Սոցիալական ցանցերում է հայտնվել Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղադրված քաղաքի դրոշը՝ նկատելի փոփոխությամբ։ Դրոշին պատկերված քաղաքի զինանշանի վրա «Էջմիածին» բառը փոխարինվել է «Վաղարշապատ»-ով։
Ե՞րբ եւ ովքե՞ր են կատարել փոփոխությունը՝ պարզել չհաջողվեց․ համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը կա՛մ զանգերին չէր պատասխանում, կա՛մ անհասանելի էր։
Զրուցեցինք ավագանու ընդդիմադիր «Հայրենատեր» խմբակցության ղեկավար Ջիվան Աբրահամյանի հետ։ Պարզվեց՝ նրա երկու հոգանոց խմբակցությունը չի մասնակցում ավագանու նիստերին, քաղաքական բոյկոտ է հայտարարել։ «Ճիշտ է՝ մեր բոյկոտը հարցի լուծում չէ, բայց որ համայնքային հողերի օտարման որոշումների տակ մեր ստորագրությունը չի դրվում, կարեւոր է»,- ասաց Աբրահամյանը։ Իսկ Էջմիածնի զինանշանի վրա արված փոփոխությանը նա հանգիստ վերաբերվեց։ «Եթե համայնքն անվանափոխվել-դարձել է Վաղարշապատ, փոփոխություն է եղել նաեւ բոլոր փաստաթղթերում, բնականաբար, փոխվել է նաեւ զինանշանի վրա գրված «Էջմիածին» բառը։ Իսկ Վաղարշապատը քաղաքի հին անուններից է, այդ առումով խնդիր չեմ տեսնում»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։
Նրա հետ համաձայն չէ էջմիածինցի մանկավարժ Հովհաննես Մեսրոպյանը։ Ըստ նրա՝ զինանշանը ոչ թե Վաղարշապատ խոշորացված համայնքի խտացված պատմությունն է, այլ արքայանիստ ու կաթողիկոսանիստ քաղաքի։ «Իսկ զինանշանի կենտրոնում պատկերված նախշազարդ «Է» տառը երկու իմաստ ունի՝ «Էություն» եւ «Էջմիածին», այսինքն՝ վայր, որտեղ իջել է Միածինը։ Ի՞նչ կապ ունի այստեղ Վաղարշապատը։ Դա ընդամենը խոշորացված համայնքի անունն է, եւ վերջ»,- ասաց Հովհաննես Մեսրոպյանը։
Զինանշանի վրա կատարված փոփոխությունից անտեղյակ է նաեւ զինանշանի էսքիզների մրցույթին մասնակցած նկարչուհի Արեւիկ Մկրտչյանը։ Հիշում է՝ մրցույթն աղմկոտ էր, քաղաքի բոլոր նկարիչները մասնակցում էին, հետաքրքիր մտահղացումներ կային, բայց հաղթեց ոսկեգործ, երջանկահիշատակ Արշակ Մանուկյանի էսքիզը։ «Իմ էսքիզը գեներալ Մանվելին այնքան էր դուր եկել, որ վերցրեց, տարավ հետը։ Բայց այն ժամանակ էլ մեծ աղմուկ բարձրացավ․ պրոֆեսիոնալ նկարիչների գործերը դուրս մնացին, իսկ ոչ նկարչի էսքիզը հաղթեց։ Հիմա էլ ուրիշ աղմուկ է․ փոփոխություն են անում՝ առանց մասնագիտական կարծիքը հաշվի առնելու»։
Զրուցակիցներիս խոսքով՝ նման որոշումները պետք է կայացվեն հանրային լսումների արդյունքում։ Համայնքի ղեկավարությունը պետք է հաշվի նստի բնակիչների կարծիքների հետ։ Ի վերջո, նաեւ հեղինակային իրավունք է խախտվել։
«Իրավական առումով զինանշանի հեղինակային իրավունքն ամբողջությամբ պատկանում է համայնքին»,- ասաց ավագանու անդամ Ջիվան Աբրահամյանը։ Իսկ ինչ վերաբերում է հանրային լսումներին, նրա ասելով՝ այդպիսիք ձեւական բնույթ են կրում։ «Իրենց շրջապատից 15-20 հոգի բերում են, ինչ-որ բաներ են անում, որը, կարծում եմ՝ ոչ թե հանրային քննարկում է, այլ ամբիցիաները բավարարող մարդկանց հավաքույթ։ Իրազեկումն էլ այնպես են կազմակերպում, որ հնարավորինս քիչ մարդ տեղեկանա լսումների մասին․ ինչ-որ էջում հայտարարություն են դնում, որին գրեթե ոչ ոք չի հետեւում, որովհետեւ այդ էջ չեն մտնում»,- ասաց ավագանու անդամը։
Երաժիշտ Հրաչյա Մկրտչյանը եւս անընդունելի է համարում քաղաքին վերաբերող հարցերը քաղաքացուց ծածուկ՝ ծածկադմփոցով առաջ տանելու արատավոր պրակտիկան։ «Անընդունելի է նման հարցերը մեկ-երկու հոգով որոշելը։ Ոչ ոք իրավունք չունի քաղաքին առնչվող հարցերում իր ճաշակով փոփոխություններ կատարելու։ Ոչ միայն հանրային, այլեւ մասնագիտական քննարկում է պետք։ Ճիշտ կլիներ, որ համայնքի ղեկավարությունը հավաքեր մտավորականներին ու արվեստագետներին, լսեր նրանց կարծիքը»,- ասում է նա։ Ավելի կտրուկ էր նկարչուհի Արեւիկը՝ ո՞վ է մեզ բանի տեղ դնում, որ մի հատ էլ լսումների կանչեն։
Բաց մի թողեք
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում
Այս գիշեր Սյունիքի դիրքերում կրակոցներն առավել ինտենսիվ են եղել
Հունգարիան արգելափակել է Հայաստանին տրամադրվող 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթը