18/04/2025

Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի և Թեհրանի դեմ մասշտաբային ռազմական գործողության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այժմ գնդակն ԱՄՆ դաշտում է: Խոսքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցության գործընթացի մասին է:

Թեհրանը միաժամանակ շարունակում է բացառել ԱՄՆ հետ ուղիղ բանակցությունը: Իրանը հայտարարել է, որ բանակցության հարթակ կարող է լինել Օմանը:

Ինչպես հայտնի է, հենց Օմանի միջոցով օրեր առաջ փոխանցվել է Դոնալդ Թրամփի նամակի պատասխանը: Վաշինգտոնը դեռ չի հնչեցրել այդ պատասխանի վերաբերյակ կոնկրետ գնահատական, բայց շարունակում է հնչեցնել սպառնալիքներ, որ բանակցության չհամաձայնելու դեպքում Իրանը կենթարկվի շատ կոշտ քայլերի:

Միջազգային փորձագիտական համայնքը փորձում է կռահել՝ Թրամփի այդ կոշտությունը բլե՞ֆ է՝ դիվանագիտական պրոցեսից առաջ առավելագույն պայմաններ թելադրելու համար, թե՞ Թրամփը իրապես պատրաստ է հարվածի:

Մյուս կողմից, ԱՄՆ նախագահը գուցե գտնվում է այսպես ասած երկու մոտեցումների միջև: Այսինքն՝ ԱՄՆ իսթեբլիշմենթում կարող են լինել Իրանին հարվածելու և դրանից խուսափելու կողմնակիցներ, և Թրամփի վրա գուցե փորձում են ազդել երկու կողմն էլ, իսկ Թրամփը՝ առայժմ առնվազն մանևրել երկու կողմի հանդեպ, այսպես ասած՝ «չմարել» որևէ կողմի հույսն ու ակնկալիքը՝ հաշվի առնելով իր թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային բավականին խրթին դրությունը: Իսկ այդ իրավիճակը ստեղծում է անորոշություն:

Համենայն դեպս, չկա Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի և Թեհրանի դեմ մասշտաբային ռազմական գործողության, թերևս, և ոչ մի ռացիոնալ հիմնավորվածություն, համենայն դեպս, եթե դիտարկենք թե՛ ԱՄՆ, թե՛, մասնավորապես, հենց Թրամփի քաղաքական դիրքերի տեսանկյունից: Բայց ռացիոնալ հաշվարկներ ունեն գուցե նրանք՝ իրենց համար ռացիոնալ, որոնք խաղադրույք են կատարում պատերազմների վրա, այդ թվում՝ նաև Թրամփի քաղաքական դիրքերը «ճոճելու» խաղադրույք:

Իրանը ազդարարել է առաջիկայում Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի քաղաքական խորհրդակցություններ՝ Թեհրանի միջուկային թեմայով: Կրեմլի խոսնակ Պեսկովն այսօր հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է «անել հնարավորը»՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական հանգուցալուծման համար:

Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը կքննարկեն թերևս, թե ինչ են անելու, երբ ԱՄՆ գնդակը վերադարձնի: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ կա մեծ մտավախություն, որ Թրամփը կարող է վերադարձնել ոչ թե գնդակը, այլ Իրանի դաշտ «տեղափոխել» հրթիռներ:

Համենայն դեպս, անկասկած է, որ կան դրա շահառուները: Հարցն այն է, թե նրանք ինչպիսի ազդեցություն ունեն Թրամփի վրա: Ավելին՝ էականը գուցե նույնիսկ այն չէ, թե ինչ է պատասխանել Իրանը Թրամփին, ինչ գնդակ է տեղափոխվել նրա դաշտ, քանի որ Թրամփի դաշտում ներկայումս կարող են լինել շատ գնդակները՝ առաջացնելով Սպիտակ տան նոր բնակչի շփոթություն:

Translate »