրադարձում մատնանշել էի՝ Իրանն արտահայտում է պարզապես ցանկությու՞ն, թե՞ որևէ խմորվող քաղաքական տրենդ: Չինաստանի դեսպանի հոդվածն ու դրանում ՇԳԿ շոշափումը՝ Հայաստանի հետ Չինաստանի հարաբերության խորացման մասին, կարծես թե վկայում է երկրորդ տարբերակի առկայության մասին:

Պեկինը Երևանին, ըստ ամենայնի, առաջարկում է առնվազն քննարկում սկսել այդ թեմայով: Սակայն, ըստ ամենայնի, դա առաջարկի ամբողջական շրջանակը չէ: «Որպես զարգացող երկրներ՝ Չինաստանը և Հայաստանը «Գլոբալ Հարավի» անդամներ են, ուստի երկու կողմերը պետք է ամրապնդեն փորձի փոխանակումը, խորացնեն փոխշահավետ համագործակցությունը, համատեղ բարձրացնեն զարգացման մակարդակը, աջակցեն միմյանց արդիականացման ճանապարհին և շարժվեն առաջ՝ ձեռք ձեռքի տված»,- գրում է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Մեծ հաշվով, չինացի դիվանագետը հայ-չինական հարաբերությունը տեղավորում է գլոբալ վերափոխումների պրոցեսում, միևնույն ժամանակ բավականին հստակ արձանագրելով, թե Չինաստանը որ դաշտում է տեսնում Հայաստանի գործունեության այսպես ասած «մատրիցան»: Սա ինչ-որ իմաստով նաև հնչում է որպես Պեկինի արձագանք Հայաստանի եվրաատլանտյան ձգտումներին, որոնք արտահայտվում են հռետորաբանության և որոշակի քայլերի մակարդակում:

Որքան է այդ հարցում Պեկինի զգայունության աստիճանը, բարդ է ասել, բայց որ այն շոշափելի է և Երևանից պահանջելու է ուշադրություն, բավականին նշմարվում է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հոդվածում: