Գործնականում բոլոր երկրների հանդեպ բարձր մաքսատուրքերից հետո ԱՄՆ վարչակազմը «հաշվում» է այն երկրներին, որոնք պատրաստ են բանակցել Վաշինգտոնի հետ՝ առևտրային նոր համաձայնությունների համար:
Ինչպես հայտնի է, բարձր մաքսատուրքեր են բաժին հասել նաև Հայաստանին, թեև Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց հանդեպ մաքսատուրքերն ԱՄՆ վարչակազմը բարձրացրել է ամենից քիչ՝ տասը տոկոսով: Օրինակ, նույնիսկ դաշնակից Իսրայելի հանդեպ մաքսատուրքերը բարձրացվել են 17 տոկոսով:
Հայաստանի համար, իհարկե, տասը տոկոս մաքսատուրքն էլ բավականին շոշափելի բարձրացում է՝ հաշվի առնելով տնտեսության ծավալներն ու ներուժը: Իհարկե, ԱՄՆ հետ առևտրային մասշտաբն այնպիսին չէ, որ մաքսատուրքերի բարձրացումը մեծ տեսակարար կշռով վնասի Հայաստանի Հանրապետությանը, ԱՄՆ արտահանման շոշափելի շուկաների շարքում չէ, բայց այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունն էլ այսօր մի վիճակում է, որ թանկ է ամեն կաթիլը, որ կարող է կորչել թեկուզ նվազագույն տոկոսով մաքսատուրքերի բարձրացման պարագայում:
Ի վերջո, յուրաքանչյուր երկիր պետք է մտահոգվի իր չափով և մտորի իր խնդիրները լուծելու մասին: Առայժմ Երևանից չկա որևէ ձայն, որևէ հայտարարություն այն մասին, որ պատրաստվում են ԱՄՆ ադմինիստրացիայի, պետքարտուղարության հետ քննարկել մաքսատուրքերի վերանայման հարցը:
Ընդ որում՝ քննարկումն ամենևին չի նշանակում մաքսատուրքերի իջեցման վերջնական նպատակ: Խոշոր հաշվով, հնարավոր են փոխհատուցման՝ բառի բուն, կամ չակերտավոր, պայմանական իմաստով փոխհատուցման շատ տարբերակներ: Հենց դրա համար էլ կարևոր է բանակցելը:
Գուցե դրա արդյունքում հնարավոր է հասնել համաձայնության, երբ Նահանգները Հայաստանում կիրականացնի ներդրումային որևէ ծրագիր, որի նպատակը կլինի բարձր մաքսատուրքերի հետևանքով առաջացած խնդիրները չեզոքացնելը կամ մեղմելը:
Եվ, իհարկե, միանգամայն հնարավոր է նաև պարզապես մաքսատուրքերի նվազում: Հնարավոր է ամեն ինչ, եթե, իհարկե, կա դրա ուղղությամբ աշխատանք, աշխատանքի ցանկություն, նպատակ, և, իհարկե, աշխատանքը իրականացնելու մասնագիտական կոմպետենտություն:
Առայժմ, կարծես թե, չկա նույնիսկ տեղեկություն՝ Հայաստանը այդ թեմայով թեկուզ նախնական կոնտակ ունեցե՞լ է Միացյալ Նահագների վարչակազմի հետ, թե՞ ոչ:
Մինչդեռ, սա նաև հնարավորություն է այսպես ասած չափել այն կանոնադրությունը, որ ստորագրվեց Վաշինգտոնում 2025 թվականի հունվարի 14-ին՝ իհարկե նախկին պետքարտուղար Բլինքենի և ԱԳ նախարար Միրզոյանի մասնակցությամբ, ռազմավարական գործընկերության հանձնաժողովների գործունեության մասին:
Ի դեպ, ե՞րբ կձևավորվեն այդ հանձնաժողովներն ու կսկսեն իրենց աշխատանքը: Առավել ևս, որ հնարավոր է հենց մաքսատուրքերի թեմայից էլ սկսել:
Բաց մի թողեք
Ի՞նչ հիմքի վրա կարող են զարգանալ հայ-վրացա-ադրբեջանական հարաբերությունները
Հայաստանը համաձա՞յն է Ֆրանսիայի գաղափարին
Անցումն Օմանից Հռոմ՝ հետաքրքիր է, ի՞նչ քաղաքների ցանկ ունեն Թեհրանն ու Վաշինգտոնը