17/04/2025

Ջունգլիների օրենքով․ Ամեն ինչ որոշվում է «ուժեղի իրավունքով»

Թույլին, խեղճին, նվազին, արժանապատվություն չունեցող վախկոտին ոչ ոք չի սիրում: Դա բնության ու կյանքի չգրված օրենքն է: Կենդանական աշխարհում «ջունգլիների օրենքով» ուժեղն ուտում է թույլին, մարդկային հարաբերություններում՝ արհամարհում, լավագույն դեպքում՝ անտեսում, իսկ վատագույն դեպքում՝ նվաստացնում:

Հրապարակ թերթը գրել է․ Նույնը քաղաքականության մեջ է՝ պետությունների միջեւ հարաբերություններում: Ամեն ինչ որոշվում է «ուժեղի իրավունքով», եւ Փաշինյանի իշխանության ամեն մի օրը դա է ապացուցում, ինչպես ասում են՝ գետնի վրա ու գործնականում, բայց մեզ համար ցավոտ ու ծանր ձեւով, որովհետեւ ուժեղը փաշինյանական Հայաստանը չէ:

Ի հակադրություն նրա նվաստացած ու անօգնական վիճակի, Ալիեւն ամեն ինչ մարսում է՝ պատերազմի հրահրումից մինչեւ ցեղասպանական գործողություն Արցախում եւ կոշտ հռետորաբանություն՝ ոչ միայն իրենից թույլ ու պարտված Նիկոլ Փաշինյանի, այլեւ իրենից ուժեղ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում: Եվ մարսում է ոչ միայն այն պատճառով, որ ռուսական գազը Եվրոպա է հասնում իր տարածքով, այլ նաեւ՝ այն, որ, որպես երկրի ղեկավար, որքան էլ տհաճ լինի արձանագրելը, խաղում է քաղաքականության գրված ու չգրված կանոններով, ինքնավստահ է, չի զիջում, պահանջում է անհնարինը` ելնելով իր երկրի շահերից: Նա կարողանում է Ռուսաստանի հետ հարաբերություններում ատամ ցույց տալ, ինչպես ադրբեջանական ինքնաթիռի վթարի միջադեպի ժամանակ ու դրանից հետո` Մոսկվայի համար չափազանց զգայուն ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված: Անգամ իրեն թույլ է տալիս Ռուսաստանին օկուպանտ անվանել:

Եվրոպայի քավորությամբ ու Ռուսաստանի թողտվությամբ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Ալիեւը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին էր կոպիտ իր տեղը ցույց տալիս, երբ նա խոսում էր Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ սահմանների բացման մասին: «Ի՞նչ կապ ունի Եվրոպան դրա հետ»,- ասում էր նա եվրապաշտոնյային։ «Ըստ էության, երկրի ղեկավարից եւ նրանից, թե ինչ արտաքին քաղաքականություն նա կիրականացնի, մեծ բան է կախված, եւ այս առումով, կարող է ընդհանրապես կապ էլ չունենալ՝ մե՞ծ պետություն է դա, թե՞ փոքր: Ալիեւը ստացավ Ռուսաստանից այն, ինչ ուզում էր, եւ դա Արցախն էր: Նա ստացավ ոչ թե այն իմաստով, որ Ռուսաստանը տվեց, այլ՝ կարողացավ զավթել Արցախը, իսկ Մոսկվայի կողմից մենք չտեսանք այն կոշտ վերաբերմունքը, որ պետք է լիներ՝ ե՛ւ տեղահանության, ե՛ւ ռուս խաղաղապահների սպանության, ե՛ւ Արցախի շրջափակման հետ կապված, այսինքն՝ նա մարսեց այդ ամենը: ԵՄ-ի հետ կապված էլ եթե Ֆոն դեր Լայենի մակարդակով հայտարարվում է, որ Ադրբեջանն իրենց գործընկերն է, որովհետեւ Ադրբեջանի շնորհիվ Եվրոպան գազ է ստանում Ռուսաստանի հետ ունեցած բարդ հարաբերությունների համատեքստում, եւ եթե ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է, թե Ադրբեջանը մեր դաշնակիցն է, ուղղակի դեռ ինչ-ինչ պատճառներով ՆԱՏՕ մտնելու հայտ չի ներկայացրել, բնական է, որ Ալիեւն իրեն կարող է շատ ավելին թույլ տալ, քան անգամ հիմա է թույլ տալիս»,- «Հրապարակ»-ին ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով ալիեւյան սանձարձակությանն ու դրա դեմ որեւէ հակազդեցության բացակայությանը:

Մեր զրուցակիցը շեշտում է՝ թույլ կառավարման ու վատ արտաքին քաղաքականության մասին է խոսում այն, որ երկիրը, ինչպես ներկայիս Հայաստանը, բոլոր խաղաքարտերը բացում ու փռում է հակառակորդի առջեւ՝ չունենալով սեփական շահերն ապահովելու համար որեւէ խաղաքարտ: «Ես մի քանի անգամ եմ ասել, որ, ցավոք, Ալիեւն ինչ-որ առումով արտաքին քաղաքականության մեջ մաստեր-կլաս է ցույց տալիս, թե ինչպես կարելի է բոլորին օգտագործել հօգուտ իր պետական շահերի ու վերջում բոլորի գլխին չար կատակ խաղալ, ինչպես ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ է նա անում»,- շարունակում է միջազգայնագետը։

Բաքվի այս քաղաքականության մեջ, Բալասանյանի խոսքով,  տեղավորվում են նաեւ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ նրա հայտարարությունները, ինչի նկատմամբ կրկին աչք է փակում նույն ԵՄ-ն, որի դիտորդների հեռացումն է պահանջում Ալիեւը: «Երբ ԵՄ-ն դրան ի պատասխան հայտարարում է, թե Ադրբեջանից թաքցնելու ոչինչ չունենք, բնական է, որ Ալիեւը պետք է ուժեղացնի սպառնալիքները, ու եթե անգամ ինչ-որ հրաշքով այդ փաստաթուղթը ստորագրվի, ինչին ես խիստ կասկածում եմ, նա չի կատարելու այն եւ ամեն օր ուժեղացնելու է լարվածության մակարդակը հայ-ադրբեջանական սահմանին՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանությանը՝ առանց թուղթ ստորագրելու անընդհատ տարածքներ զիջել: Եթե նա ամեն անգամ կարողանա մի սար, մի լիճ իրենով անել, որեւէ պայմանագիր ստորագրելու եւ ինչ-ինչ հարցերի շուրջ իրեն պարտավորված զգալու կարիք չի ունենա»,- բացատրում է Գրիգոր Բալասանյանը:

Ինչ վերաբերում է Ֆոն դեր Լայենին Ալիեւի կոշտ պատասխանին, մեր զրուցակիցը կարծում է, որ այդպես նա իր «պարտքն» է վերադարձնում եվրոպական իսթեբլիշմենտին: «Եվրոպան Ալիեւին պետք է Պրահայում՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել տալու համար: Այդ ժամանակ Եվրոպան լավն էր, ու նրա հետ Ալիեւը լուրջ գործընկեր էր, հիմա, երբ նա ամեն ինչ ստացել է, Ալիեւի նման ոչ լեգիտիմ ու մարդու իրավունքները ոտնահարող ղեկավարն իրեն կարող է նման արտահայտություններ թույլ տալ եւ, որ ամենացավալին է, մնալ անպատիժ»,- ասում է միջազգայնագետը:

Հայաստանն այս իշխանությամբ, մեր զրուցակցի համոզմամբ, տարածաշրջանում գործոն լինելու հավակնություն ունենալ չի կարող: Այս ամբողջ ընթացքում երկիրը կորցրել է տարածաշրջանում լիդեր լինելու փոքր հնարավորությունն անգամ: «Մենք լիդեր կարող էինք լինել տարածաշրջանում, երբ ունեինք Արցախ, ունեինք 45 հազար ք/կմ, երբ վերահսկում  էինք արաքսամերձ հովիտը՝ Իրանի հետ սահմանին, եւ երբ ուղիղ սպառնալիքի տակ էին ադրբեջանական Հորադիզ կայարանն ու այլ ենթակառուցվածքներ: Հիմա Հայաստանը կորցրել է այդ ամենը ու չունի հնարավորություն՝ փորձելու ցույց տալ, որ տարածաշրջանում կարող է լիդեր լինել կամ իր խոսքը լսելի դարձնել անգամ տարածաշրջանի երկրներին: Ցավոք սրտի եմ սա ասում, բայց սա գործող իշխանությունների արտաքին քաղաքականության բացթողումն է, որը ոչ մի կերպ չեն կարողանում լրացնել»,- ցավոտ արձանագրում է անում միջազգայնագետը:

«Հրապարակ». Ջունգլիների օրենքով

Translate »