17/04/2025

Ո՞ւմ «ականջներն ու պոչն են» երևում արցախահայության բողոքի հետևում

Ընդդիմադիր խմբակների կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին որպես գործիք օգտագործելու և հակակառավարական ցույցերի հերթական սեզոնն սկսելու մասին գրել ենք նախորդիվ։

Ուշագրավ է, որ հակակառավարական այս՝ առաջին հայացքից լեգիտիմ պրոցեսը (որը սոցիալական փաթեթավորում ունի) գեներացվում է այն փուլում, երբ ՀՀ-ն հայտարարել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու իր պատրաստակամության մասին։

Մի գործընթաց, որին դեմ է և որը վիժեցնելու համար ամեն ինչի պատրաստ է ընդդիմությունը, ինչպես նաև վերջինիս արտաքին հրահանգիչները։ Այս վերջինին՝ հրահանգիչներին, դեռ կանդրադառնանք, իսկ այժմ նկատենք՝ հերթական փողոցային շարժման թիկունքում դժվար չէ չտեսնել առավելապես ՀՅԴ-ի «պոչն ու ականջները»։ Եվ ոչ միայն ՀՅԴ-ի։

Ազատության հրապարակում մարտի վերջից տեղադրված «штаб-квартира»-ում՝ վրանում, ինչպես գիտենք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպում-քննարկումներ է ունենում թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հետ։

Վրանի այցելուների շրջանակը հուշում է, որ նոր սկսվելիք փողոցային պայքարը ունենալու է նույն շահառուները, ինչ նախորդիվ տեղի ունեցած շարժումներն էին։ Եվ եթե նախկին շարժումների ժամանակ ԼՂՀ խնդիրն էր օգտագործվում իշխանության «պատվանդանը» սասանելու համար, ապա այժմ, ԼՂՀ-ի բռնի տեղահանությունից հետո, արցախցիներին են օգտագործում այդ պատվանդանը սասանողները։

Այս՝ առայժմ եփվող պայքարի «դիրիժորությունը», ինչպես ասացինք, ստանձնել է ՀՅԴ-ն՝ Արցախի կառույցի ակտիվ դերակատարմամբ։ ԼՂՀ 7-րդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն, հիշեցնենք, երեք մանդատ ուներ՝ Դավիթ Իշխանյան, որը գերեվարվել է 2023-ին և այժմ Բաքվում է, Արթուր Մոսիյան և Վահրամ Բալայան։

Մոսիյանն, ինչպես երևում է, զբաղված է արցախահայության բողոքական տրամադրությունները դեպի նախանշված թիրախն ուղղորդելու կուրացիայով՝ մինչև կիջեցվի շուրջօրյա հավաքներ սկսելու հրահանգը։ Նշենք, որ ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ նախօրեին Երևանի «Արամ Մանուկյան» կենտրոնում, այսպես ասած, ընկերային հանդիպում է կազմակերվել ՀՅԴ Արցախի կառույցի ընկերների մասնակցությամբ, որին ներկա է եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը՝ կոչ անելով արցախահայությանը չվհատվել։

ՀՅԴ պաշտոնական կայքն ազդարարում է՝ «հանդիպման ընթացքում ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը զեկույցով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի բանաձևերն ու ընդունած որոշումները, Արցախի հարցի շուրջ որդեգրած ՀՅԴ դիրքորոշումներն ու անելիքները»։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը վերահաստատել է ՀՅԴ աջակցությունը արցախցիների իրավունքների համար պայքարին և ներկայացրել այդ ուղղությամբ կատարած աշխատանքները։ Հանդիպմանը «քննարկվել են նաև կազմակերպական, ներքաղաքական, համահայկական և աշխարհաքաղաքական հարցեր»: ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանն էլ ներկայացրել է «Արցախի ԱԺ գործունեությունը և ԱՀ նախագահի գործունեության ժամկետի երկարաձգման հետ կապված գործընթացը»։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, այս օրերին ներհայաստանյան պրոցեսներին «ձայնակցելու» նպատակով ակտիվացել են նաև ՀՅԴ սփյուռքի կառույցները։ Մասնավորապես Իրանի Կենտրոնական Կոմիտեում օրերս խմբային ժողով է տեղի ունեցել, որին մասնակցել են «Ալիք» օրաթերթի նախկին ու ներկա խմբագիրներ Դերենիկ Մելիքյանը և Արամ Շահնազարյանը, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Հովհաննիսյանը, նրա կինը՝ Բերսաբե Հովհաննիսյանը, Սևան Դանիելյանը, որը վերջերս ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՅԴ բյուրոյի անդամ, Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը և իհարկե Իրանի իսլամական խորհրդարանում զույգ դաշնակցական պատգամավորներ Արա Շահվերդյանն ու Գեղարդ Մանսուրյանը։

Վերադառնանք Հայաստան, Ազատության հրապարակի վրան։ Նախօրեին հայտարարված «լայն հանրային համախմբման շրջանակներում» վրանային քննարկումներին մասնակցել են նաև պրոռուսական ուժերի՝ ՌԴ-ում ապաստանած «հայոց փրկիչ» պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հովանու ներքո գործող «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման, «Միասին» շարժման, մեկ այլ ռուսաստանյան փրկիչ՝ ԴԱՀԿ-ի Միհրանի՝ Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց համազգային միասնության», Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր», «Միասնական հայրենիք» կուսակցությունների, ինչպես նաև ԱԺ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի, «Թեքեյան մշակութային միություն» հասարակական կազմակերպության և Ամերիկայի հայ դատի գրասենյակի ղեկավարությունների ու ներկայացուցիչների հետ։ Երեկ էլ վրանային քննարկումներին է միացել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ի տեղեկացմամբ՝ «հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում, և բոլոր ուժերն իրենց աջակցությունն են հայտնել պայքարի օրակարգին։ Քննարկումներ են ծավալվել հետագա անելիքների շուրջ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ»։

Այս «կոնկրետ» պայմանավորվածություններից մեկն էլ, թերևս, ՀՀ գլխավոր դատախազության և ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիաներն էին՝ հետևյալ օրակարգով՝ իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր անեն արցախահայության հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության համար, ՄՔԴ պետական դիմում ներկայացնեն, չհրաժարվեն միջազգային դատական հայցերից, հրաժարվեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց։

Այս օրակարգի մի շարք կետեր, նկատենք, հակասում են ՀՀ-Ադրբեջան խաղաղության փխրուն և չափազանց զգայուն գործընթացին և կարող են տորպեդահարել համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը։ Այնպես որ, արցախահայության օրակարգի շահարկումն ու գեներացումը հատկապես այս շրջանում պատահականություն չէ։ Տարօրինակ է, սակայն, որ արցախահայերը, որոնք իրենց մեղադրանքների թիրախ են դարձրել ՀՀ իշխանությանն ու պահանջում են հոգալ իրենց հավաքական վերադարձի հարցը, գեթ մեկ անգամ բողոքի նոտա կամ պահանջագիր չեն ներկայացրել իրենց՝ «բռնի տեղահանվածի» կարգավիճակի մեղավորներից ու պատասխանատուներից մեկին՝ ՌԴ-ին՝ ի դեմս ՀՀ-ում այդ երկրի դեսպանի։

Տրամաբանական կլիներ, որ հավաքական վերադարձի պահանջով արցախահայությանն ուղղորդող վերոհիշյալ խորհուրդը «նմուշի համար» մի ակցիա էլ կազմակերպեր ՌԴ դեսպանատան առաջ, այլապես մի տեսակ կասկածելի է ՀՀ իշխանությանը մեղադրելու, իսկ ՌԴ-ին ամեն կերպ խնայելու այս վարքագիծը։

Եվ բացի սրանից՝ վերադարձի իրենց իրավունքի մասին թմբկահարող արցախցիները ինչպիսի՞ պայմաններում են պատկերացնում վերադարձը՝ առանց խաղաղապահների առկայությա՞ն, թե՞ նորից պատրաստվում են ապավինել ՌԴ խաղաղապահների անպատասխանատու վարքագծին՝ աչքի առաջ ունենալով մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման, 2023-ի սեպտեմբերյան զարգացումները։

Հարկ է նշել, որ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը անցյալ տարի այս օրերին էր, որ լքեց «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանը». արցախահայության՝ 2023-ի բռնի տեղահանումից ժամանակ անց Լեռնային Ղարաբաղը հենց այսպես՝ անվանափոխված էր ներկայացվում խաղաղապահ կոնտինգենտի կողմից ՌԴ ՊՆ կայքում հրապարակվող ամենօրյա տեղեկագրերում։

Ի դեպ, Խորհրդի տարբեր ներկայացուցիչներ իշխանությանը վերջնագիր են ներկայացրել, որից հետո պատրաստվում են նոր հանրահավաք կազմակերպել։

Հ. Մ.

Translate »