«Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել…». ահա այսպիսի՝ ասմունքի ու աղոթքի, ջրիկ ու տափակ հումորների, ծափ ու ծիծաղի, հրճվանքի ճիչերի, մի խոսքով՝ «Լենին, պարտիա, կոմսոմոլ» մթնոլորտում տեղի ունեցավ Գյումրիի համայնքի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց։
Քաղաքական կրկեսն, այո, չշեղվեց սցենարով նախատեսված ընթացակարգից ու ընտրեց իր գլխավոր «ջոկերին»՝ Կոմկուսի ցուցակը գլխավորած, Գյումրին 13 տարի կառավարած, իր դեմ իրականացված մահափորձից հետո մարմնում դեռևս 5 «ասկոլկա» կրող, շալակին էլ քրեական գործ ունեցող, կյանքը հրապարակ՝ «ոտքի կոխան ամենքի» սարքած Վարդան Ղուկասյանին։ Արժանի՞ է ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքն այս ընտրությանը՝ թող դատեն գյումրեցիները, որոնց մեծ մասը (17 հազար188 ընտրող), նկատենք, ձայն էին տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանին։
Բայց, փաստորեն, ստիպված են «վայելել» 9 հազար 727 քվե ստացած Ղուկասյանի քաղաքապետությունը, քանի որ ընտրություններին մասնակցած մեկ այլ թեկնածուի՝ Մարտուն Գրիգորյանի սկզբունքայնությունը, թասիբն ու պատվախնդրությունը ճակատագրական պահին… «սբոյ» տվեցին։ Հենց վերջինիս գլխավորած քաղաքական ուժի ավագանու անդամների քվեարկության շնորհիվ էլ նրա երբեմնի ախոյանը ստանձնեց համայնքի կառավարումը, թեև Գյումրիի արժանավայել կառավարման համար մղվող պայքարը կարող էր այլ ընթացք ստանալ՝ վերաքվեարկության, այն է՝ արտահերթ ընտրությունների տեսքով։
Բայց ոչ, Մարտուն Գրիգորյանը որոշեց հանձնել իր սիրելի Գյումրին այն սուբյեկտին, որի դեմ պայքարում մի անգամ՝ հեռավոր 2008-ին, պարտվել էր, իսկ 2025-ին, փաստորեն, գործող ընտրակարգի պայմաններում համայնքի կառավարմանը մաս կազմելու մանդատ ստանալով որոշեց այն «ի չարս» գործի դնել։ «Չար» ասելով, ի դեպ, Գրիգորյան գերդաստանը միանգամից հասկանում է իրենց «հավիտենական թշնամուն»՝ Ղուկասյանին։
Գյումրիի հետընտրական թնջուկի այսպիսի հանգուցալուծումը, անխոս, կրկնակի խայտառակություն է անձամբ Մարտուն Գրիգորյանի համար։ Նա, փաստորեն, թույլ տվեց իր երկրորդ ճակատագրական սխալը։
Առաջինը ընտրապայքարի մեջ մտնելն էր առանց պատգամավորի մանդատը վայր դնելու, որի դեպքում նա կդիտարկվեր որպես ազատ, որևէ քաղաքական ուժից կամ ղեկավարից կախում չունեցող թեկնածու և, համոզված ենք, շատ ավելի մեծ թվով քվեներ կստանար, քան ՊՈՒ խմբակցության պատգամավորի մանդատը պահելու և Սերժ Սարգսյանի հետ նույնացվելու պայմաններում ստացավ։
Երկրորդ սխալը ավագանու մանդատից հրաժարումն էր. սպասվում էր, որ Գյումրիի քաղաքապետի աթոռի համար հերթական անգամ կռիվ տված ու գյումրեցիների աջակցությամբ այս կռվի կեսն անցած Մարտունիկը գլխով անցածից հետո կթքի պատգամավորի մանդատի վրա ու կռիվն այսուհետ կշարունակի արդեն ավագանու անդամի կարգավիճակում։
Բայց ոչ, նա գերադասեց ԱԺ պատգամավորի բուտաֆորիկ, այսինքն՝ ԱԺ նիստերին զուտ ներկա «ստանալու, ելույթներ չունենալու, օրենքի նախագծեր չներկայացնելու, իր քվեարկությամբ ԱԺ քվեարկության ընդհանուր պատկերի վրա որևէ ազդեցություն չունեցող մանդատն ու կարգավիճակը՝ զոհաբերելով Գյումրիի կառավարման վրա վճռորոշ ազդեցություն ունենալու, գյումրեցիների խնդիրների լուծման համար քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ «տետ ա տետ» ռինգ դուրս գալու, «քյալլա տալու» և վերջապես նրա նկատմամբ բարոյական (և մնացած) հաղթանակները տանելու բացառիկ հնարավորությունը։
Արդ, Մարտուն Գրիգորյանը Գյումրիի ավագանու աշխատանքներին կհետևի «օնլայն», այս կամ այն հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն էլ կհայտնի ոչ թե անձամբ՝ Վարդանիկի աչքերի մեջ նայելով, այլ միջնորդավորված՝ ավագանու անդամի մանդատը վերցրած իր որդի Կարենի և ավագանու մյուս անդամների միջոցով։ Արձանագրենք, որ գյումրեցիներն իրենց ձայները տվել էին ոչ թե «Մեր քաղաքը» դաշինքի երկրորդ և հաջորդող համարներին, ասենք՝ ԱՁ տնօրեն Սվետլանա Ադամյանին, ոչ մի տեղ չաշխատող Հովհաննես Գևորգյանին, իր՝ Գրիգորյանի օգնական Լիզա Գասպարյանին, ոչ էլ նույնիսկ պատգամավորի բիզնեսմեն որդի Կարենին։ Այդ ձայները տրվել էին հենց իրեն՝ Մարտուն Գրիգորյանին, ինքն էլ, փաստորեն, որոշեց վերցնել ու իր «ազիզ խաթեր» տրված ձայներով քաղաքապետ կարգել Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ, մեղմ ասած՝ բարի համբավ չունեցող, իրենց գերդաստանի հետ արյան կոնֆլիկտ ունեցող Վարդանիկին։
Լավ, ինչպես ասում են, Մարտուն Գրիգորյանին հանգիստ թողնենք իր խայտառակության հետ, դառնանք ՔՊ-ին «իշխանազրկելու» գործընթացի մյուս պերսոնին՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին։ Դե… նրան, որն իր նախընտրական ծրագրում խոսում էր Գյումրիի արկածախնդիր կառավարիչների, հայրաքաղաքը «կթու կով» սարքածների մասին։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում զետեղել է իր ու «Իմ հզոր համայնք»-ի ավագանու մյուս երկու անդամների համատեղ՝ լայնարձակ ժպիտով լուսանկարն ու կից գրել. «Գյումրին ունի նոր քաղաքապետ և ավագանի: Սիրելու ու արարելու քաղաքից փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան: Հայրաքաղաքը Մայրաքաղաքին սիրեԳը»:
Մեծ է գայթակղությունն արձագանքելու՝ «Քամուց քշվածները»։ «Քաղքի տղա» Ռուբոն, ինչպես ասում են, դեռ տաք է՝ «Պյուռոսյան հաղթանակի» շորշոփը հենց թողնի, կհասկանա, որ ինքն ու իր ընդդիմադիր գործընկերները այսօր քամի ցանեցին, իսկ վաղը ստիպված են լինելու փոթորիկ հնձել։ Վարդան Ղուկասյանի՛ սանձազերծած քամիներն ու զեփյուռները, փոթորիկներն ու մրրիկները, թայֆուններն ու տոռնադոները, հողմերն ու բուռանները, բուքն ու բորանը, եթե կուզեք՝ «Պառվի ուլերն», ու այսպես շարունակ։
Ի դեպ, Ղուկասյանը քվեարկությունից՝ քաղաքապետ կարգվելուց հետո մոտեցել է միջանցքում լուրջ դեմքով ճեպազրույց տվող Մխիթարյանին, ձեռքսեղմումով փոխանակվել ու պատվել պրոդյուսերին, թե՝ «դուք ինձ մոտ հարգանք եք վայելում»։ Ասել կուզի՝ «մերսի քեզ, Ռուբո ջան, որ խոսքիցդ չթռար, ձենդ ինձ տվիր։ Ա տամ դալշե բուդետ վիդնը»։ Ապա հիշեցրել է. «Էն երգդ չեմ մոռացել՝ ջիպդ տուր, կռուգ անեմ…»։ «Սաղ ըտեղից է սկսել, պարոն Ղուկասյան»,- քծնանքին քծնանքով է արձագանքել Մխիթարյանն ու հաջորդ վայրկյանին, նորից «լուրջ կուլ տալով», շարունակել լրագրողների հետ հարցուպատասխանը։ Կրկեսն իրոք խոստանում է դիտարժան լինել։ Ափսոս է Գյումրին։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ալիևը կրկին նախընտրել է «հենվել Պուտինի ուսին»
Վարդան Ղուկասյանը 2026 թ.-ին կարող է գլխավորել ՀՅԴ ցուցակը. Հետո՞ ինչ, որ ժամանակին ալերգիա ուներ շիրակցի դաշնակներից
Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը. Լուսանկար