Բանն այն է, որ երեկ Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ընդդիմադիր խմբակցությունների դիմումին։
Հրապարակ թերթը գրել է․ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ աշխատակազմին՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու եւ Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսեւորած վարքը քննելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը պահանջել է լրագրողին նախ հեռանալ իր կողքից, հայտարարել է, որ նա իրեն խանգարում է, ապա հորդորել է մաքրել շուրթերը:
«Ես առաջնորդվում եմ հոգեւորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք Ձեր շրթունքները»,- ասել էր նա՝ վկայակոչելով Բագրատ սրբազանին, որն ավելի վաղ եւ բոլորովին այլ կոնտեքստում էր նման արտահայտություն արել լրագրողի մասին։
Հետո, երբ աղմուկ էր բարձրացել, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր»,- ասել էր իշխանական պատգամավորը:
Այս միջադեպից հետո լրագրողական համայնքը ստորագրահավաք նախաձեռնեց, ակցիաներ արեց, 160 լրագրողի ստորագրությամբ նամակ փոխանցվեց Փաշինյանին, իսկ երեկ, ինչպես հայտնեցինք, ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիրների առաջարկին։
ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է՝ նախ աշխատակազմը պետք է եզրակացություն տա, որպեսզի երեքշաբաթյա ժամկետում դիմումատուներն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան։ Արծվիկ Մինասյանը երեկ մեզ հայտնեց, որ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել՝ հետեւյալ ձեւակերպմամբ․ օբյեկտիվ քննություն անցկացնելու նպատակով պետք է ձեւավորվի հանձնաժողով։
Ընդդիմադիրները մտադիր են նախագիծը հապշտապ ներկայացնել, որպեսզի այն մտնի եկող շաբաթ մեկնարկող հերթական նիստերի օրակարգ։ ՔՊ-ում դեռեւս չեն քննարկել՝ կո՞ղմ են քվեարկելու էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկին, թե՞ չեն պատրաստվում դատապարտել իրենց թիմակցին եւ դեմ կլինեն դրան։
Բանն այն է, որ, ի տարբերություն քննիչ հանձնաժողովի, որը նախաձեռնության դեպքում ձեւավորվում է իրավունքի ուժով, էթիկայի հանձնաժողովի ձեւավորման համար Կանոնակարգ օրենքն այլ ընթացակարգ է սահմանում, այն կարող է ձեւավորվել ԱԺ որոշմամբ, այսինքն՝ ՔՊ-ական մեծամասնությունը պարտադիր պետք է կողմ քվեարկի:
Ավելին, եթե անգամ հանձնաժողովը ստեղծվի, այն կգործի միայն այն դեպքում, եթե ՔՊ-ից հանձնաժողովի անդամներ ներկայացնեն, տեսականորեն կարող են հանձնաժողովը ստեղծել, բայց չհամալրել կազմը՝ այդպիսով կանխելով դրա գործունեությունը: Կարճ ասած՝ եթե ՔՊ-ն դեմ լինի, այս հանձնաժողովի ձեւավորումը հենց օրորոցում կխեղդի։
Մենք գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի հարցում ՔՊ-ում չկա միանշանակ մոտեցում, հատկապես կանանց գունդը, որը խնդիրներ է ունեցել նրա հետ, փորձում է միջադեպից օգտվել՝ թիմի ներսում առաջ տանելով նրան անարգանքի սյունին գամելու հարցը:
Իսկ շարժառիթները տարբեր են․ մեկին Քոչարյանը դիտողություն է արել խորհրդարանին ոչ համապատասխան դրեսկոդի համար, մյուսին հեգնել է, թե շաբաթը ութ օր բյուջեի հաշվին շրջագայում է, երրորդին մի այլ պատճառով է խայթել։ Եվ արդեն շաբաթներ է՝ կանանց գունդը ներկուսակցական չաթերում պարբերաբար բարձրաձայնում է հարցը, որ Քոչարյանի վարքը քննության առարկա պիտի դառնա։
Հակառակ թիմից, սակայն, մեզ ասացին, որ Քոչարյանն էլ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել․ երբ իր հարցը դրվի քննարկման, ինքը հատ-հատ կանդրադառնա մյուսների վարքին, կպահանջի, որ բոլորի վարքը քննության առարկա դառնա։
Իսկ Նիկոլ Փաշինյանը կթողնի, որ ՔՊ-ում իրար փոր թափեն, իրար միս ուտեն՝ առաջորդվելով «բաժանիր, որ տիրես» կարգախոսով, եւ միայն վերջում կա՛մ իր խոսքը կասի, կա՛մ իր կամակատարների միջոցով կուղղորդի գործընթացը: Իսկ մինչ այդ, իշխող թիմում ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին։
Եթե, այդուհանդերձ, որոշեն հանձնել նրան, Քոչարյանի վարքը քննելու հարցի հիմնական զեկուցող կնշանակվի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որին հենց Քոչարյանի լոբբինգով է ՔՊ-ն զրկել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եւ որն առիթ է փնտրում՝ նրան պատժելու։
Բաց մի թողեք
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. Աղյուսակ
Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից
Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի