18/04/2025

Չէի ուզի, որ մեր հասարակությունը հիմա էլ Իրանի մասով ընկներ ինչ-որ էյֆորիկ տրամադրությունների կամ պատրանքների մեջ

ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ապրիլի 9-ից 10-ը ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության Զինված Ուժերը համատեղ զորավարժություն են իրականացնելու:

Զորավարժությունն ամեն կողմն անցկացնելու է իր երկրի տարածքում: Զորավարժության նշանակության ու այլ հարցերի մասին

«Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ: 

-Հետաքրքիրն այստեղ այն էր, որ ամեն կողմն իր տարածքում է անցկացնելու զորավարժությունը: 

-Այստեղ չենք կարող բացառել, որ որպես առաջին այսպիսի գործողություն, փորձ է արվել ընտրել այնպիսի ձևաչափ, որը չի առաջացնի քաղաքական սուր ընկալումներ այլ խաղացողների մոտ: Այստեղ զգայուն խաղացողների շրջանակը բավական լայն է. Արևմուտքը, Միացյալ Նահանգները և այլն, բայց պետք է նաև նկատի ունենալ, որ Հայաստանում Իրանի ռազմական ներկայության, մասնակցության և այլ հարցերում զգայուն խաղացող է նաև Ռուսաստանը, որքան էլ սերտ հարաբերություն ունի Իրանի հետ: Ես կարծում եմ, Իրանը Հայաստանի հետ պաշտպանական կոմունիկացիայի հարցում հնարավոր սցենարներ քննարկելիս անկասկած հաշվի է առնելու նաև, որ իր գրոծողությունները քաղաքական սուր ընկալումների չարժանանան նույն Թուրքիայում և Ադրբեջանում: Այսինքն, Իրանի համար կարևոր է մեսիջներ հասցնել, որ ինքը պատրաստ է Հայաստանի հետ ընդհուպ անվտանգային համատեղ միջոցառումներ անել, բայց շատ կարևոր է նաև, որ այդ մեսիջները հասնելով տեղ, ոչ թե քաղաքական լարվածություն առաջացնեն, այլ եզրակացություններ: Այս տեսանկյունից, կարծում եմ, որպես առաջին գործողություն ընտրվել է այդ ձևաչափը: Գուցե դրանից հետո արդեն Իրանն ու Հայաստանը կանեն եզրակացություն, թե ինչպես է հնարավոր շարունակել խորացնել պաշտպանական գործակցությունը արդեն այս նոր աստիճանի հիման վրա:

-Ի՞նչը ստիպեց, որ հայկական կողմը վերջապես Իրանի հետ համատեղ զորավարժություն իրականացնի: Օկուպացված Ստեփանակերտում Ալիևի հայտարարություններ՞ն են հիմք հանդիսացել:

-Ադրբեջանի դիրքորոշումները, այդ հայտարարություններն իրենց տրամաբանությամբ ու ձևակերպումներով նոր չեն: Չեմ կարծում, թե դրանցով պայմանավորված կարող են լինել այդ զորավարժությունները, առավել ևս, որ զորավարժություններ կազմակերպելը ենթադրում է շատ տևական նախապատրաստում, ոչ միայն ֆիզիկական, տեխնիկական մասով, այլև քննարկումներ, պլանավորում և այլն: Հետևաբար, մենք պետք է պատկերացնենք, որ այդ զորավարժությունը պլանավորված է թերևս վաղուց:

– Ինչո՞ւ Երևանն ավելի վաղ չի արձագանքել Իրանի առաջարկներին, իսկ հիմա համաձայնեց:

– Մենք չգիտենք, թե Երևանը երբվանից է արձագանքել, որ հնարավոր է եղել պայմանավորվել և կազմակերպել այս զորավարժությունը: Շատ կարևոր է հասկանալ նաև, թե արդյոք հենց առաջարկների շուրջ չեն եղել քաղաքական քննարկումներ, երբ շատ տևական քննարկումների արդյունքում ընտրվել է առնվազն որպես առաջին քայլ այս ձևաչափը: Քանի որ մենք չգիտենք, թե ինչ բնույթի առաջարկներ է արել Իրանը, շատ դժվար է ասել, թե ինչու չեն ընդունվել առաջարկները մինչև հիմա և ընդունվեցին այժմ: Որովհետև հնարավոր է դրանց բնույթը չի եղել ընդունելի և ի վերջո, քաղաքական, պաշտպանական քննարկումների արդյունքում եկել են ներկայիս համար օպտիմալ համարվող ձևաչափին: Այս հարցերը կան, որովհետև որքանով ինձ է հայտնի, Իրանի առաջարկներն ունեցել են մի քիչ այլ բնույթ և դրանք գուցե Երևանի համար քաղաքականապես համարվել են ավելի զգայուն՝ դրանց շուրջ համաձայնությունների տեսանկյունից:

-Իսկ ի՞նչ բնույթ են ունեցել դրանք, Իրանի ռազմական անձնակազմի ներկայություն` Հայաստանի տարածքո՞ւմ: 

-Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, եղել են հենց այդպիսի տրամաբանություն ենթադրող առաջարկներ, թեպետ ուզում եմ հիշեցնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպմանը, եթե չեմ սխալվում` 2023 թվականին, որտեղ նա հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Իրանի դիտորդներ տեղակայելու պատրաստակամության մասին: Այստեղից կարող ենք ինչ-որ ենթադրություններ անել, որ հնարավոր է այս առաջարկների հիման վրա քննարկումների արդյունքում` որպես մեկնարկային ինչ-որ բան հանգել են այսպիսի ձևաչափով զորավարժության: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր և գործնական իրադարձություն է… Երևանի և Թեհրանի միջև շահերի և հետաքրքրությունների զգալի ընդհանրությունը հաշվի առնելով, կարծում եմ, սա այս փուլում հատկապես կարևոր քաղաքական մեսիջ էր: Ինչո՞ւ այս փուլում, որովհետև իմ գնահատմամբ, ամերիկա-ռուսական գործարքի այս պրոցեսը և դրանից եվրոպական խաղացողների դժգոհությունը բավական բարձրացնում է, այդ թվում նաև Կովկասում, էսկալացիայի պահանջվածության ռիսկերը: Եվ հետևաբար, սրա հանդեպ զգայուն է ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը, հատկապես հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող պրոցեսները, ամերիկա-իրանյան բանակցության պրոցեսը և այլն: Այս փուլում շատ կարևոր է ցույց տալ, որ Երևանն ու Իրանը կարող են ոչ միայն խոսքերով լինել համադրելի, այլև պաշտպանական բնագավառում ընդհանուր գործողությունների հնարավորությամբ:

-Արդյո՞ք սա կզսպի Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ախորժակը: 

-Ես հեռուն գնացող հետևություններ չէի անի, ես շատ կարևոր եմ համարում, որ մենք չգերագնահատենք այս իրողությունները, որովհետև շատ կարևոր է, թե ինչպիսին կլինի հասարակական ընկալումը, որովհետև նմանօրինակ իրադարձությունների հետագա որակի և ազդեցության տեսանկյունից շատ կարևոր է: Չէի ուզի, որ մեր հասարակությունը հիմա էլ Իրանի մասով ընկներ ինչ-որ էյֆորիկ տրամադրությունների կամ պատրանքների մեջ: Անշուշտ, կունենա որոշակի ազդեցություն, բայց մտածել, որ այսպիսի միջոցառումներն ի վիճակի են զսպել Թուրքիային, ես Ադրբեջանի մասին, իհարկե, չեմ խոսում, որովհետև Ադրբեջանն այդ տեսանկյունից ավելի շուտ կատարող գործիքի ֆունկցիա է իրականացնելու` ավելի խոշոր ծրագրերի համար, քան ինքը որոշում կայացնող է:

Կզսպի՞ արդյոք Թուրքիային ինչ-ինչ զրագացումների պարագայում, ես կարծում եմ, Թուրքիային զսպելը ինքին շատ ավելի խոշոր տրամաբանությամբ գործիքակազմ և հանգամանքներ է ենթադրում: Ըստ այդմ, այս մի հայ-իրանական համատեղ զորավարժությունից անել շատ մեծ եզրակացություններ, կարծում եմ այդքան էլ օպտիմալ չի լինի, բայց ռիսկերը լինում են տարբեր աստիճանների և հնարավոր է այս գործողությունը նվազեցնի լոկալ տրամաբանությամբ ռիսկերը, ինչը ևս շատ կարևոր է:

Translate »