Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղի ունեցող միջազգային ինչ-որ ֆորումի ընթացքում, որը վերաբերում է նոր աշխարհակարգի թեմաներին, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ Հայաստանից շարունակում են պահանջել առանց մաքսային ու սահմանային հսկողության անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան:
Ալիևի այդ հայտարարությունը, ըստ էության, հերթական անգամ վկայում է, որ Բաքուն մերժում է հայկական կողմի այն առաջարկը, որի վերաբերյալ հայտարարել են արտաքին գործերի նախարարն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանն իր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է իրագործել միայն Ադրբեջանի հետ պայմանավորվելով, քանի որ առանց Ադրբեջանի այդ ծրագիրն աշխատել պարզապես չի կարող, Հայաստանը չի կարող լինել տարանցիկ երկիր և ստանալ օգուտներ:
Իհարկե, առանց Ադրբեջանի «խաչմերուկի»՝ տրամաբանություն լինել թերևս չի կարող: Թե ինչ պայմաններով է Ադրբեջանը պատկերացնում իր այսպես ասած համաձայնությունը, դա էլ պարզ է՝ խոսքը, ըստ էության, Հայաստանի սուվերենությունից դուրս ռեժիմի մասին է: Բայց այս խնդրին, թերևս, հարկ է հայացք գցել մեկ այլ տեսանկյունից:
Եթե Հայաստանն առաջ է քաշում «խաչմերուկի» գաղափարը, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչն է խանգարում զարգացնել այդ խաչմերուկի առնվազն մի ուղղությունը՝ Իրանից դեպի հյուսիս:
Դա՞ էլ է կախված Ադրբեջանից, թե՞ դա կախված է Իրանի, Վրաստանի ու այլ դերակատարների հետ Հայաստանի պայմանավորվածություններից, աշխատանքի կարողությունից: Առավել ևս, որ Հայաստանի տարածքով հյուսիս-հարավ տրամաբանությամբ երթուղին ունի աշխարհաքաղաքական շահառուներ: Անշուշտ, այդ ամենը բարդ ու հետևողական աշխատանք պահանջող հարցեր են, բայց այսօր չկան հեշտ հարցեր, անգամ գերտերությունների համար:
Ըստ այդմ՝ «խաչմերուկ» կառուցելու համար Հայաստանին պետք է ոչ թե պայմանավորվել Ադրբեջանի հետ և ստանալ Բաքվի հավանությունը, այլ պայմանավորվել այն շահառուների հետ, որոնց հետաքրքիր է խաչմերուկի առնվազն ներքևից վերև երթուղին:
Այդ երթուղու կառուցման արդյունավետ գործընթաց ապահովելու պարագայում անգամ կառաջանա Ադրբեջանի դիրքորոշումների փոփոխության հավանականություն, երբ Բաքուն կարձանագրի, որ Հայաստանի տարանցիկ երկիր լինելու և տնտեսական արդյունավետության հասնելու հանգամանքում բոլորովին չունի այսպես ասած նախադրյալային «մենաշնորհ»:
Հակառակ պարագայում, Ադրբեջանի պահանջներն ու ախորժակը միայն ավելանալու է, ինչպես ցանկացած «մենատիրոջ» դեպքում:
Բաց մի թողեք
Անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը ու գցելու է
Հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչը»
Հայաստանն՝ ի դեմս Փաշինյանի, Մոսկվայի ցանկալի հյուրերի ցանկում չէ, ինչու է գնում շքերթի