Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» հարցազրույցում ասել է, որ չի կիսում տարածքային ամբողջականության մասին Ղազախստանի նախագահ Տոկաևի դիրքորոշումը:
Պարբերականի լրագրողը մեջբերել է Ղազախստանի նախագահի այն միտքը, որ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված ինքնորոշման իրավունքը հակասության մեջ է երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության մասին սկզբունքի հետ և եթե աշխարհն առաջնորդվի առաջինի գերակայությամբ, ապա պետք է 600 պետություն ստեղծվի, իսկ «դա քաոս է»:
Ի պատասխան Լավրովն ասել է, որ Մոսկվան ժամանակին իր դիրքորոշումը «ներկայացրել է Աստանային»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ընդսմին, հղում է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1970 թվականին ընդունած «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրին, որ ճանաչված է որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ունիվերսալ մեկնաբանություն:
Լավրովն արդարացիորեն ընդգծել է, որ այդ հռչակագրի իմաստով երկրի տարածքային ամբողջականությունը լեգիտիմ և անձեռնմխելի է, եթե տվյալ պետությունը հարգում է ինքնորոշման իրավունքը և ներկայացնում է ամբողջ բնակչությանը: Այո՛, այդ փաստաթղթում նման հստակ ձևակերպում կա, հռչակագիրը երբևէ չի վերանայվել, լրացումների և փոփոխությունների չի ենթարկվել, առայսօր մնում է ուժի մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ինչո՞ւ է Ղազախստանի նախագահին հակադարձել «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի շուրջ կեսդարյա վաղեմության հռչակագրից իրավական ուժ ունեցող մեջբերումով, հասկանալի է. Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունը չի ներկայացնում Ղրիմի, Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ռուս ու ռուսախոս բնակչությանը, չի հարգել նրա ինքնորոշման իրավունքը, ուստի սեցեսիան օրինական է:
Լավրովը, իհարկե, իրավիճակը խեղաթյուրում է: Բանն այն է, որ ուկրաինական նշված մարզերի և Ղրիմի բնակչությունը մասնակցել է Ուկրաինայի անկախության հանրաքվեին, սահմանադրության ընդունմանը, անկախ պետության ինստիտուտների ձևավորմանը, նախագահի և Գերագույն ռադայի, Ղրիմի Գերագույն խորհրդի ընտրություններին: Միջազգային իրավունքի իմաստով դա ինքնորոշման իրավունքի իրացում է:
«Կոմերսանտն» այս նուրբ հարցի շուրջ ինչո՞ւ է թիրախ ընտրել Ղազախստանի, ոչ թե Ադրբեջանի նախագահին: Տառացիորեն մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին, իսկ Ռուսաստանի հսկողության ներքո ուկրաինական տարածքներն անվանել օկուպացված: Տոկաևը թիրախավորվել է, որպեսզի զգուշանա, մի օր էլ Ղազախստանի հյուսիսային մարզերի ռուս բնակչությունը կարող է «ինքնորոշվել»:
Իսկ Իլհամ Ալիևին խնայել են, որովհետև այդ դեպքում ՄԱԿ-ի «Միջազգային իրավունքի մասին» հռչակագրի հիշատակումը պարզապես ցինիզմ կլիներ: Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, ավելին՝ բռնաճնշել է, իսկ նրա իշխանությունը երբեք չի ներկայացրել ԼՂ հայ բնակչությանը:
Լավրովի վկայակոչած հռչակագրի իմաստով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն լեգիտիմ չէ, հարգման ենթակա չէ, և ԼՂ նրանից անջատումը միանգամայն օրինական է:
Ահա այստեղ է, որ Արցախից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար հայ բնակչության ընտրված ներկայացուցիչները,- այդ մանդատը միջազգայնորեն ճանաչված է, – պետք է Լավրովի «լեզվից բռնեն»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Ստեփանակերտի քաղաքական վերնախավին գործելու լուրջ հնարավորություն է ընձեռել:
Հարց է, թե ինչո՞ւ այն տեղին և նպատակային չի օգտագործվում: Փոխարենը բռնատեղահանվածների իրավունքների պաշտպանության կազմակերպիչները պահանջագիր են ներկայացնում Հայաստանի ԱԳՆ-ին: Իսկ Լավրովը գուցե նաև Ստեփանակերտի՞ն է «հուշում արել»: Ինչո՞ւ չփորձել պարզել:
Բաց մի թողեք
Ալիևը կրկին նախընտրել է «հենվել Պուտինի ուսին»
Վարդան Ղուկասյանը 2026 թ.-ին կարող է գլխավորել ՀՅԴ ցուցակը. Հետո՞ ինչ, որ ժամանակին ալերգիա ուներ շիրակցի դաշնակներից
Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Լուսանկար