19/04/2025

«Գործ տվողը» կարող է հայտնվել առնվազն քաղաքական պատասխանատուի կարգավիճակում

Բաքուն մտադիր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել հանրապետության տարածքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ապօրինի գործունեության մասին փաստերը:

Այդ մասին «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային խորհրդաժողովի բացման ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեր գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է USAID-ի ապօրինի գործունեությունը, ինձ զեկուցել են նախաքննության մասին, որի արդյունքները բացահայտել են նաև այդ կազմակերպության հակաադրբեջանական ակտիվության մասշտաբները, կառավարության աշխատանքը ձախողելու և մեր ներքին գոծերին միջամտելու բացահայտ փորձերը:

Եվ երբ թղթապանակը պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք նախագահ Թրամփի վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան կոռումպացված USAID-ի և նրա կոռումպացված ղեկավարության նկատմամբ լուրջ միջոցներ կիրառել»,- Սպիտակ տան «տիրոջը» հեռակա զեկուցել է Ադրբեջանի «սուվերեն նախագահը»:

Ակնհայտ է, որ դատախազությունն Ադրբեջանում USAID-ի գործունեությունը հետաքննում է անձամբ Իլհամ Ալիևի հրահանգով, իսկ նպատակը ոչ թե կոռուպցիայի կամ ներքին գործերին միջամտության բացահայտումն է, այլ Դոնալդ Թրամփի ուշադրությունն իր վրա հրավիրելը:

Քաղաքակիրթ երկրների առաջնորդներից շատերը նման խնդիր ունեն և ցանկացած հնարավորություն փորձում են օգտագործել՝ անձնական շփում հաստատելու Միացյալ Նահանգների նախագահի, հանրապետական վարչակազմի ազդեցիկ դեմքերի հետ: Նման դիվանագիտական ձեռնարկումներում քննադատելի ոչինչ չկա:

Իլհամ Ալիևը, երևում է, Վաշինգտոնի հետ երկխոսության որևէ լուրջ ռեսուրս չունի, ուստի ընտրել է Դոնալդ Թրամփին «գործ տալու» նվաստացուցիչ տարբերակը: Նույն ելույթում նա թույլ է տվել իր կարգավիճակին ոչ հարիր ևս մեկ արարք, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում «Հայաստանը խաղադրույք էր դրել Քամալա Հարիսի վրա»: Սա նույնպես «գործ տալու» քայլ է:

Եթե Ալիևը հրապարակայնացրել է ԱՄՆ հետ հարաբերությունների վերականգնման իր «գործիքակազմը», ապա կարելի է ենթադրել, թե ստվերային ինչ գործարքներ է նա առաջարկում գործարար Դոնալդ Թրամփին: Խնդիրն այն է, թե ի՞նչ հաշվարկով է Ադրբեջանի նախագահը մտել Թրամփին «գործ տվողի» կերպարի մեջ:

Ալիևը վստա՞հ է, որ USAID-ի «ադրբեջանական դոսյեն» որևէ պահի չի շրջվի հենց իր դեմ, որովհետև այդ կազմակերպությունն Ադրբեջանում գործել է ԱՄՆ ոչ միայն դեմոկրատական, այլեւ հանրապետական վարչակազմի օրոք, հենց նույն Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում:

Եվ եթե այն «կոռումպացված էր», ապա միայն Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ, քանի որ ցանկացած ծրագիր իրականացրել է նրա համաձայնությամբ: «Գործ տվողն», ըստ այդմ, կարող է հայտնվել առնվազն քաղաքական պատասխանատուի կարգավիճակում:

Translate »