18/04/2025

Մենք լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած, պետք է կանխել ծառերի ջարդը, ինչու է լռում ԳԱԱ-ն

Մինչ հանրությունն ահազանգում է, որ Երեւանում ծառերի սպանդը նպաստել է մայրաքաղաքում օդի աղտոտմանը, շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն ամփոփագիր է տարածում, թե մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է:

Բնապահպան կամ ոլորտի մասնագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ եթե համապատասխան քայլեր, աշխատանքներ չեն իրականացվում, դեռ մի բան էլ օդը մաքրող սաղարթախիտ ծառերի փոխարեն շվիներ են տնկում, չի կարող ինչ-որ հրաշք լինել, եւ քաղաքի օդը մաքրվել:

Երեւանի քաղաքապետարանը նաեւ հայտարարում է, որ օդի բարելավման քառամյա ծրագիր են մշակել: Երկու օր շարունակ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից եւ շրջակա միջավայրի նախարարությունից, թե ինչ հրաշքով է Երեւանի օդը մաքրվել եւ ինչ միջոցառումների ծրագրի մասին է խոսքը, սակայն խուսափեցին մեր հարցերին պատասխանել:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, որն օրնիբուն Ֆեյսբուքում գրառումներ է անում, եւ կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Հրապարակը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ: 

– Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը պնդում է, որ Երեւանում նախորդ տարվա համեմատ օդի աղտոտվածության վիճակը լավացել է, իբրեւ թե օդը մաքրվել է, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպես են ծառերի սպանդ իրականացնում, ավտոմեքենաները, որոնց արտանետումներն աղտոտում են օդը, չեն պակասել, ոչ մի նշան չի վկայում, որ իրավիճակը բարելավվել է: Ի վերջո, ի՞նչ պատկեր ունենք:

– Հավանաբար, Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի եզրակացությունը տեղումների առատությամբ է պայմանավորված: Քանի որ շատ են աձրեւներ տեղում, հավանաբար որոշել են, որ օդը մաքրված կլինի, բայց նման բան չկա, եթե անգամ կա` խիստ ժամանակավոր երեւույթ է: Երբ մեծ քանակությամբ տեղումներ են լինում, տվյալ պահին հնարավոր է, որ օդը մաքրվի, բայց չենք կարող դա մշտադիտարկել եւ դրա հիման վրա նման եզրակացություններ կազմել: Անձրեւը դադարեց` չորս օր անց իրավիճակը նորից նույնն է լինելու, ինչու, որովհետեւ ոչ մի բան մեր քաղաքում դեպի լավը չի փոխվել, մեծ քանակությամբ հասուն, մեծ սաղարթներով ծառեր են հատվել, շինարարությունը քաոտիկ ձեւով շարունակվում է, եւ ոչ մի նախադրյալ չկա, որի վրա կարող ենք հենվել եւ ուրախանալ՝ ասելով, թե իրավիճակը փոխվում է դեպի լավը: Այս ամենը նման է ծածկադմփոցի: Փորձում են մարդկանց աչքերին վարդագույն շղարշ դնել․ սա է իրականությունը: Եթե ոչինչ չի փոխվել դեպի լավը, ո՞նց կարող է քաղաքի օդը մաքրվել: Ի՞նչ հիմնարար գործողություն են արել, որ արդյունք ստանան: Ես լուսանկարներ ունեմ, միայն տեսնել է պետք, թե ինչ է կատարվում բուսաբանական այգում: Բուսաբանական այգին եւ Նորքի անտառները Երեւանի թոքերն են: Բուսաբանական այգում մեծ քանակությամբ ծառեր են հատվել, ինչ-որ դաշտային տարածքներ են սարքել, որտեղ կամաց-կամաց կառուցապատման աշխատանքներ են սկսում: Քիչ-քիչ վերանում է բուսաբանական այգին, այն այլեւս շատ քիչ քանակությամբ ծառեր ունի, անգամ այդ այգին բուսաբանական կոչելու նախադրյալ չկա: Ես արտերկրում տարբեր բուսաբանական այգիներում եմ եղել, պնդում եմ, որ մեր ունեցածն էլ բուսաբանական այգի կոչվել չի կարող: Ասում են՝ հերոսների պուրակ են պատրաստում, ես կողմ եմ, որ ցանկանում են հիշել մեր հերոսներին, լավ են անում, բայց թող այլ տեղում դա անեն, այլ ոչ թե բուսաբանական այգում: Բուսաբանական այգին գիտական հիմնարկ է, որտեղ ուսումնասիրվում են տարատեսակ ծառատեսակներ, աճեցվում ու պայմաններ են ստեղծվում: Գիտնականներ ենք ունեցել, որ բուսաբանական այգու հիման վրա բազմաթիվ դիսերտացիաներ են գրել ու պաշտպանել, դարձել են համաշխարհային գիտնականներ: Զարմանում եմ, թե ինչպես է լռում Գիտությունների ազգային ակադեմիան: Այսինքն` ինչո՞ւ եմ զարմանում, այն մի կառույց է դարձել, որը ենթարկվում է տվյալ ժամանակվա պետական մարմիններին ու չի նպաստում գիտության զարգացմանը: Կներեք, բայց պետք է ասեմ, որ մեր հանրության մեջ այսքան շատ են տգետները, թող ոչ մեկը չնեղանա ինձնից, բայց զարմացնում է ինձ տգետների առատությունը, տգետ են` թե՛ քաղաքականապես, թե՛ հանրային կարեւոր նշանակություն ունեցող հարցերում: Երեւի մարդկանց կրթել է պետք, սակայն ոչ այնպես, ինչպես ոմանք են ցանկանում: Մարդկանց պետք է շարունակաբար իրազեկել, թե ինչ է կատարվում:

– Որո՞նք պետք է լինեն օդի աղտոտվածության վիճակը լավացնող առաջնային քայլերը:

– Այս մասշտաբի ծառահատումներն ուղղակի անթույլատրելի են: Նախորդ տարիներին էլ էին էտման աշխատանքներ տարվում, սակայն բնապահպանական կազմակերպություններն առաջներում մշտապես իրազեկված էին, թե որտեղ ինչ է տեղի ունենում, գնում էինք, տեսնում, թե ինչ ծառեր են կտրել, ձեռքի հետ՝ նաեւ շատ լավ ծառեր, բայց որ նման պրոցես լիներ, որ հատուկ ծառեր ոչնչացվեին, այնպիսի ծառեր, որոնք մաքուր օդի կարեւորագույն բաղադրիչն էին, առաջներում չեմ հիշում: Մենք լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած, պետք է կանխել ծառերի ջարդը:

Translate »