01/05/2025

Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շտապօգնության 08» խումբը «ուշագնացություն» կանչով մոտեցել է Շենգավիթի դատարան, որտեղ հայտնաբերել են դատարանի աշխատակից, Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ի դին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության խումբը, քննչական բաժնի խումբը:

Շենգավիթ դատարանի կարգադրիչների բաժնի պետի տեղակալ, Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ի սահմաներում՝ Շենգավիթի դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ, ամբաստանյալ, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ս․-ը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բարձրախոսը նետել է ներկաներից մեկի ուղղությամբ, որին միջամտել է նիստերի դահլիճում ծառայություն իրականացնող կարգադրիչ Արմեն Մ․-ն՝ փորձելով կանխել Նարեկ Ս․-ի գործողություները, որի արդյունքում, ունենալով առողջական խնդիրներ, ինքնազգացողությունը վատացել է և հանկարծամահ եղել:

Դատաբժշկի նախնական զննությամբ, դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փասոտվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Արմեն Մ․-ն ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատակից էր, կոչումով՝ կապիտան։