19/04/2025

Երևանը փորձում է գտնել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «պատի» նոր ճաքե՞ր

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կոստանյանը հայտնել է, որ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բերիս Էքինջիի հետ:

«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը Իքսի իր էջում:

Այս հանդիպման փաստն ինքնին հետաքրքիր է նրանով, որ տեղի է ունենում փաստորեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շեմին, ուր մեկնելու է Հայաստանի ԱԳ նախարարը: Արարատ Միրզոյանը Թուրքիայում կունենա Հաքան Ֆիդանի հետ հանդիպման հնարավորություն, հետևաբար, ուշադրության է արժանի, որ այդ հնարավորության շեմին տեղի է ունենում տեղակալների հանդիպում:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ հանդիպումը ունի այսպես ասած նախապատրաստական տրամաբանությունից, այսինքն՝ դրա ընթացքում քննարկվել է որևէ կոնկրետ հարց, կոնկրետ օրակարգ, որը նախապատրաստում են Անթալիայում արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման ու համաձայնեցման:

Իհարկե, բարդ է ասել միարժեք, սակայն փոխնախարար Կոստանյանի գրառման մեջ ուշադրություն է գրավում ձևակերպումը «համագործակցության նոր ոլորտների սահմանման» մասին: Իհարկե, հարց է առաջանում, իսկ ի՞նչ եղան նախկինում «սահմանված» ոլորտները, օրինակ` ուղիղ ավիաբեռնափոխադրումները, երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը բացելու համաձայնությունը, որի մասին հայտարարվել է դեռ 2022-ի հուլիսին, ինչ է եղել Անիի կամրջի համատեղ նորոգման մասին համաձայնությունը:

Օրերս օկուպացված Ստեփանակերտում կայացած ինչ-որ ֆորումի էր մասնակցել Էրդողանի խորհրդականներից մեկը, որը հայտարարել էր, որ հայ-թուրքական կարգավորումը առաջ կգնա միայն, երբ Հայաստանը կատարի Ադրբեջանի պայմանները՝ այդպիսով վկայելով Աննկարա-Բաքու համատեղ պատի մասին:

«Նոր ոլորտներ» արտահայտությունը, համենայն դեպս, դժվար է համադրվում ոչ միայն բարձրաձայնված, բայց առ այսօր, ըստ էության, էական տեղաշարժ չունեցած հին պայմանավորվածությունների հետ, այլ նաև Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունների հետ:

Երևանը փորձում է գտնել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «պատի» նոր ճաքե՞ր՝ նոր ոլորտների մասին խոսակցությամբ: Բայց թերևս մեղմ ասած պետք չէ առանձնապես տարվել այդ ջանքով, և հարկ է, համենայն դեպս, դիտարկել տարբերակ, երբ Անկարան ու Բաքուն կարող են խաղարկված բացել այդ ճաքերը՝ Հայաստանին հետո դրանց մեջ սեղմելու համար:

Translate »