Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով հերթական անգամ ազդարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունը:
«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա իր գրառման մեջ փորձել է հիմնավորել, որ չկա պատերազմի և էսկալացիայի որևէ պատճառ ու առիթ, եթե Ադրբեջանը չի փնտրում այդպիսին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ շարադրել է իր հայտնի մոտեցումները:
Թե ինչո՞ւ է առաջացել դրանք վերստին արտահայտելու անհրաժեշտություն, դժվար է ասել միարժեք: Արդյո՞ք դա կարող է պայմանավորված լինել Անթալիայի դիվանագիտական ֆորումում կայացած Միրզոյան-Բայրամով և Միրզոյան-Ֆիդան հանդիպումներով:
Այս համատեքստում Փաշինյանի գրառման մեջ ուշադրության է արժանի ձևակերպումը, որ վերաբերում է հենց «համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ մտնելուն»: Տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցության ավարտը ինքնին չի նշանակում քննարկումների փուլ:
Դա չի կարող լինել ավտոմատ, եթե, իհարկե, հայ-ադրբեջանական այդ պրոցեսը արհեստական բանականության տիրույթում ռոբոտացված պրոցես չէ: Իսկ այդպիսի նշաններ, համենայն դեպս, չկան:
Հետևաբար, եթե հայտարարվում է «քննարկումների փուլ մտնելու» մասին, տրամաբանությունը հուշում է, որ կողմերի միջև սկսել է քննարկում ստորագրման թեմայով: Ընդ որում՝ դրա մեկնարկի հավանականության վերաբերյալ դիտարկումներ արել եմ օրեր առաջ, թե՛ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի Երևան, հետո Բաքու այցի համատեքստում՝ ելնելով Բաքվում արած որոշ հայտարարություններից, թե՛ տևական դադարից հետո Անթալիայում Միրզոյան-Բայրամով հանդիպման:
Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումը հնարավոր է համարել հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչ», որի հասցեատերը, թերևս, Հայաստանի հանրությունն է: Սակայն էական է այն, թե ինչ բովանդակություն և բաղադրիչներ կարող է ունենալ քննարկումը հետնաբեմում, որտեղ թերևս ծավալվելու է դրա հիմնական մասը:
Բաց մի թողեք
Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի ենթադրում Հարավային Կովկասից Ռուսաստանի արտամղում
Եվրամիության պատկերացումները Հայաստանի վերաբերյալ՝ փշերը Երևանի համար լուրջ խնդիր են
Իրական լարվածությու՞ն է, թե՝ «մեծ խաղի նախերգա՞նք», ինչ պետք է անի Հայաստանը