22/05/2025

Ալիևը կրկին նախընտրել է «հենվել Պուտինի ուսին»

Բաքու- Գրոզնի չվերթի օդանավի կործանման հետ կապված ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառնությունն առերևույթ պահպանվում է: Անցյալ շաբաթ Մոսկվա է այցելել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալփովը:

Նրան նախ ընդունել են փոխարտգործնախարար Գալուզինի մակարդակով, ապա կայացել է Լավրով-Խալափով հանդիպում, իսկ ադրբեջանցի դիվանագետի առաքելությունը, հավանաբար, ամփոփվել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Ուշակովի հետ քննարկումներով:

Ըստ երևույթին՝ Խալափովը գործուղվել է, որպեսզի ճշտի մայիսի 9-ին նախատեսված՝ Ալիևի մոսկովյան այցի «քաղաքական բովանդակությունը»: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն Բաքվում Իլհամ Ալիևին է փոխանցել Վլադիմիր Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը»: Հավանական է, որ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալափովը պատասխան ուղերձ է տարել Մոսկվա:

Այս ֆոնին ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները չափազանց ուշագրավ տեղեկություն են տարածել: Մեկ ամիս առաջ ադրբեջանական մամուլում շատ ժլատ տեղեկություն է տարածվել, որ Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որ կարճ ժամանակամիջոցում մարվել է:

Մոտ երկու շաբաթ հետո հաղորդվել է, որ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախուզությունը քրեական գործ է հարուցել:

Այժմ պարզվում է, որ ավելի քան մեկ ամիս է՝ գործարանը չի աշխատում, իսկ վերականգնողական աշխատանքները կարող են ամիսներ տևել: Որքանով հասկացվում է, հրդեհված գործարանը միակն է, որ նավթ է վերամշակում և արտադրում բենզին, դիզելային վառելիք, ինչպես նաև բիտում:

Բաքվի մամուլը տեղեկացնում է, որ նավթավերամշակման գործարանի անսարքության պատճառով զգալիորեն նվազել են բենզինի և դիզելային վառելիքի պահուստային պաշարները, և Socar-ն սկսել է Ռուսաստանից վառելիք ներկրել:

Խոսքն ի՞նչ ծավալների մասին է, մանրամասնություններ հայտնի չեն, բայց տեղեկատվությունից հասկացվում է, որ ներկրված բենզինը և վառելիքն անմիջապես առաքվում են բենզալցակայաններին: Ադրբեջանը եվրաչափանիշներին համապատասխանող բենզին և դիզվառելիք ներմուծում է արտերկրից, Բաքվի նավթավերամշակման գործարանի արտադրանքը հիմնականում սպառում են միջին խավի մարդիկ:

Կարելի է պատկերացնել, թե սոցիալական ինչ խնդրի առջև կկանգներ Իլհամ Ալիևի կառավարությունը, եթե ճգնաժամային պահին Ռուսաստանի նախագահ Պուտինը նրան օգնության ձեռք չմեկներ:

Իսկ որ Ադրբեջանին բենզին և դիզվառելիք մատակարարելու որոշում կայացվել է Պուտինի մակարդակով, կասկածել պետք չէ: Ռուսաստանն ինքը նավթավերամշակման գործարանների հետ կապված լրջագույն խնդիրներ ունի, դրանք պարբերաբար ենթարկվում են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների, ինչի հետևանքով տրանսպորտային վառելիքի արտադրության ծավալները զգալիորեն կրճատվել են:

Իսկ եթե հավելենք, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է, և բանակը հսկայական քանակության բենզին և դիզվառելիք է խժռում, ապա կստացվի, որ Պուտինը փաստացի սեփական պահուստների մի մասը հատկացրել է Ալիևին, որպեսզի նրան ապահովագրի ներքին շատ հավանական բարդություններից:

Այս իրավիճակը ռուս-ադրբեջանական հարաբերություների իրական պատկերի հստակ ցուցիչն է: Եվ սա այն դեպքն է, երբ իրոք պետք է ուշադրություն դարձնել ոչ թե քաղաքական գործիչների սույնրոպեական հայտարարություններին, այլ՝ նրանց առարկայական որոշումներին և ձեռնարկած կոնկրետ քայլերին: Խալափովի հետ բանակցություններում Սերգեյ Լավրովը շեշտել է, որ կողմերը պետք է հավատարիմ մնան ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մասին նախագահների մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթներին:

Այդ փաստաթուղթը Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Մոսկվայում ստորագրել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից երկու օր առաջ: Դա չափազանց խոսուն փաստ է: Ալիևին ապահովագրելով բենզինի և դիզվառելիքի դեֆիցիտից՝ Վլադիմիր Պուտինը, անկասկած, նրա Մոսկվա այցի համար բարեկամական մթնոլորտ է ստեղծում:

Մյուս կողմից կանհայտ է, որ նախաձեռնությունը Բաքվից է: Ալիևը կարող էր դիմել Ղազախստանի, Թուրքմենստանի կամ Իրանի օգնությանը, բայց նախընտրել է «հենվել Պուտինի ուսին»: