Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի և Ադրբեջանի նախարարների հետ մասնակցելու է Կովկասի վերաբերյալ պանելային քննարկման, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն: Քննարկման թեման է ռեգիոնալ գործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները:
Սա կլինի թերևս բացառիկ քննարկում այն իմաստով, որ ռեգիոնալ գործակցության մարտահրավերները կլինեն հենց բեմում՝ ի դեմս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի: Ադրբեջանն է ռեգիոնալ մարտահրավերը, դրանց աղբյուրն ու, ըստ էության, տրանսլյատորը միաժամանակ:
Ադրբեջանն ինքնին մարտահրավեր է իր հավակնություններով, մարտաշունչ և ագրեսիվ քաղաքականությամբ՝ Հայաստանի հանդեպ բաց ռեժիմում, Վրաստանի հանդեպ՝ լատենտ:
Եվ Ադրբեջանն է ռեգիոնալ մարտահրավերների տրանսլյատորը, որ իր մեջ փորձում է ներառել ռեգիոնի նկատմամբ տարբեր հավակնություններն ու իր քաղաքականությունը կառուցելով դրանց վրա, այդ հակասությունների մեջ փնտրել ագրեսիայի պատեհություն:
Այդպիսով, Անթալիայի դիվանագիտական ֆորումում կլինի բացառիկ պանելային քննարկում, որտեղ ռեգիոնալ գործակցության մարտահրավերների և հնարավորությունների մասին կխոսեն՝ մի կողմից մարտահրավերը, մյուս կողմից՝ դրա թիրախները:
Կարո՞ղ է արդյոք այդտեղ լինել որևէ առարկայական և հավասարակշռված բովանդակությամբ խոսակցություն: Տեսականում՝ այո, գործնականում՝ ոչ: Դրա ակնաու վկայությունը Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի ելույթներն են, որոնք գերազանցապես կառուցված են Հայաստանի հանդեպ սպառնալիքի և շանտաժի վրա:
Հետևաբար, Անթալիայի ֆորումի պանելային քննարկումը խորքային իմաստով ավելի շուտ լինելու է ֆորումի քաղաքական շոուի էլեմենտներից, քան իրապես բովանդակային քննարկման հնարավորություն:
Ցավոք, առավել էական կլինի այն, թե դիվանագիտական ֆորումի ընթացքում Կովկասի թեման ինչ տեղ կզբաղեցնի ռեգիոնալ տերությունների պաշտոնյաների միջև շփումների օրակարգում՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան:
Խորքային հաշվով, Կովկասի հանրապետությունների սուբյեկտային ներգրավվածության աստիճանը պայմանավորված է ոչ թե նրանով, թե ինչպես կհարաբերվեն միմյանց հետ, այլ թե ինչպիսի հարաբերություններ կլինեն վերը նշված եռյակի հետ:
Այդ իմաստով, իհարկե, իրավիճակը, մասնավորապես, Հայաստանի համար ներկայումս բավականին խրթին է ու շերտավոր, և իսկապես հնարավորություններով ու մարտահրավերներով հագեցած:
Բաց մի թողեք
Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր. Լուսանկար
Աստանայի կողմնորոշումը Մոսկվայի համար չափազանց կարևոր է, այս հարաբերություններում որտեղ է Հայաստանը
Փարիզում կարևոր հանդիպում՝ Հայաստանի մասին, թե՝ ․․․ ընդհակառակը