29/04/2025

Նոր իշխանությունը 7 տարում դրսեւորել է հին արատները

«Տիգրովկա» հագած կանայք երկրպագելու են Փաշինյանին կամ «հակա-Փաշինյանին», բայց արմատական փոփոխությունների դա չի բերի Գյումրիի ընտրություններից հետո, կարծում եմ, վերջնականապես պարզ դարձավ, որ ո՛չ ՔՊ-ն միայնակ, ո՛չ էլ նույնիսկ իր պրոքսիների՝ «եվրոպամետների» հետ միասին չի կարող օրինական ձեւով վերարտադրվել:

Կոնկրետ՝ հաջորդ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում 50+1 ձայն իրականում չի ստանա: Դա չի նշանակում, որ «այլ ճանապարհներով» չի վերարտադրվի. Երեւանի եւ հատկապես Գյումրիի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ այդ «հին փորձված» ճանապարհներից ՔՊ-ն ամենեւին չի խորշում:

Ավելին՝ մի բան էլ առաջ է գնում: Օրինակ, մինչեւ «երդվյալ դեմոկրատների» իշխանության գալը ոչ մեկի մտքով չէր անցնում Քննչական կոմիտե կանչել մարդկանց՝ ֆեյսբուքյան այս կամ այն ստատուսին «լայք» դնելու համար: Այնպես որ, «հետագա ժողովրդավարացումը» շարունակվելու է՝ եվրոպական դիտորդների խրախուսական զեկույցների «նվագակցությամբ»: Մի խոսքով. մեկ կամ երկու անգամ ՔՊ-ին գուցեեւ հաջողվի կեղծել ընտրությունները:

Բայց պատմականորեն այդ կուսակցությունը եւ նրա լիդերն արդեն «վերջացած են»՝ դա է ցույց տալիս նախորդ տասնամյակների փորձը: Ի՞նչ է սպասվում դրանից հետո: Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե Հայաստանից ովքեր էին եւ ովքեր են քաղաքացիական ակտիվություն ցուցաբերում:

Կամ, եթե ավելի նեղ դնենք հարցը՝ ովքե՞ր էին 2018 թվականին հեղափոխության շարժիչ ուժը: (Ժամանակ չծախսենք՝ վիճելու համար, թե արդյոք դա հեղափոխություն էր, թե ոչ): Ես վստահ եմ, որ այդ ուժը կրթված, զարգացած երիտասարդներն էին, որոնք հույս ունեին, որ Հայաստանը կգնա բոլորովին այլ՝ իրապես եվրոպական, իրապես արեւմտյան ճանապարհով:

Նրանց մեծ մասն այսօր ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չունի, որովհետեւ հիասթափվել է: Եվ պատճառը ոչ միայն պատերազմում պարտությունն է: Այդ երիտասարդները դուրս էին եկել փողոց, որովհետեւ ուզում էին, որ ընտրությունները չկեղծվեն, որ իշխանությունը հարստանալու միջոց չլինի, որ իշխանավորների ազգականները «հաջողակ բիզնեսմեններ» չդառնան, որ իշխանության թեւերը բաժանված լինեն, որ քաղմասերում մարդկանց չծեծեն, որ քծնողական հակումներ ունեցողները ամաչեն քծնել: Եվ այլն:

Սպասելիքները քիչ է ասել՝ չիրականացան, նոր իշխանությունն այդ 7 տարում դրսեւորել է հին արատները, բայց շատ ավելի լկտի ու ամբարտավան ձեւերով: Այդ ակտիվ երիտասարդների մեծ մասը հիասթափվել է, եւ կա՛մ արտագաղթել է, կա՛մ դարձել է «ներքին փախստական»՝ էսկապիստ:

Ձեւական առումով կան հ/կ-ները, որոնց մեծ մասը շարունակում է հավատարմություն պահպանել Փաշինյանին ու «չի նկատում» հին-նոր արատները, բայց այդ հավատարմության պատճառը հեռու է գաղափարականից: Ո՞ւմ մնաց քաղաքացիական ասպարեզը: Ավելի տարեց ու ավելի ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց: Նրանք էլ են հիասթափված եւ տեսնում են, որ այն, ինչ 2018-ից խոստացած էր, բլեֆ է եւ դեմագոգիա:

Բայց, ի տարբերություն վերը նկարագրված ակտիվ (ներկայումս՝ պասիվ) երիտասարդների, նրանք ունեն այն «հերոսներին», որոնք իրենց կարծիքով կարող են այլընտրանք լինել Փաշինյանի համար: Ահա այդպես են քաղաքական ասպարեզ գալիս «տեղական» եւ «ամերիկյան» Վարդան Ղուկասյանների նման մարդիկ, որոնք իրենց մարդաբանական կերպարով Փաշինյանից քիչ են տարբերվում: Չեմ ասում, որ հենց այդ գործիչները իշխանություն կստանան Հայաստանում, բայց առայժմ իրավիճակն այդպիսին է:

ՔՊ-ին իշխանությունից զրկելը, միեւնույն է, ամենից կարեւորն է, որովհետեւ Փաշինյանից վատ ոչ ոք երկիր չի ղեկավարի: Որպես անցումային ֆիգուրներ կարող են լինել մի շարք մարդիկ: Բայց այսօրվանից պետք է մտածել սկզբունքային, արմատական փոփոխությունների մասին: Իսկ դրա համար պետք է օգտագործել հեղափոխության դրական պոտենցիալը:

Ոչ թե, պայմանականորեն ասած, «տիգրովկա հագած կանանց», որոնք երեկ երկրպագում էին Փաշինյանին, իսկ այսօր կարող են նույն խանդավառությամբ փնովել նրան, այլ իրական պասիոնար զանգվածը: Ես որոշ գաղափարներ ունեմ, թե ինչը (ի՛նչը, ոչ թե ով, ինչպես սովորաբար հարցնում են) կարող է գրավիչ լինել այդ զանգվածի համար: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ