24/04/2025

Հակակոռուպցիոնը քրեական վարույթ կհարուցի նախարարի դեմ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ կապված դեպքով․ այս մասին տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ մի խումբ փաստաբաններով դեռեւս 04.12.2024թ. դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի` կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բ. Չիլինգարյանը 25.12.2024թ. հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել: ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ այնուհետեւ ՀՀ հակակոռուպցիոն դատարան (դատավոր՝ Տ. Դավթյան) ներկայացված բողոքները` համապատասխանաբար 07.01.2025թ. եւ 27.02.2025թ. որոշումներով, մերժվել են:

Եվ, ահա, 2025թ. ապրիլի 3-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի 27.02.2025թ. որոշումը եւ կայացրել է այլ դատական ակտ, այն է՝ պարտադրել է, որ նախաքննական մարմինը` դատավարության «հանրային մասնակիցը» քրեական վարույթ նախաձեռնի:

Նախարարի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար դիմող փաստաբաններից մեկն Արմինե Ֆանյանն է: «Հրապարակ»-ը նրան հարցրեց, թե «հանրային մասնակից» ասելով ում նկատի ունի դատավորը։ «Այստեղ վարույթ նախաձեռնողը քանի որ հակակոռուպցիոնի քննիչն է, դա քննիչին է վերաբերում, դատախազությունը նոր օրենքով վարույթ նախաձեռնելու իրավասություն չունի»։

Խոսելով դատական ակտը բողոքարկելու մասին՝ փաստաբանն ասաց, որ օրենքը թույլ է տալիս այն բողոքարկել վերադաս ատյան, սակայն այն այժմ ուժի մեջ մտած որոշում է․ «Պետք է վարույթը նախաձեռնեն, նախաքննությունը սկսեն, բողոքարկելու իրավունքի հետ առնչություն չունի։ Այն ուժ է ստացել կայացման պահից, այսինքն՝ վարույթ նախաձեռնելը պարտականություն է, բողոքարկման իրավունքի հետ կապ չունի, եւ բողոքարկման սուբյեկտը դատախազությունն է, քննիչը չէ»։

Փաստաբանը նշեց՝ նախ պետք է հասկանան, թե ինչ հոդվածներով է քրեական վարույթը նախաձեռնվում, քանի որ իրենք մի քանի քրեական հոդված են վկայակոչել․ «Փողերի լվացման հանցակազմն ենք վկայակոչել եւ այլն․․․ դրանք ծանր հանցագործություններ են համարվում»։

ՀՀ գլխավոր դատախազու­թյունից մեզ փոխանցեցին՝ դատական ակտը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ խոստացան՝ թեմայի վերաբերյալ այսօր պատասխան տալ։

Հիշեցնենք․ փաստաբանները նախարարի հայտարարագրերը վերլուծել էին ու նրան կասկածում էին կոռուպցիոն գործարքների մեջ։ «Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ էստեղ կա՛մ մենք փողերի լվացման հետ գործ ունենք, կա՛մ ապօրինի հարստացման, դե, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելն էլ, դա արդեն ուղղակի ենթադրվում է այս հաշվետվությունից»,- դեկտեմբերին հայտարարել էր փաստաբան Արա Զոհրաբյանը:

Վահե Հովհաննիսյանը ֆինանսների նախարարությունում է 2021 թվականից, նախ՝ տեղակալ էր։ Մինչ այդ աշխատել է Ասիական զարգացման բանկում։ Փաստաբանների ակումբը համեմատել է պաշտոնավարման շրջանի բոլոր հայտարարագրերը։ Ըստ այդ տեղեկությունների՝ պաշտոնի նշանակվելուց հետո Հովհաննիսյանը 1 միլիոն դոլար անտոկոս փոխառություն է ստացել։ Ըստ փաստաբանների՝ 1 միլիոն դոլարով բարձրաստիճան պաշտոնյան գնել է «Կարիտաս Իտալիանա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, ավելի ուշ այդ կազմակերպությունը վերակազմավորվել է որպես «Ջի կոդեր», Հովհաննիսյանն իր բաժնեմասը վաճառել է ազգականին:

Իսկ 2023-ին կառավարությունն այս ընկերությանը տրամադրել է 1.8 մլրդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն։

Translate »